Ներնետումների պատճառը պատերն են
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վարդան Ավետիսյանը միջնորդագիր է ուղարկել ԱՆ ՔԿՀՎ պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանին:
Վ. Ավետիսյանը տեղեկացնում է, որ ամփոփվել է 2009-2010թթ. ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոցների ներնետումների փաստերով հարուցված քրեական գործով կատարված նախաքննության վիճակը՝ պարզվել է, որ այդ ընթացքում արձանագրվել է ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿՀ տարածք թմրամիջոցների, ինչպես նաեւ դրանց պատրաստման համար անհրաժեշտ պրեկուրսորների ներնետման 7 դեպք:
Գրանցված 7 դեպքից 1-ը արձանագրվել է 2009 թ.-ին, իսկ 6-ը՝ 2010թ.-ին: Ըստ միջնորդագրի. «2009-2010թթ. ընթացքում բացահայտվել են արգելված իրերի, մասնավորապես՝ գործարանային արտադրության սպիրտի, կոնյակի եւ գինու՝ քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետելու 10 դեպք, որից 6-ը՝ 2009 թ., իսկ 4-ը՝ 2010թ. ընթացքում»:
Արձանագրված ու բացահայտված ներնետումների բոլոր 17 դեպքերով հայտնաբերվել, առգրավվել եւ շրջանառությունից հանվել են դատապարտյալների օգտագործման համար նախատեսված 106.486 գրամ մարիխուանա, 6.175 գրամ՝ ափիոն, 0.6 գրամ՝ հաշիշ, 0.0056 գրամ՝ բուպրենորֆին տեսակի թմրամիջոցներ, 7.3 մլլ՝ քացախաթթվի անհիդրիդ, ինչպես նաեւ շուրջ 18 լիտր գործարանային արտադրության սպիրտ, 1.5 լիտր կոնյակ եւ 0.5 լիտր՝ գինի:
Հարուցված 7 քրեական գործերով նախաքննությունը կասեցվել է՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ:
Ի դեպ, ներնետումների պատճառը… պարզվել է՝ քրեակատարողական հիմնարկի պատերն են: Ըստ միջնորդագրի, «հիմնական եւ քողարկվող պատերի բարձրությունը ներկայումս կազմում է 2.5-3 մետր, այն դեպքում, երբ, ըստ սահմանված նորմատիվների, այն պետք է լինի 5-6 մետրից ոչ պակաս: Բացի այդ, հատկապես այդ հատվածում հիմնական եւ քողարկվող պատերի մի մասը քայքայված է եւ տեղ-տեղ փլուզված: Ինչպես եւ մյուս հատվածներում, այստեղ եւս հիմնական եւ քողարկվող պատերի վրա չկան տեղադրված ահազանգման եւ լուսավորող համակարգեր, նախկինում անցկացված փշալարերը հնացած, տեղ-տեղ կտրտված են ու կոռոզիայի ենթարկված»:
Ներնետումների համար նպաստավոր ժամանակ են եղել նաեւ գիշերային ժամերը, մասնավորապես՝ ժ. 22-ից հետո ընկած ժամանակահատվածը: «Սեւանում» ներնետումները գիշերային ժամերին կատարելուն նպաստում է «քողարկող արգելապատի վրա գիշերային տեսողության հնարավորություն ունեցող, դեպի դուրս նայող տեսախցիկների, ինչպես նաեւ հարակից դաշտը լուսավորելու համար նախատեսված հզոր լուսարձակների բացակայությունը, որից էլ օգտվելով՝ ներնետում կատարողները եւ դրանց պատվիրատու դատապարտյալները անարգել մոտենում են հիմնարկի հիմնական եւ քողարկվող պատերին»:
Հայկ Հարությունյանին վերահսկող դատախազը միջնորդել է, որպեսզի ՔԿՀ-ներում եւս տեղադրվեն բջջային հեռախոսների համար խլացուցիչ սարքեր, ինչպես նաեւ ներքին հեռախոսակապ: