Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսի դրությամբ (նախորդ տարվա մայիսի նկատմամբ) կազմում է 9,9%: Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նախնական մակրոտնտեսական ցուցանիշներում (շտապ հավաքագրված տվյալների ամփոփման հիման վրա):
Այս տվյալը 2011 թ. տնտեսական ակտիվության ամենաբարձր ցուցանիշն է: Ընդ որում՝ ակտիվության ամենամեծ չափաբաժինը արդյունաբերությանն է՝ 25,1%: Տնտեսության մյուս ճյուղերը ունեցել են չափավոր աճ, իսկ շինարարությունում արձանագրվել է 5,1% անկում: Ծառայությունների աճը 5,6% է, առեւտրի շրջանառությունն աճել է 2%-ով, իսկ գյուղատնտեսության մասով աճ գրեթե չկա՝ ընդամենը՝ 0,1%, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 26,8%-ով։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ սպառողական գների աճը մայիսին, 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 9%, իսկ արդյունաբերական արտադրանքի արտադրողների գները հաշվետու ժամանակահատվածում, 2010թ.-ի մայիսի համեմատ, աճել են 9,1%-ով: Արտաքին առեւտրաշրջանառությունը աճել է 23%-ով՝ կազմելով 474 մլն դոլար։ Արտահանումն աճել է 39,7%-ով՝ կազմելով 114,3 մլն դոլար, իսկ ներմուծումն ավելացել է 18,5%-ով՝ կազմելով 360 մլն դոլար։
12-ամսյա 9% գնաճի ֆոնին հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 7,2%-ով։ Պետական համակարգում միջին աշխատավարձը աճել է ընդամենը 5,8%-ով՝ կազմելով 89,6 հազ. դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 6,8%-ով՝ կազմելով 139 հազ. դրամ։