Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԸ՝ ԸՍՏ ԳԹԿ ՏՆՕՐԵՆԻ

Հունիս 21,2011 00:00

Դիմորդների մեծամասնությունն ընդունվել է

\"\"

Հայոց պատմություն եւ ֆիզիկա առարկաների քննություններով օրերս ավարտվեց ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը:
Չնայած պնդումներին, որ այս տարվա ընդունելության քննություններն անցնում են խաղաղ մթնոլորտում եւ առանց միջադեպերի, ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը այս անգամ էլ գոհ չէ քննություններից, մամուլում դրանց արձագանքներից, մինչեւ անգամ ԳԹԿ անձնակազմի աշխատանքներից:
Շաբաթ օրը ԳԹԿ-ում օտար լեզուներ առարկայի ընդունելության միասնական քննությունների բողոքարկումներն էին: Բողոքարկողներ չկային՝ ո՛չ Երեւանում եւ ո՛չ էլ մարզերում:
Գ. Խաչատրյանին մասնավորապես զայրացրել է հունիսի 17-ին կայացած հայոց պատմություն եւ ֆիզիկա առարկաների քննությունների ժամանակ ուշացած դիմորդին քննության թողնելու միջադեպը: Հիշեցնենք, որ դիմորդ Լեւոն Պողոսյանը քննության էր ներկայացել մեկնարկից երեք րոպե առաջ, մեկուկես ժամ առաջ ներկայանալու փոխարեն, եւ ստիպել կազմակերպիչներին ու պատասխանատուներին՝ իրեն ներս թողնել, ինչը կառավարության կողմից հաստատված կարգի խախտում է: Գ. Խաչատրյանը, նույն ժամին գալով քննակենտրոն, իր հետ դիմորդին մտցրել է քննասենյակ եւ թույլ տվել աշխատել: ԳԹԿ տնօրենի խոսքով, ինքը լավություն է արել, բայց դա հանրության կողմից թարս է հասկացվել. «ԳԹԿ անձնակազմը փորձել է շարժվել կարգով, ինչը ես ողջունում եմ: Բայց կան նաեւ նրբություններ, որ պետք էր հաշվի առնել: Ես այդ դիմորդին չէի ճանաչում: Աշխատակցուհուցս հարցրի նրա անունը, նույնիսկ չգիտեի՝ ո՞ր առարկայից է քննություն հանձնում: Գուցե դա խախտում էր, բայց ուղղակի մարդկային քայլ էր: Ինչ է՝ մարդկային որակներն այլեւս չե՞ն գնահատվում»:
Անդրադառնալով քննությունների ընդհանուր պատկերին եւ արդյունքներին, ԳԹԿ տնօրենն ասաց. «Ենթադրելի էր, որ դիմորդների պատրաստվածության մակարդակը բարձր չէ, դրան համապատասխան էլ, քննական թեստերը հեշտ էինք կազմել, որ նվազագույն շեմը գոնե հեշտ հաղթահարելի լիներ: Այսպես՝ կենսաբանություն առարկայի միջին միավորը 11.67 է, դրական շեմը չի հաղթահարել 22 դիմորդ: Ընդհանուր պատմության միջին միավորը՝ 11.48: 11-ը կտրվել է: Աշխարհագրությունից 3-ը չի հաղթահարել դրական շեմը, միջինը՝ 11.1 միավոր: Ամենածավալուն՝ հայոց լեզու եւ գրականություն քննությունը՝ 509 դիմորդով, չի հաղթահարել 25-ը: Միջին միավորը 12.8 է: Անգլերեն առարկայի միջին միավորը 9.73 է, առավելագույն միավորը՝ 19.50։ Ֆրանսերենի միջին միավորը 12.1 է, առավելագույնը՝ 18.25։ Գերմաներենի միջին միավորը 9.84 է, առավելագույն միավորը՝ 17.25։ Իսպաներենն էլ՝ մեկ դիմորդ եւ 20 միավոր: Քիմիայի միջին միավորը՝ 9.96, 16 դիմորդ կտրվել է, իսկ ռուսաց լեզվի միջինը 10.53 է, 15 հոգի դրական միավորի շեմը չի հաղթահարել»:
Գ. Խաչատրյանը շեշտեց, որ ամենավատ արդյունքն այս տարի գրանցվել է մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաներից. «Եթե շրջանավարտը թույլ է, ամենահեշտ թվացող առաջադրանքն էլ նրա համար բարդ կլինի: Օրինակ՝ մաթեմատիկայից դիմորդների շուրջ 67 տոկոսը չհաղթահարեց անհրաժեշտ շեմը: Այնտեղ կային առաջադրանքներ, որոնցում պետք էր ուղղակի ինչ-ինչ բանաձեւեր հիշել, բայց հավանաբար անգամ այդ բանաձեւերը շատերին ծանոթ չէին: Ֆիզիկայի քննության արդյունքներն էլ գոհացուցիչ չէին, ինչը եւս կանխատեսում էի. մաթեմատիկայի ֆոնի վրա դժվար չէր պատկերացնել՝ ֆիզիկայից ի՞նչ կստացվի: Եթե հանրահաշվից միջին միավորը 6.3 էր, ֆիզիկայի միջին միավորը 5.9 էր: 196 մասնակիցներից դրական շեմը չի հաղթահարել 154 դիմորդ: Հայոց պատմություն առարկայի ցուցանիշներն ավելի հուսադրող են: Հայոց պատմության միջին միավորը 11.9 է, դրական շեմը չի անցել 35-ը՝ 228 դիմորդից: Եթե նախորդ առարկաներից չենք ունեցել 20 միավոր, հայոց պատմությունից գրանցվել է 4՝ 20 միավոր: Ինձ նույնիսկ հետաքրքրեց, թե ովքեր են այդ 4 դիմորդները: Պարզվեց՝ հանրապետության տարբեր մարզերից էին»:
Գ. Խաչատրյանը նշեց, որ վատ արդյունքների շուքի ներքո, այնուամենայնիվ, դիմորդների հիմնական մասն ընդունվել է, դուրս մնացողները շատ քիչ են, որոնց համար ԳԹԿ-ն երկրորդ հնարավորություն է տվել՝ ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլ:
«Առավոտը» հնարավորություն ունեցավ տեսնել նաեւ ԳԹԿ պահեստը, որտեղ այժմ պահված են 2011 թ. ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի թեստերը: Ի դեպ, բացառելու համար դրանց արտահոսքը, ԳԹԿ տնօրենը պահեստի երկու տարբեր դռների բանալիներից մեկը հանձնել է ԳԹԿ անվտանգության աշխատակցին, մյուսը պահել իր մոտ: Նրա խոսքով, եթե անգամ մեկնումեկը ուզենա բացել պահեստը, առանց մյուսի իմացության չի կարողանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել