Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի գինեկոլոգիայի բաժանմունքը, երեկվանից սկսած, կանանց ավճար հետազոտության մեկամսյակ է հայտարարել: Հետազոտության մեջ մտնում են կոնսուլտացիան եւ ուլտրաձայնային հետազոտությունը: Անվճար հետազոտության համար առաջնային է համարվել ուլտրաձայնային զննումը, քանի որ առաջին հերթին հենց այս մեթոդով են հայտնաբերվում կանանց հիվանդությունները: Այս մասին երեկ «Առավոտին» տեղեկացրեց ինստիտուտի գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Մինաս Մանվելյանը: Նրա խոսքերով, այս մեկամսյակի հայտարարման համար հիմք է դարձել այն, որ շատ կանայք չեն հետեւում իրենց առողջությանը, դժվարանում են գումար հատկացնել իրենց բժշկական հետազոտության համար եւ դիմում են բժշկի՝ հիվանդության ամենաբարդ փուլերում, երբ շատ դժվար է լինում առողջությունը վերականգնել. «Փորձում ենք գոնե այս կերպ օգնել մեր կանանց, որ եթե ինչ-որ խնդիր ունեն, ավելի վաղ հայտնաբերվի, քանի որ ժամանակին արված ախտորոշումը բարեհաջող է անդրադառնում բուժման վրա»: Մեր այն հարցին, թե օրական քանի՞ կին կարող է հետազոտվել, պարոն Մանվելյանը պատասխանեց. «Ընդհանրապես մենք կարող ենք շատ կանանց սպասարկել, բայց նախատեսել ենք օրական սպասարկել 20 կնոջ»: