Բաց նամակ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Խնդրում եմ Ձեզ՝ օգնեք, որպեսզի լույս սփռվի այս անարդար դատավարության վրա, արդարություն եմ խնդրում, եթե կարող եք, եթե ի վիճակի եք, խնդրում եմ օգնեք գտնեմ այդ արդարություն կոչվածը, որն այդքան դժվար է գտնել։
Հարգարժան նախագահ, որդուս՝ Ահարոն Հակոբյանին դատապարտել են 13 տարի 7 ամիս ազատազրկման, մեղադրում են մի հանցանքի մեջ, որում ինքը ընդհանրապես չկա։
2006 թ. ամռանը կատարվել է «Արդշինինվեստբանկից» գողություն։ Ահարոնին չեն մեղադրում գողության մեջ, այլ մեղադրում են ավազակային հարձակման մեջ։ Իբրեւ թե բանկի գողությունից 20 օր առաջ հարձակվել են բանկի հերթապահ ոստիկան Կնյազ Ենոքյանի վրա, բայց իրականում այդպիսի բան չի կատարվել։ Իրականում բանկի գողությունից 20 օր առաջ Արթուր Խանոյանը եւ Արթուր Բաբայանը ժամը 21։00-ի սահմաններում գտնվել են բանկի հարակից այգում։ Այդ նույն ժամին բանկից դուրս է գալիս հերթապահ ոստիկան Կնյազ Ենոքյանը՝ դիմացի խանութից պաղպաղակ գնելու։ Լսելով այգուց եկող խոսակցության ձայներ՝ գնում է դրա ուղղությամբ եւ հրամայում, որ տղաները հեռանան, ասելով, որ սա բանկի տարածքն է եւ նրանք այդ ժամին իրավունք չունեն այդտեղ գտնվելու։ Տղաները չեն ենթարկվել ոստիկանին, վիճաբանել են՝ ասելով, որ այգին հանրային է եւ բանկի սեփականությունը չէ։ Կնյազ Ենոքյանը թողնում-հեռանում է։ Այս միջադեպը նախաքննական մարմինները անվանեցին ավազակային հարձակում եւ սկզբում ասացին, թե օգտագործել են փայտ, հետո փայտը «դարձրին» ատրճանակ, իսկ հետո՝ ինքնաձիգ։ Կնյազ Ենոքյանը դատարանում նշեց, որ ենթադրում է՝ իր դեմ կիրառվել է ավտոմատ, սակայն ավտոմատ չի եղել, քանի որ դա լոկ Կ. Ենոքյանի ենթադրություններն էին։ Դատարանում Ահարոն Հակոբյանը հարց ուղղեց Կնյազ Ենոքյանին.
– Խնդրում եմ ինձ ուշադիր նայեք, ես նմա՞ն եմ այգում գտնվող տղաներից որեւիցե մեկին։
Ոստիկանն ասաց՝ ոչ, նման չի, որովհետեւ նրանք բարձրահասակ էին, իսկ Ահարոնի հասակը չի համապատասխանում նրանց հասակին, որն էլ դատարանում պարզ երեւում է, եւ ձայնն էլ նման չէ։
Ընդմիջման ժամանակ դատախազ Մանուչար Մարտիրոսյանը մոտեցավ տուժող համարվող ոստիկան Կնյազ Ենոքյանին, սկսեց ահաբեկել, ասելով՝ «ես հենց հիմա կարող եմ քեզ ձերբակալել, որ աշխատանքի ժամին բանկից դուրս ես եկել, որի իրավունքը չունեիր, եթե չես ցանկանում ձերբակալեմ, պետք է ասես՝ Ահարոնն էր»։ Ոստիկանն ասում է՝ Ահարոնը չի, ինչպես ասեմ, որ նա է:
Հարգելի նախագահ, դատախազ Մանուչար Մարտիրոսյանը միջանցքում ոտքի վրա կազմեց մի սցենար եւ մատուցեց Կնյազ Ենոքյանին, ասելով՝ ոնց ասում եմ, այնպես էլ կասես, ասա, որ հարթ տարածքի վրա կանգնած չեք եղել, որ դու ներքեւում ես կանգնած եղել, իսկ նրանք բարձր դիրքում են կանգնած եղել, դրա համար էլ բարձրահասակ են երեւացել, որ ճանաչեցի՝ նրանցից մեկը Ահարոնն էր։ Գիտեմ, որ շատ հեռվից ես գալիս, այնպես կանեմ, որ էլ չգաս։ Դատախազ Մ. Մարտիրոսյանը այնքան տարված էր ոստիկան Կ. Ենոքյանին ահաբեկելով եւ իր պատրաստի սցենարը մատուցելով, որ չէր նկատել իր մոտ կանգնած փաստաբաններին, ովքեր լսել էին ողջ խոսակցությունը։ Դատը վերսկսելուց առաջ Ահարոն Հակոբյանի փաստաբան Արմեն Մանուկյանը բացարկ հայտնեց դատախազ Մանուչար Մարտիրոսյանին՝ ասելով, որ դատախազը ահաբեկել է ոստիկան Կնյազ Ենոքյանին, ստիպում էր կեղծ ցուցմունք տալ իր պաշտպանյալ Ահարոն Հակոբյանի դեմ։ Եվ դա հաստատեցին բոլոր փաստաբանները։
Դատախազը Ահարոնին չի ճանաչել, թշնամություն չի ունեցել, ինչն էր պատճառը, որ պարոն դատախազը ցանկանում էր այգում գտնվող տղաներից մեկին բացառելով՝ կատարվածը վերագրել Ահարոնին։
Դատավորի հարցին, թե ինչպե՞ս նշվեց Ահարոնի անունը, տղաները պատասխանել են. «Նախաքննական մարմինները հարցրին, թե էլ ո՞ւմ ենք առաջարկել եւ ո՞վ գիտի այդ մասին, մենք ասացինք, որ առաջարկել ենք Ահարոնին, սակայն նա հրաժարվել է եւ այդ օրվանից մենք նրան այլեւս չենք տեսել»:
Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ են ստորագրել փաստաթղթերի տակ, տղաները պատասխանել են. «Մեզ ծեծել են, կտտանքների են ենթարկել, բերման են ենթարկել մեր կանանց, ահաբեկել են մեզ, թե մեր կանանց էլ կձերբակալեն, իսկ կողքի սենյակից լսելով մեր կանանց լացի, հեծկլտոցի ձայները՝ ստիպված ստորագրել ենք»։
Դատախազ Մանուչար Մարտիրոսյան, նախաքննական մարմինները տղաներին ահաբեկել, սպառնացել են այնպես, ինչպես Դուք էիք ահաբեկում ոստիկան Կնյազ Ենոքյանին, որպեսզի կեղծ ցուցմունք տա Ահարոնի դեմ։
Արթուր Բաբայանը եւ Արթուր Խանոյանը մինչեւ այսօր էլ պնդում են, որ իրենք երկուսով են գտնվել այգում, տուժող ոստիկան Կնյազ Ենոքյանը պնդում է, որ այգում Ահարոնը ներկա չի եղել, սակայն դատախազ Մ. Մարտիրոսյանը դատարանում հայտարարեց, որ ինքը ներքին համոզմունքով է դատում եւ դատապարտում է 10 տարվա ազատազրկման։
Պարոն նախագահ, իմ որդին չի գողացել, ավազակային հարձակում չի կատարել, չի սպանել, չի բռնաբարել, պետությանը եւ պետական բյուջեին չի վնասել, պետական մակարդակով ռեկետ չի արել սեփական ժողովրդի նկատմամբ, կաշառք չի տվել եւ չի վերցրել, ինչո՞ւ համար են իմ որդուն դատապարտել 13 տարի 7 ամիս ազատազրկման։ Խնդրում եմ օգնեք վերանայել այս գործը եւ Ձեր օգնությամբ արդարացի լուծում տրվի այս անարդար դատավարությանը։