Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեկնածուն» զրպարտել է

Հունիս 21,2011 00:00

Ուսանողուհու նամակը՝ Գերմանիայից

Անունս Աննա Շավինյան է, ուսանում եմ Գերմանիայի Հումբոլդ համալսարանում: Գտնվելով Հայաստանից հեռու, այդուհանդերձ սերտ կապված եմ հայրենիքիս հետ, հետաքրքրված եմ նրա հասարակական-քաղաքական անցուդարձերով ու մտահոգված հայրենիքիս առջեւ ծառացած մարտահրավերներով: Ուստի պատահական չէ, որ հայկական թերթերի ընթերցանությունը առօրյայիս անբաժան մասն է կազմում: Ավելին, ինքս էլ հաճախակի թղթակցում եմ հայկական մամուլին:
Ցավոք, այսօր հաճախ ականատես ենք դառնում, թե ինչպես որոշ հայկական լրատվամիջոցներ՝ տարված լինելով «սենսացիաներ» որսալու մոլուցքով՝ անտեսում են թե լրագրական էթիկան եւ թե տպագրվող նյութի հավաստիության հանգամանքը: Հաճախակի ենք հանդիպում ստահոդ նյութերի հիման վրա պատվիրված հոդվածների: www.aravot.am-ը պատկանում է այն լրատվամիջոցներին, որը ես պարբերաբար ընթերցում եմ եւ դրա միջոցով փորձում ստանալ հավաստի տեղեկություն երկրում կատարվող անցուդարձից: Ուստի անչափ զարմացա ու վրդովվեցի, երբ հունիսի 14-ի «Առավոտում» կարդացի «Կոմսոմոլը մեղք չունի» վերնագրով նյութը: Ծանոթանալով դրան՝ պարզապես չէի կարող անտարբեր մնալ եւ չարձագանքել: Ըստ թերթի, նյութի հեղինակ է հանդիսանում, եթե, իհարկե, նման անձ իրականում գոյություն ունի, բանասիրական գիտությունների թեկնածու Գագիկ Սողոմոնյանը: Վերջինս ակնհայտ զրպարտում է ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Արմեն Մարտիրոսյանի անձն ու գործունեությունը՝ նրան ներկայացնելով բացահայտ անհեթեթ մեղադրանքներ:
Պարզապես ապշած եմ, թե իրեն հարգող գիտնականը ինչպես կարող է այդպես վերաբերվել իր իսկ սեփական անձին եւ առանց իրականությանը ծանոթանալու՝ սուտ տեղեկություններ տարածել օտար ափերում իր երկիրը ներկայացնող դիվանագետի մասին: Մեջբերում եմ՝ «Ամենազավեշտալին եղել է այն, որ դեսպանության աշխատակազմի աշխատավարձերի ցուցակում հայտնաբերվել է անուն-ազգանուն, որն ամիսներ չի աշխատել դեսպանությունում, սակայն նրա փոխարեն ստորագրել են եւ ստացել մշտապես աշխատավարձ: Իսկ դա, ոչ ավել եւ ոչ պակաս՝ ամսական 1000 եվրո գումարի մասին է խոսքը…… աշխատավարձերի ցուցակում առկա Գ. Հովհաննիսյանը այլեւս չի աշխատել դեսպանությունում, երբ նրա անվամբ պետական գումարներ են հափշտակվել»:
Եթե նյութի հեղինակի համար այս անհիմն բամբասանքը զավեշտալի է, ապա ինձ համար այն ուղղակի վրդովմունքի առարկա է եւ պարզապես անամոթություն: Փաստում եմ, որ Գ. Հովհաննիսյանից դեսպանությունում աշխատանքից ազատվելուց հետո, 2010թ. մայիսից մինչեւ հոկտեմբերը՝ մինչ մշտական աշխատակցի գործի ընդունվելը, աշխատել եմ որպես դեսպանության գործավար եւ օրենքով սահմանված կարգով անձամբ ստացել նախատեսված 1000 եվրո աշխատավարձ: Ավելին, հենց ինքը՝ Գ. Հովհաննիսյանն է ինձ փոխանցել ամբողջ գործավարությունը: Ինչ խոսք, ՀՀ արտգործնախարարությունը սահմանված կարգով դեսպանության կողմից տեղեկացվել է նշված կադրային փոփոխությունների մասին:
Չնայած իմ կարճատեւ աշխատանքային գործունեությանը, աշխատելով պարոն Մարտիրոսյանի հետ՝ ես մեծ փորձ եմ ձեռք բերել: Եվ առանց որեւէ վայրկյան վարանելու կարող եմ ասել, որ պատիվ եմ ունեցել աշխատել եւ քաղաքական աշխատանքի փորձ բերել ազնիվ մարդու, ազգասերի եւ հմուտ դիվանագետի հետ: Ինչը կարեւոր է երիտասարդ ուսանողի համար, որն իր առաջին քայլերն է կատարում ազգային-քաղաքական աշխատանքներում: Հույս եմ հայտնում, որ դասեր քաղելով այս պատմությունից՝ բանասիրական գիտությունների թեկնածուն այսուհետ կփորձի ավելի պարկեշտ դրսեւորել իրեն ընթերցողների հանդեպ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել