Որոշ ժամանակ առաջ ադրբեջանական մամուլը ոգեւորությամբ հայտնեց, որ այդ երկրի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի հիմնական բիզնես բնագավառներից մեկը հանդիսացող «Գիլան հոլդինգ»-ի «Յալե» մրգահյութերն արդեն արտահանվում են եվրոպական պետություններ: Հոլդինգն էլ կանխատեսել էր, որ Եվրոպայում իրենց համար մեծ շուկա են ստեղծելու: Սակայն դա տեղի չունեցավ: Ըստ panorama.am կայքի՝ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Եվրոպայում բնակվող ադրբեջանցիները հայտնել են, որ Արեւմուտքում լուրջ հարված է հասցվել Ք. Հեյդարովի բիզնեսին: Նրանց խոսքով՝ ներկա դրությամբ եվրոպական երկրների բոլոր խանութներից սկսել են վաճառքից հանել «Յալե» մրգահյութերը: Դրա պատճառն այն է, որ այդ հյութերի որակը շատ ցածր է, նաեւ, որ ադրբեջանական հյութերը չեն կարողացել բավարարել եվրոպացիների պահանջները: Կայքին այդ մասին տեղեկացրած աղբյուրները հայտնել են, որ Ստոկհոլմի 5 մեծ խանութներից արդեն ամբողջությամբ հավաքվել եւ վաճառքից հանվել են «Յալե» հյութերը: Նույն աղբյուրները հայտնում են նաեւ, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարի բիզնեսն այդ պատճառով միլիոնավոր դոլարների վնաս է կրել: Ք. Հեյդարովը մեծ առեւտրային օբյեկտներ ունի նաեւ Ֆրանսիայում: Քեմալադդին Հեյդարովի՝ Ֆրանսիայում գտնվող «K» խանութների ցանցի տարեկան շրջանառությունը, ըստ ադրբեջանական աղբյուրների, կազմում է մոտ 3 մլրդ եվրո: