Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կիրակի օրը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ՝ քննարկելով իրավիճակը տարածաշրջանում: Հայաստանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում Մահմուդ Ահմադինեջադն ու Սերժ Սարգսյանը, ըստ Հայաստանի նախագահի մամուլի ծառայության՝ «քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին ու փոխգործակցությանը»: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ: Ահմադինեջադը կիրակի օրը զանգահարել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ըստ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության՝ «հեռախոսազրույցում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի շուրջ»: Հետաքրքիր է, որ հեռախոսազրույցները կայացել են հունիսի 25-ին Կազանում կայանալիք հանդիպումից առաջ: Իսկ մինչ այդ Ահմադինեջադը պատրաստվում էր Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի վեցին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «կողմերի փոխադարձ համաձայնությամբ» այցը հետաձգվեց: