Մի քանի տվյալներ բոլոր նրանց համար, ովքեր դարդոտվել են օրեր առաջ հողին հանձնված այն երկու սեւ կարապների համար:
Օրերս Կենդանաբանական այգու «բնակիչներից» երկուսի՝ սեւ կարապների հանկարծակի սատկելը մեծ աղմուկ բարձրացրեց կենդանասեր հասարակության շրջանում: Իրականում եթե խնդրին այլ տեսանկյունից նայենք, այդ աղմուկն ավելի վտանգավոր ու ցավալի էր, քան այն, որ 2 սեւ կարապ պակասեց այս երկրագնդի վրայից: Վերջին տարիների ընթացքում այգու շատ կենդանիներ են սատկել, բազմաթիվ կենդանիներ վաճառվել են ու բացարձակ խեր-խաբար էլ չենք ունեցել, թե ոնց են հիմա այդ կենդանիները, նույն կարապներից կամ այլ թռչուններից ամսական ոչ թե 2, այլ 5-6-ն է սատկել, բայց այդ մասին խոսում ու ցավում են հիմա, երբ Կենդանաբանական այգու տնօրենը փոխվել է: Այս օրերին ինչ-որ մարդիկ պատրաստ սպասում են, թե երբ է, ասենք, Երեւանի կենդանաբանական այգու գայլի թաթը ջարդվելու, երբ է քարայծը վիրավորվելու կամ դաշտամուկը նեղվելու, որ ԶԼՄ-ներին ոտքի հանեն, թե տեսեք-տեսեք՝ նոր տնօրենը, որը կինոռեժիսոր է, գլուխ չի հանում այդ գործից: Մենք, թերեւս, չհետաքրքրվեինք, թե Սահակ Աբովյանը, ասենք, 2010-ին քանի թռչուն կամ ավելի խոշոր կենդանի է վաճառել ՍՊԸ-ների ու անհատների եւ նրանցից քանիսն են հիմա ողջ-առողջ, բայց քանի որ այս երկու սեւ կարապների պատմությունը դարձավ մատի փաթաթան, ուստի, ավելի պարզ պատկերացնելու համար, թե ինչ է կատարվել այգում նախորդ տարիներին, որ կենդանու գլխին ինչ օյին են բերել, ներկայացնենք մի քանի տվյալներ: 2010-ի հունվարին՝ Ս. Աբովյանի օրոք սատկել է սարի սագը, արքայական փասիանը, երգող թութակը, ճահճային մկնաճուռակը, փետրվարին՝ մարմարյա չիրոկներն ու սիրամարգը, մայիսին մեկ սիրամարգ է շունչը փչել, օգոստոսին՝ նանդիա թութակը, սեպտեմբերին՝ ոսկյա փասիանները եւ այդպես, մինչեւ տարեվերջ նույն բախտին են արժանացել եւս մեկ թագավորական ու ոսկյա փասիանները, մանդարինկան, 3 կարմիր բադերը, Կարելիա թութակը: Եվ սա միայն սատկած թռչունների ցուցակն է. այդ ընթացքում այլ կենդանիներից այգին լքել են ասիական ընձառյուծը, աֆրիկյան ջայլամը, 2 կանաչ իգուան, 1 պտտակավոր եղջերու, 2 հայկական մուֆլոն, 1 շերտավոր բորենի: Երբ հսկայական մուֆլոնին տանում էին թաղելու, ինչո՞ւ որեւէ հ/կ կամ որեւէ կենդանասեր աղմուկ չբարձրացրեց՝ իմանալու, թե որն է նրա մահվան պատճառը: Եթե տարբերությունը սոսկ նրա մեջ է, որ Ռուբեն Խաչատրյանը սեւ կարապները վարձով է տված եղել ինչ-որ մի ընկերության, ապա նախկինում էլ ոչ միայն կարապներ, այլեւ ծովախոզուկից ու սպիտակ մկից սկսած՝ մինչեւ առյուծներ ու անգղներ են աջուձախ բաժանվել, ընդ որում՝ չնչին գումարի դիմաց:
Այսպես, 2010-ի ընթացքում, երբ դեռ Սահակ Աբովյանը հրաժեշտ չէր տվել այգուն, ընդամենը 20-հազարական դրամով վաճառել է 5 սիրամարգ եւ 3 սիրամարգի ձագ՝ 25- հազարական դրամով, 8000 դրամով 16 հատ սպիտակ մուկ է ծախել, 2 խայտահավ, սպիտակագլուխ անգղ ու կամերունյան այծեր: Վաճառված կենդանիների ցանկն այսքանով չի սահմանափակվում, անցյալ տարի այգուց նաեւ վաճառվել է մուֆլոն ու ուղտայծ, շոտլանդական պոնի ու անգղ, ինչպես նաեւ առյուծի ձագեր՝ յուրաքանչյուրը 300-350 հազար դրամով: Բացի վաճառքից, Սահակ Աբովյանը նաեւ 2010-ի ապրիլին վարձակալությամբ է տվել առյուծներից մեկը, ընդ որում՝ ոչ թե ինչ-որ ընկերության, այլ անհատի՝ Արմենակ Ավետիսյանին: Դա հենց այն նույն առյուծն է, որը անցյալ տարի հոշոտել էր իրեն կերակրողի՝ 21-ամյա Նվեր Սարգսյանի ոտքը, որի պատճառով երիտասարդ տղան արնաքամ եղավ ու մահացավ: Ընդ որում, պարոն Աբովյանը առյուծին այդ Արմենակ Ավետիսյանին է ի պահ տվել մինչեւ 2013-ի ապրիլը, ու ցանկության դեպքում էլ չեն կարող կենդանուն վերցնել այդ մարդու ձեռքից: Ռուբեն Խաչատրյանին մեղադրում են, որ Պարզ լճի պայմանները հաշվի առնելով՝ պետք է կարապներին վարձով չտար, բայց տեսնել է պետք, թե ինչ պայմաններում է հիմա ապրում այն առյուծը՝ փոքր, քոսոտ, ժանգոտած մի վանդակում, որտեղ կենդանին չի կարող անգամ ջիգարով մռնչալ, որովհետեւ տեղ չկա գլուխը բարձրացնելու: Արդյունքում՝ երիտասարդ տղայի կյանքն ընդհատվեց, իսկ Արմենակ Ավետիսյանը նույնիսկ որեւէ պարզաբանում չտվեց կատարվածի մասին՝ ասելով, թե ինքը շատ զբաղված է, անընդհատ հարցաքննությունների մեջ է: Այնպես որ, կենդանիներին տալուց էլ պիտի տնօրենը գոնե մի քիչ պատասխանատվություն կրի ու հասկանա, թե ում եւ ինչի համար է տալիս: Երբ առյուծի հետ կապված դժբախտ դեպքից հետո լուրեր տարածվեցին, որ առյուծը Կենդանաբանական այգուց ներքին կարգով «դուրս գրված» է եղել, պարոն Աբովյանը ի պատասխան՝ վստահեցրեց. «Մենք կենդանիներին «սպիսատ» չենք անում»:
Հիմա կարելի է հստակ ասել, որ 2010-ին ու դրանից առաջ Ս. Աբովյանի վաճառած այդքան մուֆլոնը, անգղները, սիրամարգերն ու պոնիները կա՛մ կենդանիներ չեն, կամ պարոն Աբովյանի աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է արել: