Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ-ՈՒՄ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՈՒԾԵԼ Է ՆԱԽԿԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հունիս 21,2011 00:00

Ստրասբուրգում իր ունեցած հանդիպումների հիման վրա «Առավոտին»  փոխանցեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

\"\"
ՀՀ արդարադատության նախարարը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անցած շաբաթ գտնվում էր Ստրասբուրգում ու մասնակցել էր ԵԽ նախարարների կոմիտեի նիստին, հանդիպումներ ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի եւ այլոց հետ: Մեր հարցին, թե դատաիրավական բարեփոխումների, 2008թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների նախաքննությանն առնչվող խնդիրներից բացի, որոնց մասին հիշատակվել էր այս հանդիպումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ՝ էլ ի՞նչ հարցեր են քննարկվել՝ պրն Թովմասյանը պատասխանեց. «Հիմնական շեշտադրումներն այդ խնդիրներն էին, որոնք վերջին շրջանում արծարծվել էին Վեհաժողովի եւ Հայաստանի հարցով համազեկուցողների կողմից: Խոսքը մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ դատապարտված անձանց ազատ արձակելու, այդ դեպքերը նոր լույսի ներքո քննելու եւ Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու մասին է: Զրույցների ընթացքում արձանագրվում էր, որ այդ խնդիրներն այս փուլում լուծված են, ու պետք է մտածել հաջորդ քայլերի մասին: Նաեւ արձանագրում էին, որ 30-ից ավելի հարցադրում է եղել՝ ոստիկանության ոլորտում եւ ընտրական համակարգում բարեփոխումների, հավաքների մասին օրենսդրության փոփոխությունների մասին եւ այլն, ու Հայաստանը դուրս է եկել այդ իրավիճակից, հնարավորություն ունի առաջ գնալու: Բոլորը ողջունում էին համաներումը: Համմարբերգն էլ ողջունեց բոլոր քայլերը, որոնք արվել են: Նա իր այցից հետո եզրակացրել էր, որ հավաքների ազատությունը Հայաստանում սահմանափակված է, խոչընդոտվում է այդ իրավունքի իրականացումը: Հիմա այդ հարցն էլ է, ըստ էության, ամբողջությամբ դուրս եկել: Համաներման առնչությամբ հարցադրում եղավ՝ այն քաղաքակա՞ն էր, թե՞ իրավական: Պատասխանեցի, որ իրավական էր, սակայն պարունակում էր քաղաքական տարրեր. իշխանությունը գնաց այդ քայլին, որպեսզի մեր հասարակությանը եւ միջազգային հանրությանը ցույց տրվի, որ եթե կա այդպիսի տեսակետ, թե քաղաքական պայքարում իշխանությունները նման գործիքակազմ են օգտագործում, ապա մեր զինանոցում չկա նման գործիք, եւ քաղաքական պայքարի նման ձեւի կողմնակից չենք»:
Ըստ արդարադատության նախարարի՝ Ստրասբուրգում հանդիպումների ընթացքում եղել են նաեւ հարցադրումներ երկխոսության ու քաղաքական հետագա զարգացումների վերաբերյալ. «Եվ պատասխանը եղել է հետեւյալը, որ երբեք երկխոսությունը բանակցությունների հետ պետք չէ շփոթել, եւ երկխոսությունը մենք հասարակական ավելի լայն ու տարբեր շերտերի հետ ենք պատկերացնում՝ ծառացած բոլոր խնդիրների լուծման առնչությամբ: Այն, ինչ ասաց ՀՀ նախագահը՝ ըստ էության, այնտեղ հնչեցվել է»: Հարցին, թե ինչպես են ԵԽ պաշտոնյաներն արձագանքել երկխոսության վերաբերյալ իշխանության այս մոտեցմանը՝ Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Նրանց արձագանքը բավական դրական էր: ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների տնօրինության ղեկավար Ա. Դրժեմժեւվսկին հարց տվեց, թե ի՞նչ է՝ ենթադրվում է, որ պետք է ուղղակի նստել ու քննարկե՞լ: Պատասխանեցի, որ նման բան չի ենթադրվում, այլ հասարակության առջեւ տարբեր ձեւաչափեր ու ընթացակարգեր՝ նման երկխոսության դրսեւորումներից մեկը հանրահավաքում հնչեցված ինչ-որ հարցի պատասխանելն է, ԱԺ-ում համապատասխան քննարկումները եւ այլն: Չի կարելի հասարակության հետ երկխոսության իրավունքը վերապահել ընդդիմադիր մեկ՝ թեկուզ ազդեցիկ, կարեւոր ուժի»: Եվս մեկ անգամ հստակեցրինք՝ փաստորեն, ԵԽ-ին չի՞ մտահոգում, որ երկխոսության այն ձեւաչափը, որն առաջարկում էր ՀԱԿ-ը՝ չի իրականացվելու, ու պրն Թովմասյանը պատասխանեց. «Բացարձակ նման բան չի եղել: Ասել եմ՝ պատկերացրեք, որ ունեք խորհրդարան, ընտրությունների արդյունքում ձեւավորված ընդդիմություն, բայց հետո իշխանությունն այս բոլորին՝ նաեւ մտավորականությանը, հասարակության բոլոր շերտերին, դնում է մի կողմ ու ինչ-որ մեկի հետ սկսում քննարկել: Ի՞նչ քննարկել: Մենք, այո, ունենք խնդիրներ ու անելիքներ: Բայց ո՞վ ասաց, որ միայն նրանց հետ պետք է քննարկվեն այդ հարցերը»:
ԵԽ պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում Հայաստանի արդարադատության նախարարը (որի, ի դեպ, բաց գործելակերպը եւ անգամ բարդ հարցերից չխուսափելը գնահատանքի է արժանացել) ներկայացրել է 4-5 ծրագրեր: Եվ եթե դրանք չֆինանսավորի Եվրոպայի Խորհուրդը, ապա ԵԽ անդամ որոշ երկրներ՝ Նորվեգիան ու Շվեդիան նախնական պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորելու կամ երաշխավորելու, որ դա անի ԵՄ-ն: Ծրագրերը, ըստ պրն Թովմասյանի, հետեւյալն են. «Խոսքը Վճռաբեկ դատարանում կամ արդարադատության նախարարությունում համապատասխան կարողություններով օժտված փորձագիտական խմբի ստեղծման մասին է, որը պետք է վերլուծի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բոլոր որոշումները եւ օգնի դատական իշխանությանը՝ դրանք կիրառելու առումով: Դրսեւորումները տարբեր կարող են լինել՝ եւ դրանց վերլուծություն, եւ փաստաբանների, դատավորների ու դատախազների ուսուցում: ՄԻԵԴ նախագահ Ժան Պոլ Կոստայի հետ նախնական համաձայնություն ձեռք բերվեց ԵԽ շրջանակներում իրականացնել մի ծրագիր, որ մեր դատավորները պարբերաբար այցելեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ այնտեղ անցկացնեն կարճաժամկետ սեմինարներ: Հաջորդ ծրագիրը, որ ներկայացրել եմ՝ վերաբերում է քրեակատարողական հիմնարկների կառավարման մոդելի մշակմանը: Եվրոպան միանգամայն այլ ուղղությամբ է գնում, եւ այն մոդելները, որոնք կան՝ այս պահին ընդհանրապես գոյություն չունեն Հայաստանում: Մասնավորապես ունեն բավական արդյունավետ մոդելներ պատիժը կրելուց հետո հոգեբանական, ադապտացիոն, աշխատանքի տեղավորման եւ վերականգնողական այլ մեխանիզմների վերաբերյալ: ԵԽ մի շարք երկրներում պարտադիր է աշխատանքը ՔԿՀ-ներում՝ մի բան, որ մեզանում մերժվել է, եւ այս ուղղությամբ պետք է աշխատանք տարվի, ինչը կլուծի շատ խնդիրներ: Երկու ծրագրեր էլ վերաբերում են նոտարիատի եւ քաղաքացիական կացության ակտերի ամբողջ համակարգի թվայնացմանը եւ արդյունավետ մեխանիզմի ներդրմանը»: Պատմեց նաեւ, որ երբ նիստում մանրամասն ներկայացրել է այն փոփոխությունները, որոնք արվում են արդարադատության նախարարության համակարգում եւ կառավարական շրջանակներում՝ «Մոտենում էին ԵԽ-ում դեսպանները եւ հետաքրքրվում մեր փորձի վերաբերյալ, թե ինչ արդյունքներ կան եւ այլն»:
Առիթից օգտվելով՝ հետաքրքրվեցինք, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է մամուլում հրապարակված այն լուրը, թե արդարադատության նախարարությունը մշակել է «Ամփոփ տեղեկատվություն դատավորների կողմից արդարադատություն իրականացնելիս դատավարական կամ նյութական օրենքի նորմերի խախտումներ թույլ տալու վերաբերյալ» անվանումով մի փաստաթուղթ, որը լուրջ քննադատություն է պարունակում դատարանների վերաբերյալ, եւ եթե իրոք կա նման փաստաթուղթ՝ ինչպե՞ս է այն օգտագործվելու: «Արդարադատության նախարարության լիազորություններից է այդ պրակտիկան՝ ամփոփումը եւ եղած խախտումների, շեղումների վերաբերյալ դատարանների նախագահների խորհրդին համապատասխան տեղեկանք ներկայացնելը: Եվ դա պարբերաբար կատարվում է,- ասաց պրն Թովմասյանը:- Այն տեղեկանքում, որի մասին խոսում եք՝ միգուցե մի փոքր փոխվել են շեշտադրումները կամ մոտեցումները: Այն առաջիկայում կդառնա ավելի լայն քննարկման առարկա, որին կհետեւեն կամ օրենսդրական, կամ կազմակերպչական որոշակի փոփոխություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել