Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ՉԻ ՄՐՑԱԿՑԻ

Հունիս 21,2011 00:00

\"\"ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը քիչ հավանական եւ «վնասակար» է համարել երկրորդ ժամկետի համար իր թեկնածության առաջադրումը Ռուսաստանի նախագահական ընտրություններում, եթե այդ ընտրություններին մասնակցելու որոշում ընդունի վարչապետ Վլադիմիր Պուտինը: Reuters-ի մատուցմամբ, երկուշաբթի օրն այդ մասին հայտարարել է Մեդվեդեւը՝ բրիտանական The Financial Times թերթին տված հարցազրույցում, հերթական անգամ խույս տալով հստակ պատասխանել՝ իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է 2012-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները ՌԴ-ում տեղի են ունենալու 2012-ի մարտին, եւ նոր նախագահը պաշտոնավարելու է 6 տարի ժամկետով: «Գիտեք, դա արդեն ինչ-որ խաղ է»,- բացատրել է 46-ամյա Մեդվեդեւը՝ առաջարկելով «մի քիչ էլ համբերել եւ մի որոշ ժամանակ էլ պահել այս ինտրիգը. դա հետաքրքիր կլինի»:
Վերլուծաբաններն ասում են, որ Մեդվեդեւը՝ չնայած երեք տարիների ընթացքում առաջարկած խելամիտ քայլերին, դրանք կենսագործելու համար քաղաքական կամք չունի: Շաբաթ օրը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած տնտեսական համաժողովի ժամանակ ՌԴ նախագահն իր ելույթում ընդդիմության օրինակով դատապարտել էր պետական կառավարման չափազանց կենտրոնացված համակարգը, որը ձեւավորվել է Պուտինի կառավարման տարիներին: Այդուհանդերձ, Մեդվեդեւը հիշեցրել է նաեւ, թե ինքն ու վարչապետ Պուտինը «արյունակիցներ» են:
Պատասխանելով այն հարցին, թե ինքը նախագահական ընտրություններում Պուտինի հետ միաժամանակ կառաջադրվի՞, ասել է, թե «դժվար է նման բան պատկերացնել». «Բանն այն է, որ մենք Վլադիմիր Պուտինի՝ իմ գործընկերոջ եւ հին ընկերոջ հետ բոլոր դեպքերում մեծմասամբ ներկայացնում ենք նույն քաղաքական ուժը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել