Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԵԼԻ՞ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է

Հունիս 21,2011 00:00

\"\"Կազանի հանդիպումից առաջ իրավիճակն այսպիսին է. ի՞նչ կլինի Կազանից հետո

Ղարաբաղյան կոնֆլիկտը ոչ թե «սառեցված», այլ «ծխացող» հակամարտություն է, նախօրեին «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել ամերիկյան «Քարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը, ում կարծիքով՝ «Ռազմատենչ հռետորաբանության այսօր առկա աստիճանը պատերազմն ավելի հավանական է դարձնում: Չի բացառվում, որ կգա մի պահ, երբ խոսքերը գործի կվերածվեն»: ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման ճանապարհին ռազմական գործողությունների մի յուրօրինակ նկարագիր էլ օրերս տվել էր ղարաբաղյան խնդրով զբաղվող մեկ այլ արեւմտյան փորձագետ՝ Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասի ծրագրի տնօրեն Լոուրենս Շիթսը: Վերջինիս կարծիքով՝ «նոր պատերազմը» կարող է աղետալի հետեւանքներ ունենալ՝ վնասելով նաեւ այս տարածաշրջանով անցնող խողովակաշարերը: «Իրադարձությունները կարող են զարգանալ շատ վտանգավոր մի սցենարով, երբ փախստականների զանգվածային տեղահանում կարող է արձանագրվել, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են ներքաշվել հակամարտության մեջ»,- «Ֆրանսպրեսին» ասել էր Շիթսը: Ի դեպ, Կազանում կայանալիք հանդիպման առիթով Լոուրենս Շիթսը՝ ի հեճուկս այդ հանդիպման շուրջ առկա դրական մթնոլորտին, ասել է. «Երկու կողմից էլ թշնամական հայտարարություններ են հնչում, եւ չկա որեւէ նախանշան, թե բանակցային գործընթացում լուրջ շրջադարձ է հնարավոր»: Նա նաեւ հավելել է, որ եթե նույնիսկ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի առաջիկայում, միեւնույն է՝ «խաղաղության ճանապարհին լուրջ խոչընդոտներ կան»:
Հետաքրքիր է, որ ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հնարավոր եւ հավանական վերսկսման մասին միջազգային այս հեղինակավոր փորձագետները խոսում են հունիսի 25-ին կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Ռուսաստանի նախագահի հովանավորությամբ կայանալիք հանդիպման շեմին, որի շուրջ, ի դեպ, բավականին դրական մթնոլորտ ձեւավորելու ջանքեր եւ միջոցներ չեն խնայվում: Ավելին, միջնորդներն անգամ կազանյան հանդիպումով «ճեղքում» են ակնկալում ղարաբաղյան բանակցություններում, ինչի վկայությունը համանախագահող երկրների նախագահների մակարդակով արվող հայտարարություններն են:
Պատերազմի սպառնալիքների մասին խոսակցություններն արդյոք, այսպես կոչված, պրոֆիլակտի՞կ բնույթ ունեն, որոնց նպատակն է կողմերին պարտադրել Կազանում համաձայնության գալ եւ պահպանել պայմանավորվածությունները, թե՞ իրական մտահոգություններ են: «Առավոտի» հարցին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նախ կարծիք հայտնեց, որ մինչ օրս դեռ միջազգային հանրությունը եւ կողմերն այդքան մոտ կանգնած չեն եղել խնդրի կարգավորմանը: Այս համատեքստում նա կազանյան հանդիպման շուրջ առաջացած դրական տրամադրությունները միանգամայն հասկանալի է համարում. «Բոլորն էլ հասկանում են մի բան. եկել է կոնֆլիկտի կարգավորման ժամանակը: Ձգելու ժամանակ եւ ռեսուրս այլեւս չկա: Համանախագահող երկրների նախագահներն արդեն երրորդ հայտարարությունն են այս առիթով արել, եւ նորից «ոչինչ չասող» հայտարարությունը Կազանում կամ «ոչինչ չասող» հանդիպումը նաեւ նրանց քաղաքական իմիջի վրա կազդի»: Կազանյան հանդիպման շուրջ ստեղծված դրական մթնոլորտին զուգահեռ՝ լուրջ միջազգային փորձագետների կողմից հնչող պատերազմական գործողությունների մեծ հավանականության մասին խոսակցությունները մեր զրուցակիցը նույնպես բնական է համարում այն առումով, որ. «Մի բան պետք է հասկանանք եւ ընդունենք. խաղաղության համաձայնագրի այլընտրանքը պատերազմն է: Կարծում եմ, որ Կազանի հանդիպումը շատ որոշիչ կլինի, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման հետագա ընթացքն ինչպե՞ս կզարգանա՝ դեպի կարգավորման գործընթա՞ց, թե՞ դիրքորոշումներն այնքան կկոշտանան, որ միակ լուծումը կմնա պատերազմը»: Մեր զրուցակիցն այն գործիչներից է, ով միշտ էլ ռեալ է համարել պատերազմի վերսկսումը: «Եթե կոնֆլիկտող երկրները նման մոտեցումով շարունակեն Կազանի ժամանակ եւ Կազանից հետո, ապա պատերազմի հավանականությունը շատ է մեծանում: Խնդիրը լուծելու այլընտրանք էլ չի մնում»: Նման զարգացումների պարագայում ունի՞ Հայաստանը դիմագրավելու համապատասխան ռեսուրս: Հովհաննես Հովհաննիսյանն ասաց. «Ես այն մարդկանցից չեմ, որ կուրծք ծեծեմ եւ ասեմ, թե կմտնենք Բաքու, որովհետեւ դա ռեալ չէ: Բայց նաեւ չեմ ուզում ասել, որ Ադրբեջանը կարող է ստիպել, որ մենք ընդունենք հաշտության, խաղաղության համաձայնագիր: Իրականում ես կարծում եմ, որ Հայաստանը քաղաքական ռեսուրս չունի: Խնդիրը զինվորական ռեսուրսը չէ: Բանակները կռվում են, բայց հաղթում-պարտվում են երկրները եւ ժողովուրդները: Հայաստանում, ցավոք, չկա այն ազգային կոնսենսուսը, որ կարողանանք հաղթել Ադրբեջանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել