Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԱՆՊԱՅՄԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՎ

Հունիս 21,2011 00:00

Եթե գտնում եք, որ մամուլը ձեզ զրպարտել կամ վիրավորել է, կբավարարվե՞ք, արդյոք, հրապարակային ներողությունով, թե՞ անպայման դատարանի միջոցով դրամական փոխհատուցում կպահանջեք:

Դժվար է ասել, թե ինչպես կպատասխանեն այս հարցին հայաստանցիները, բայց Մեծ Բրիտանիայում անցկացրած հարցումների արդյունքներով՝ քաղաքացիների 77 տոկոսը պատրաստ է ընդունել լրատվամիջոցի ներողությունը եւ հրաժարվել փոխհատուցումից: Միգուցե նաեւ այս վիճակագրությունը հաշվի առնելով է Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Քեն Քլարկն առաջարկել՝ օրենսդրորեն սահմանենք, որ լրատվամիջոցի դեմ դատական հայց ներկայացնելուց առաջ քաղաքացին պարտավոր է դիմել Մամուլի դեմ բողոքների հանձնաժողովին:
Այս տարի լրանում է մամուլին ներկայացվող բողոքները քննարկող բրիտանական այս անկախ մարմնի 20֊ամյակը: Նրա գործունեության սկզբունքը շատ հստակ է՝ թե հասարակությունը, թե մամուլը պետք է վստահ լինեն, որ հաշվի են առնվելու բոլորի շահերը՝ եւ լրատվամիջոցի, եւ այն մարդու, որը գտնում է, թե լրատվամիջոցն իրեն վարկաբեկել է կամ վիրավորել: Հանձնաժողովը, որը որեւէ կապ չունի կառավարության հետ, բաղկացած է 17 անդամներից: 7֊ը տարբեր թերթերի խմբագիրներ են: Արդեն կանխատեսելի է ընթերցողի թերահավատ ժպիտը՝ «Պարզ չէ՞, որ լրագրողի կողմն են բռնելու»: Բայց նախ՝ խմբագիրները հանձնաժողովում փոքրամասնություն են կազմում, եւ երկրորդ՝ նրանք իրավունք չունեն մասնակցել իրենց թերթերին ներկայացվող բողոքների վերաբերյալ որոշումների կայացմանը:
Իսկ մնացած 10 անդամները հասարակության ներկայացուցիչներ են, որոնք որեւէ առնչություն չունեն մեդիայի հետ: Հանձնաժողովի ներկա կազմում ընդգրկված են՝ համալսարանի պրոֆեսոր, նախկին պատգամավոր, հաշվապահ, ընկերության ղեկավար, քրեական դատարանի նախկին դատավոր եւ այլք: Անկախ հանձնաժողովն այժմ ղեկավարում է բարոնուհի Բասքոմբը: Բոլոր անդամների թեկնածությունները լրատվամիջոցների օգնությամբ դրվում են հասարակական քննարկման եւ, փաստորեն, ընդունվում են հանրային կոնսենսուսով:
Ի դեպ, վերջերս հանձնաժողովի մասին դրվատանքով է արտահայտվել վարչապետ Դեյվիդ Քամերոնը:
Իհարկե, եթե դուք գտնում եք, որ ձեր բարի համբավն արատավորել կամ վիրավորել են եւ անպայման ցանկանում եք փող ստանալ, ինչպես դա արվում է Հայաստանում, պետք է դատարան դիմեք, որովհետեւ առավելագույնը, ինչ կարող է անել հանձնաժողովը՝ պարտադրել թերթին ընդունել իր սխալը եւ անպայման զետեղել «ապաշխարանքը» երեւացող տեղում: Ամենավերջին օրինակը: Շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Շերիլ Քոլը բողոքել էր ոչ պակաս հայտնի օրաթերթերից մեկի՝ «Դեյլի Մեյլի» դեմ, որը գրել էր, թե Շերիլը մտադիր է տեղափոխվել Լոս Անջելես եւ բնակվել իր ծանոթ երաժշտի տանը: Կարելի էր, իհարկե, վարկաբեկվածի կեցվածք ընդունել եւ դատարանի միջոցով մի 6 միլիոն պահանջել: Բայց հանձնաժողովը գտավ, որ երգչուհին արդարացի է, եւ թերթն էլ անմիջապես գրեց. «Ուրախ ենք հստակեցնելու, որ Շերիլը իր ծանոթ երաժշտի տանն ապրելու որեւէ մտադրություն չունի»: Ու վերջ:
Արձագանքելով արդարադատության նախարարի նախաձեռնությանը, «Գարդիանի» մեկնաբանը հարցադրում է անում՝ եթե բողոքավորին այսուհետեւ պարտադրեն դատարան գնալուց առաջ նախ դիմել հանձնաժողովին, կկարողանա՞, արդյոք, հանձնաժողովը կատարել առաջին ատյանի դերը: Եվ ինքն էլ պատասխանում է. ամենայն հավանականությամբ՝ կկարողանա…
Ի դեպ, բրիտանական թերթերն իրենք են հոգում հանձնաժողովի բոլոր ֆինանսական կարիքները, եւ դա արվում է կամավորության սկզբունքով: Ավելի ճիշտ՝ սկզբունքը հետեւյալն է. չես ուզում մուծել, մենք էլ քեզանով այլեւս չենք զբաղվի, թող բողոքողները քո դեմ դատական հայցեր ներկայացնեն: Եվ դրա օրինակը կա՝ այս տարվա սկզբին բարոնուհի Բասքոմբը հայտարարեց՝ Northern & Shell մեդիա ընկերությունը չի մուծում խոստացած գումարը, մենք էլ նրա հետ կապված հարցերով այլեւս չենք զբաղվելու:
Ասենք նաեւ, որ շատերը հորդորում են՝ ավելի մեծ լիազորություններով օժտեք այս մարմինը: Անցած տարի, օրինակ, պառլամենտական հանձնաժողովը առաջարկեց՝ լուրջ խախտման դեպքում այս մարմինը պետք է իրավունք ունենա նույնիսկ դադարեցնելու մեղավոր ճանաչված թերթի հրատարակումը:
Համենայնդեպս, առայժմ մամուլի եւ քաղաքացիների միջեւ միջնորդի դեր կատարող այս անկախ մարմնի գլխավոր զենքը վստահությունն է, ինչը, համաձայնեք, ամենակարեւորն է միջնորդական առաքելության համար:
Հնարավո՞ր է, արդյոք, բրիտանական այս փորձի կիրառումը Հայաստանում, որտեղ անկախությունից հետո բոլոր իշխանությունների գործունեության արդյունքում կորել է գլխավորը՝ մարդկանց ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ամեն ինչի նկատմամբ: Միգուցե արժե՞, այնուամենայնիվ, փորձել եւ սկսել հենց չորրորդ իշխանությունից:
Եթե գիտենք, թե որտեղից է սկսում հոտել ձուկը, միգուցե պարզվի նաեւ, որ այդ ձկան վերակենդանացման գործընթացը հնարավոր է սկսել պոչից՝ վերջին իշխանությունից… Մեկ էլ տեսար մնացած երեք իշխանություններն էլ առողջացման նշաններ ցույց կտան: Ու մի օր էլ գլխին կհասնենք…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել