Զովունի գյուղի բնակիչները, որոնք աշխատանքի բերումով ստիպված են ամեն օր գնալ-գալ մայրաքաղաքի 15-16-րդ թաղամասեր, խնդրի առաջ են կանգնած: Նրանք օգտվում են թիվ 31 միկրոավտոբուսի ծառայություններից, որի երթուղին նախատեսված է մինչեւ Զովունի գյուղի մերձակա խաղատները:
Հաշվի առնելով, որ Երեւանում աշխատող բնակիչներն իրենց երեխաներին էլ տանում են նշյալ թաղամասերում գործող դպրոցներ եւ մանկապարտեզներ, ուստի բնակիչները խնդրում են, որպեսզի քաղաքային տրանսպորտի պատասխանատուները ընդառաջեն եւ թիվ 31 երթուղագիծը երկարացնեն մինչեւ Զովունի գյուղ: Բնակիչների խոսքերով, «Գյուղի միջով հարմար երթուղային չկա, որպեսզի մարդիկ օգտվեն, եթե թիվ 31 երթուղայինը իր ճանապարհը փոքր-ինչ երկարացնի, մեզ համար շատ հարմար կլինի, ոչ մեր երեխաները դասերից կուշանան, ոչ էլ մենք՝ մեր աշխատանքից: Հատկապես ձմռանը շատ դժվար է այդքան ճանապարհը մինչեւ գյուղ ոտքով գնալ»:
Զովունի գյուղի բնակիչների բարձրացրած հարցի առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից մեզ հայտնեցին, որ այս խնդրի վերաբերյալ գոյություն ունի ընթացակարգ, ըստ որի՝ պետք է դիմեն այս երթուղու սեփականատիրոջը, հայտնեն զովունցիների խնդրանքը, քննարկեն՝ գծատիրոջը հարմա՞ր է երկարացնել իր երթուղայինների ճանապարհը եւ նոր միայն որոշում կայացնեն. «Չէ՞ որ թիվ 31 երթուղայինի սեփականատերը մրցույթը հաղթել է բոլորովին այլ պայմաններով»: