Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Նահանգները թալիբների հետ բանակցում է

Հունիս 21,2011 00:00

\"\"ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հաստատել է, որ Աֆղանստանում թալիբների հետ «նախնական» բանակցություններ են վարվում՝ ընդգծելով, որ «բոլոր պատերազմներին վերջ կարելի է դնել միայն քաղաքական ճանապարհով»: BBC-ի մատուցմամբ, Միացյալ Նահանգները առաջին անգամ պաշտոնապես ընդունել է թալիբների հետ բանակցությունների փաստը, եւ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ինքն է հայտարարել խաղաղ բանակցությունների մեկնարկի մասին:
Հիշեցնենք, որ Աֆղանստանից ամերիկյան 97 հազար զինծառայողների դուրսբերումը պետք է մեկնարկի հուլիսին: Իսկ մինչեւ 2014-ն արդեն նախատեսվում է Աֆղանստանի անվտանգության ապահովումը աստիճանաբար փոխանցել աֆղանական հատուկ ծառայություններին:
«Բանակցությունների նախաձեռնությամբ հանդես են եկել մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն»,- հայտարարել է Գեյթսը՝ CNN-ի հետ զրույցում, ձեռնպահ մնալով մատնանշել այդ երկրները: Նա միայն հավելել է, թե թալիբների հետ բանակցությունները գտնվում են սկզբնական փուլում. «Ըստ իս, հաշտության հասնելու ուղղությամբ ռեալ բանակցությունները ձմռանից շուտ չեն լինի: Ես միշտ՝ անհրաժեշտության դեպքում, պատերազմի կողմնակից կլինեմ, բայց ավելի զգուշավոր եմ պատերազմի ընտրության հարցում»:
Մինչդեռ Համիդ Քարզայը շաբաթ օրը հայտարարել է, որ աֆղանական ներկայացուցիչների եւ ԱՄՆ-ի ու «օտարերկրյա զինվորականների» մասնակցությամբ բանակցությունները «բավականին հաջող» են ընթանում:
Այս հայտարարությանը հաջորդել էր այն, որ թալիբները պատասխանատվություն էին ստանձնել Քաբուլում մահապարտ-ահաբեկչի հարձակման համար, որի արդյունքում 9 մարդ զոհվել եւ 12-ը վիրավորվել էին:
Մինչ այս՝ թալիբների ղեկավարությունը համաձայնել էր խաղաղ բանակցություններ սկսել բացառապես աֆղանական կառավարության հետ եւ միայն Աֆղանստանից օտարերկրյա զինվորականների դուրսբերումից հետո: Բայց հիմա, փորձագետների կարծիքով, թալիբների այդ դիրքորոշումը փոխվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել