Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԽՈՍԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հունիս 21,2011 00:00

Բոլորի համար պարզ դարձավ, որ կրթությամբ բանասեր երկու նախագահները մեկմեկու ոչ միայն հասկանում են, այլեւ հարստացնում են քաղաքական բառապաշարը:

Քանի դեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ չէր պատասխանել ՀԱԿ՝ երկխոսելու առաջարկին, ինքս կարճ հարցախույզներ էի անցկացնում՝ պարզելու, մարդիկ սպասո՞ւմ էին «անձնական» ուղերձի: Հիմնականում ասում էին, որ ՀՀ նախագահը դա չի անի եւ կբավարարվի աշխատակազմի ղեկավարի, ՀՀԿ փոխնախագահի եւ ՀՀԿ մամուլի խոսնակի արձագանքներով: Սակայն կային նաեւ լավատեսներ, որոնք իրենց տեսակետը բացատրում էին այսպես՝ եթե շախմատ է, ուրեմն գաղտնի եւ հիմնական քայլերը դեռ արված չեն: Դեռ հունիսի սկզբին՝ մեր թերթի հունիսի 4-ի համարում կանխատեսել էինք, թե արձագանքելու դեպքում նախագահը ինչ կասի: Օրինակ, ասել էինք՝ կհիշեցնի, որ ամենատարբեր եւ երկրի համար կարեւոր հարցերի շուրջ առանց ՀԱԿ-ի առաջարկի էլ երկխոսություններ լինում են մարզահամերգայինի կլոր սրահում, կամ՝ ասվելու է, որ հարցերը համատեղ քննարկելու համար ստեղծված է Հանրային խորհուրդ եւ այլն: Ինչեւէ, նախագահը խոսեց, եւ ըստ էության: Դրանից հետո արդյոք ՀԱԿ-ը կգնա՞ իր նախընտրած՝ ընտրությունների թեմայի շուրջ երկխոսելու Ազգային ժողովի նախագահի հետ: Դժվար է ասել: Ենթադրելի է, որ մինչեւ հունիսի 30-ի հանրահավաքը համապարփակ պատասխան չի լինելու:
Ինձ համար այս ամբողջ պատմության մեջ հետաքրքրական է հետեւյալը՝ այսօր ՀՀ առաջին եւ երրորդ նախագահների միջեւ ընթանում է գրագետ, հայեցի եւ քաղաքակիրթ, առայժմ՝ հեռակա զրույց: Այդ զրույցից շատ պարզ զգացվում է, որ նրանց կրթությունը նույնն է: Օրինակ, ոչ հեռավոր անցյալում, երբ ընդդիմության առաջնորդը ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն էր, իսկ երկիրը ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը՝ երկուսն էլ կրթությամբ ինժեներներ են: Պոլիտեխնիկցի Ստեփան Դեմիրճյանը խոսում էր հատ-հատ, բառերը հատուկ կշռելով եւ չշռայլելով: Ռոբերտ Քոչարյանի մոտեցումն ավելի «ստեղծագործական» էր. նա փորձեց մեր բառապաշարը հարստացնել «մոսկաներով», «կլիզմաներով» եւ ականջ քաշելու մասին սպառնալիքներով: Այսօր բանասերիս հոգին փառավորվում է, որ նախկին եւ ներկա նախագահները ականջ շոյող արտահայտություններ են օգտագործում:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը չէր կասկածում, որ ՀՀ նախագահը խոսելու էր. «Երկու կողմերն էլ ընդունում էին, որ իրենք շախմատ են խաղում, եւ այն, որ թե ՀԱԿ առաջնորդը եւ թե ՀՀ գործող նախագահը հայտնել էին երկխոսության ընդունման մեխանիզմների մասին, բնական է, որ պետք է խոսեր»: Պատասխանելով մեր հարցին՝ կա՞ր այդ խոսքում վիրավորական որեւէ բան ընդդիմության հասցեին, պարոն Մինասյանն ասաց՝ ոչ թե պետք է վիրավորական արտահայտություններ փնտրել, այլ՝ «Պետք է փնտրել ավելի շատ ազնիվ ցանկությունը, որը, ցավոք, այդպես էլ ցանկություն է մնում, որովհետեւ բովանդակության մեջ երկրի ապագայի շուրջ կառուցողական քննարկումներ ներկա կառավարությունը չի կարողանում դրսեւորել, հատկապես սոցիալ-տնտեսական թեմայով եւ, ինչու ոչ, նաեւ՝ արտաքին խնդիրների հետ կապված: Եթե սրա անունը մենք կարող ենք դնել երկխոսություն, ապա թող այդպես լինի, սակայն նույնիսկ այդ երկխոսության արդյունքում դեռեւս չի հաջողվել չեզոքացնել այն հիմնական մարտահրավերները, որ կանգնած են մեր երկրի եւ պետության առաջ»:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը քաղաքական առումով ինձ հաճելիորեն զարմացնում է: Անկեղծ ասած, որ նա անձամբ կպատասխանի ընդդիմության՝ երկխոսության առաջարկին՝ չէի սպասում, բայց գովելի եմ համարում, որ հանրապետության նախագահը որոշեց հավակնությունները մի կողմ թողնել եւ անձամբ պատասխանել ՀԱԿ-ի՝ երկխոսելու առաջարկին: Այդ պատասխանը շատ ռացիոնալ էր եւ միանգամայն տեղավորվում է իրական քաղաքական երկխոսության քաղաքագիտական պատկերացումների մեջ»: Մեր ճշտող հարցին՝ կա՞ր այդ խոսքի մեջ վիրավորանք ՀԱԿ-ի կամ այլոց հասցեին, պարոն Սուրենյանցը ժխտողական պատասխան տվեց. «Ոչ, վիրավորանք չկար, ուղղակի Սերժ Սարգսյանը շատ օբյեկտիվորեն արձանագրել էր, որ երկխոսությունը կապիտուլյացիա չէ»: Իսկ ինչպե՞ս կընդունի նախագահի այս խոսքը ՀԱԿ-ը, մանավանդ՝ անցել է արդեն մի քանի օր, եւ ՀԱԿ-ը խորհրդավոր լռում է, Սուրեն Սուրենյանցն ասաց. «Լռում է, որովհետեւ, կարծում եմ, Կոնգրեսի համար էլ անակնկալ էր, որ Սերժ Սարգսյանն անձամբ որոշեց պատասխանել: Եվ Սերժ Սարգսյանը հստակ հասկացրեց, որ պատրաստ է երկխոսության՝ առանց նախապայմանի»:
Մեր հաջորդ հարցին՝ այս պատասխանը պարզապես ժեստ էր միջազգային կառույցներին ինչ-ինչ բաներ հասկացնելու նպատակո՞վ, թե՞ արդեն սովորական գործելաոճ է դարձել, պարոն Սուրենյանցն ասաց, թե մարդը, երկրի ղեկավարը «չի կարող իրար հետեւից ճիշտ քայլեր անել, եւ դա վերագրվի ընդամենը ժեստի, ակնհայտ է, որ վերջին չորս ամիսներին իշխանությունը հետեւողականորեն քաղաքական լարվածությունը լիցքաթափելու հստակ քայլեր է անում, եթե նույնիսկ ընդունենք, որ դա արվում է միջազգային հանրությանը սիրաշահելու նպատակով, միեւնույն է՝ դրա դրական ազդեցությունն առկա է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել