Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունիս 18,2011 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնվեցերորդ

ԶԱՆԱԶԱՆ ԲԱՆԵՐ

Եվ երբ Տիկին Սիլվայի շքանշանի վերադարձի  առթիվ մյուս մտավորականներին ամոթանք էին տալիս, ես ինձ մտավորական չհամարելով՝ էդ ամոթանքներն ինձ վրա էի վերցնում, որովհետեւ ամոթանք տվողներն իրենց հոգիների խորքերում ինձ էլ իբրեւ մտավորական նկատի ունեին, եւ ամոթանք տվողները հիմնականում մեր էն  լրագրողուհիներն էին, որոնք սովորաբար ու հիմնականում բոլորին են մտավորական համարում՝ իրենցից բացի, բոլորից բոլոր հարցերի պատասխաններն ակնկալում եւ նույնիսկ  պահանջում էլ են, եւ նույնիսկ կարող են անհնարինը պահանջել, եւ, փաստորեն, նրանցից ամենատգեղն ու ամենահամարձակն ինձնից հենց  անհնարինը պահանջեց՝ ակնարկելով, որ ես էլ իմ շքանշանը Քոչարյանին հետ վերադարձնեմ, եւ էնքան ինքնավստահ ու անթաքույց հեգնանքով էր ակնարկում, որ քիչ էր մնում ես էլ հավատայի, որ Քոչարյանից մեդալ ու շքանշան եմ ստացել ու առ էդ օրը չեմ վերադարձրել, այնինչ ամենաուշադիր ընթերցողներս երեւի լավ են հիշում, որ Քոչարյանի օրոք ոչ միայն մեդալ չեմ ստացել, այլեւ մշակույթի նախարարության ոսկե մեդալից էլ եմ հրաժարվել ու վազն անցել, եւ ահա պարզվում է, որ շատ էլ սխալ եմ արել, որովհետեւ, եթե  էդ մեդալից հրաժարված չլինեի, Քոչարյանին վերադարձնելու բան կունենայի, չնայած, խոսքը մեր մեջ, մշակույթի նախարարության էդ Ոսկե մեդալը վերցնելու բան էլ չէր, որովհետեւ անունը Ոսկե էր, իսկ ինքը՝ ամբողջովին ոսկեջուր. այսինքն, երեւելի ու արժեքավոր մի բան չէր՝ ոչ վերցնելու եւ ոչ էլ մանավանդ վերադարձնելու առումով, մինչդեռ Մաշտոցի շքանշանի վրայի ադամանդն անձամբ ու շատ մոտիկից եմ տեսել «Ար» հեռուստաընկերության էդ տարեմուտի միջոցառման ժամանակ. Տիգրան Լեւոնյանին խնդրեցի, տվեց, ու շատ  մոտիկից տեսա, եւ չնայած ադամանդի մասնագետ չեմ, եթե Տիգրանը  չասեր էլ, ինքնուրույն էլ գլխի կընկնեի, որ Մաշտոցի շքանշանի վրայի էդ շողշողունը հալալզուլալ ադամանդ է, եւ չնայած Տիկին Սիլվայի շքանշանի էդ վազվռատի գործընթացը շատ մեծ աղմուկ հանեց, առ էսօր էլ պարզ չէ՝ Քոչարյանն էդ ադամանդակուռ շքանշանը Տիկին Սիլվայից հե՞տ վերցրեց, թե՝ չէ, թե՞ Տիկին Սիլվան իր էդ շքանշանին առընթեր դոկումենտացիան է Քոչարյանին վերադարձրել՝ առանց, ուրեմն, շքանշանի ու ադամանդի, որովհետեւ վազվռատի էդ օրերին իշխանամետ մամուլն էլ գրում էր թե՝ ընդամենը շքանշանի դոկումենտացիան է վերադարձվել, եւ Քոչարյանն էլ հրաժարվել է հետ վերցնել, ու էդ անորոշ  նոտայի վրա էլ շքանշանի շուրջ ծավալված աղմուկը մարեց, որովհետեւ մեր ընդդիմադիր ու իշխանամետ լրագրողներն, ի տարբերություն ինձ, չգիտեին, որ էդ շքանշանին կցված, փաստաթղթերից բացի,  մի ամբողջ ադամանդ կա, եւ եթե իմանային, ոչ միայն էդ աղմուկն էդպես արհեստականորեն չէին դադարեցնի, այլեւ առ էսօր էլ կշարունակեին, որովհետեւ իսկապես հետաքրքիր է՝ էդ ադամանդակուռ շքանշանն էսօրվա դրությամբ Քոչարյանի՞ մոտ է գտնվում, թե, ընդհակառակը, Տիկին Սիլվայի տուն-թանգարանում, թե, այնուամենայնիվ, նախագահականում՝ երրորդ նախագահի տրամադրության տակ, եւ չնայած էդ հարցն ինձ իսկապես հուզում է, բայց ոչ էն աստիճանի, որ ինձ իմ հիմնական գործից կտրելով՝ էդ շքանշանի հարցով անձամբ զբաղվեմ. ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի, եւ, բացի այդ, ես ուրիշների հացին վայիս լինելու սովորություն չունեմ, եւ հիմա մտածում եմ, որ ճիշտ կլիներ՝ եթե էդ շքանշանի հարցով հետաքննող լրագրողներն զբաղվեին, եւ եթե պարզվի, որ, այնուամենայնիվ, Քոչարյանը ողջամտություն ու խոհեմություն հանդես բերելով՝   էդ շքանշանը հետ չի ընդունել, կնշանակի՝ էդ շքանշանն էս պահին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում է գտնվում, եւ շատ մեծ ցանկության դեպքում ինքս էլ կարող եմ հիմա վեր կենալ ու գնալ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան ու էդ հանգամանքը ճշտել, բայց համաձայնվեք, որ էդ էլ իմ պարտականությունների մեջ չի մտնում, եւ եթե մի քանի տարի առաջ հասարակությանն ու լրագրողներին ընդամենն էդ շքանշանը վերադարձնելու հանգամանքն էր հուզում, իմ խնդիրն էլ էդ ու այլ հանգամանքների մասին էսպես երկարբարակ ասելն ու խոսելն է, մանավանդ որ՝ էս պահին ու էս տեղատարափին հեչ նպատակահարմար չի վեր կենալ ու գնալ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան, ու էդ շքանշանի մասին էսքան երկարբարակ խոսելուց հետո արդեն նաեւ մտածում եմ, որ տուն-թանգարան այցելելով էլ դժվար թե ինձ ու շատերին հուզող էդ հարցի պատասխանն ստանամ, որովհետեւ, եթե ժամանակին Քոչարյանը ողջամտություն հանդես բերած ու Տիկին Սիլվայի էդ շքանշանը հետ վերցրած չլինի, էդ դեպքում էլ դժվար թե տուն-թանգարանի էքսպոզիցիայում էդ ադամանդակուռ շքանշանը ցուցադրված լինի, որովհետեւ լրագրողներն ու մանավանդ իշխանամետ լրագրողները դույն տուն-թանգարան այցելելով ու էքսպոզիցիայում դույն շքանշանն ադամանդով հանդերձ տեսնելով՝ էս դեպքում էլ պիտի աղմկեն առ այն, որ իրականում էդ ադամանդակուռն իշխանություններին չի վերադարձվել, եւ էս թեման շարունակելով՝ չեմ կարող չխոստովանել, որ թանգարանների ու մանավանդ թանգարանների էքսպոզիցիաների ճշգրտությանն ու հավաստիությանն առանձնապես չեմ հավատում, որովհետեւ Թումանյանի թանգարանում շուրջ յոթ տարի տնօրեն աշխատելով՝ հասկացա, որ թանգարաններում ամենակարեւոր ցուցանմուշներն ու մանավանդ ամենակարեւոր լուսանկարներն են այցելուներից թաքցվում ու թաքուն պահվում, եւ ես շուրջ յոթ տարի Թումանյանի թանգարանում տնօրեն աշխատելով՝ չկարողացա հաջողացնել, որ Հովհաննես Թումանյանի թանգարանի էքսպոզիցիայում, ի թիվս այլոց, մի հեռավոր անկյունում նաեւ Իշխանուհի Մարիամ Թումանյանի լուսանկարը ցուցադրվեր, քանի որ ժամանակին էդ թանգարանի առաջին տնօրեն ու Թումանյանի կողակից Օլգա Թումանյանը կտրականապես էր դեմ էդ թանգարանի էքսպոզիցիայում Իշխանուհու թեկուզեւ ամենապստիկ մի լուսանկարի գոյությանը, որովհետեւ Իշխանուհի Մարիամ Թումանյանն առաքինի, պատվարժան ու ազնվական տիկին լինելով՝ անհուն սիրով սիրահարված է եղել Մեծ Լոռեցուն, բայց ազնվականության ու բարոյականության տիպար լինելով՝ իրեն զսպել ու իրեն հնարավորինս հեռու է պահել Հովհաննես Թումանյանից, եւ հոգով ու սրտով Հովհաննես Թումանյանի հետ լինելով՝ երբեւէ իր ազնվական ամուսնուն չի դավաճանել, եւ, ասում են, Իշխանուհու էդ անդավաճանության հարցում ինքը՝ Հովհաննես Թումանյանն էլ է մեծ դեր ունեցել, որովհետեւ Հովհաննես Թումանյանն իր հանդեպ Իշխանուհու էդ մեծ սերն անընդհատ զգալով՝ էդ մեծ սերը երբեւէ չի չարաշահել եւ շարունակաբար իրեն զսպելով՝ երբեւէ ավելորդ ոտնձգություններ չի կատարել առ Իշխանուհի Թումանյան, ու էդ մասին, ասում են, ողջ Թիֆլիսը գիտեր. այսինքն, ողջ Թիֆլիսը ոչ միայն Իշխանուհու սիրո մասին գիտեր, այլեւ գիտեր, որ էդ սերը  միանգամայն անարատ ու միանգամայն պլատոնական է, ընդ որում՝ երկուստեք անարատ ու երկուստեք պլատոնական, եւ ողջ Թիֆլիսն էր էդ սիրո անարատությանը հավատում՝ ներառյալ Իշխանուհու իշխան ամուսինը, որի անունն էս պահին չեմ հիշում, բայց հաստատ արժեր հիշել՝ թեկուզեւ կողակցի հանդեպ իր էդ մեծ հավատի ու վստահության համար, որովհետեւ մեզանից քչերն են մերձավորի ու մանավանդ կողակցի հանդեպ էդքան մեծ վստահություն ու հավատ հանդես բերում. այսինքն, իշխանն Իշխանուհուն ավելի էր վստահում, քան տիկին Օլգան՝ Հովհաննես Թումանյանին, ու էդ կասկածամտությունն, ըստ ամենայնի, տիկին Օլգայից փոխանցվել էր Թամարին ու  մյուս դուստրերին, ու երեւի էդ կասկածամտությունն էր պատճառը, որ տարիներ շարունակ Իշխանուհի Մարիամ Թումանյանի լուսանկարը Թումանյանի թանգարանի էքսպոզիցիայում չէր հայտնվում, մինչդեռ Իշխանուհու լուսանկարն էդ թանգարանի ամենաերեւացող տեղում պիտի գտնվեր՝ ոչ միայն էն պատճառով, որ Իշխանուհի Մարիամն անարատ ու լուսավոր սեր էր տածում առ Թումանյան Հովհաննես, այլեւ ու առաջին հերթին էն պատճառով, որ Իշխանուհին ոչ միայն Թումանյանի գրքերի հրատարակությունն է ֆինանսավորել, այլեւ պարբերաբար ֆինանսավորել է մեծ լոռեցուն, որպեսզի վերջինս նորանոր գլուխգործոցներ գրի, եւ Թումանյանն Իշխանուհուց էդ իշխանական փողերն ստանալով՝ ոչ միայն գլուխգործոցներ էր արարում, այլեւ ուտում, խմում ու թամադայություն էր անում, ինչպես նաեւ՝ «Վերնատան» պես հրաշալիք էր ստեղծում. այսինքն, եթե Իշխանուհին ու մանավանդ նրա փողերը չլինեին, շատ հնարավոր է՝ մենք միանգամայն ա՛յլ Հովհաննես Թումանյան ունենայինք, որովհետեւ ժամանակակիցները վկայում են, որ Իշխանուհին Թումանյանին անշահախնդրորեն ու միանվագ էդ փողերը տալով՝ մի քանի դեպքերում նաեւ կտրականապես պահանջել է, որ Թումանյանն էդ փողերն առնի ու անմիջապես Թիֆլիսից հեռանա՝ գրելու ու ստեղծագործելու, եւ Թումանյանը մի քանի անգամ հենց էդպես էլ արել է, եւ Թիֆլիսից Ջավախք ու Աբասթուման հեռանալով՝ մեկուսացել ու ահագին արժեքավոր բաներ է գրել մեր մեծերի ու մեր փոքրերի համար. այստեղից եզրակացություն. Իշխանուհի Մարիամ Թումանյանի առկայությունն ու մշտական ներկայությունը Թումանյանի թանգարանում ավելի քան անհրաժեշտություն է, եւ, որ ամենակարեւորն է, էդ ներկայությունն էս պահի դրությամբ ավելի քան իրականանալի է, եւ շատ հնարավոր է՝ ինձանից հետո էդ թանգարանում աշխատած տնօրեններն էդ բացը վաղուց լրացրած լինեն, եւ չնայած  բամբասանքներին տրվելով՝ մի քանի անգամ նշեցի թե՝ Թումանյանի կողակիցն ու հարազատներն են դույն թանգարանում դույն Իշխանուհու հետմահու գոյությանը դեմ եղել, այնուամենայնիվ, եղել ու մնում եմ էն կարծիքին, որ դույն թանգարանում դույն Իշխանուհու հետմահու գոյությանը  ոչ թե Թումանյանի կողակիցն ու հարազատներն են դեմ եղել, այլ՝ սովետական իշխանությունները, որովհետեւ, միանգամայն հասկանալիորեն, սովետական իշխանությունները չէին կարող հանդուրժել ու թույլ տալ, որ մեր ժողովրդի ամենասիրելի գրողին ինչ-որ մեծահարուստ Իշխանուհի հովանավորած ու աջակցած լիներ, եւ գրեթե համոզված եմ, որ ինձանից հետո եկած տնօրեններն էդ բացը լրացրած կլինեն, որովհետեւ Թումանյանի թանգարանն առանց Մարիամ Թումանյանի նույնն է՝ ինչ  Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանն առանց էդ աղմկահարույց ու ադամանդակուռ շքանշանի, եւ եթե Քոչարյանն, այնուամենայնիվ, էդ շքանշանը  ողջամտորեն հետ չի ընդունել, ուրեմն՝ էդ շքանշանն էս պահին պիտի որ Սիլվա Կապուտիկյանի թանգարանում գտնվի, ավելի ճիշտ՝ ոչ թե պիտի գտնվի, այլ պիտի էդ թանգարանի ամենաերեւացող մասում արժանիորեն ցուցադրվի, եւ եթե էդ ադամանդակուռն իսկապես Տիկին Սիլվայից հետ է վերցվել, էդ դեպքում էլ է՛դ մասին պիտի դույն տուն-թանգարանի այցելուներն իրազեկվեն, ու էդ դեպքում արդեն միանգամայն կարդարացվի բանաստեղծուհու բնակարանը տուն-թանգարանի վերածելու հանգամանքը, ու էդ հանգամանքն առավել եւս կարդարացվի, եթե դույն թանգարանում ցուցադրվի նաեւ Տիկին Սիլվայի Ստալինյան մրցանակը, որը բանաստեղծուհին նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում չէր կարող հետ վերադարձնել՝ ինչպես որ ձեր խոնարհ ծառան Կոմսոմոլի իր մրցանակը չի կարող որեւէ մեկին վերադարձնել, եւ մրցանակների ու շքանշանների մասին էսքան խոսելս ամենեւին էլ ավելորդ ու անբնական չի, որովհետեւ մրցանակներն ու շքանշաններն առավելագույնս ու լավագույնս են բնութագրում էդ մրցանակներն ու էդ շքանշաններն ստացողներին, բայց վերստին  Գոհար Գասպարյանի ստացած եւ Տիգրան Լեւոնյանի ցույց տված էդ ադամանդակուռ շքանշանը հիշելով՝ հիմա նաեւ սկսում եմ  մտածել ու ենթադրել, որ Գոհար Գասպարյանի ստացած եւ Տիգրան Լեւոնյանի ցույց տված էդ շքանշանի վրայի շողշողացողն ամենեւին էլ իսկական ադամանդ չէր, եւ ընդամենը Տիգրանի ցանկությունն էր՝ որ էդ շողշողացողը զտարյուն ադամանդ լիներ, որովհետեւ Տիգրանն  անկախության փաստով ու տիկին Գոհարի սիրով էնքան էր տոգորված, որ էդ շքանշանի վրա պսպղացող քարի ադամանդ լինելը շատ կցանկանար, եւ իմ էս ենթադրություններն ավարտելով՝ սկսում եմ մեկ առ մեկ հիշել իմ ստացած ու մանավանդ  չստացած մրցանակներն ու մեդալները, եւ հատկապես չստացածներս հիշելով՝ հիշում եմ նաեւ, որ ես փոքրուց ու էն գլխից մեդալներ ու պսպղան բաներ չեմ սիրել. էն աստիճանի չեմ սիրել, որ հորս պատերազմական մեդալները մեկ առ մեկ թռցնում ու տալիս էի Տիմոշենկոյի դպրոցի իմ համադասարանցի Սուրոյին, որը շողշողուն ու պսպղան բաների համար ուղղակի գժվում էր, եւ հայրս էլ իր մեդալների քչությունը ժամանակ առ ժամանակ նկատելով՝ ինձ ոչ միայն չէր կշտամբում, այլեւ հարցուփորձ էլ չէր անում, որովհետեւ հայրս էլ մեդալներ ու պսպղան բաներ սիրողներից չէր, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, ես Սովետական բանակից զորացրվելուս հաջորդ իսկ օրը բանակից բերած բոլոր մեդալներս ու պսպղան բաները բաժանեցի Կրիվոյի երեխեքին, իսկ ինչ վերաբերում է մրցանակներին, ստացածս ու մանավանդ չստացածս մրցանակները մեկ առ մեկ հիշելով՝ հիմա  արդեն սկսում եմ մտածել, որ շատ էլ ճիշտ են արել, որ առ էսօր ինձ Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակը չեն տվել, եւ շատ ճիշտ կանեն՝ եթե հետագայում էլ շարունակեն չտալ, որովհետեւ Հրանտը մշտապես սարսափում էր շատ ու երկար գրող գրողներից, եւ եթե  ապրեր ու էսքան շատ գրելս տեսներ, սարսափահար բռնելու էր գլուխը, բայց, մյուս կողմից էլ մտածում եմ, որ եթե Հրանտն էսօր մեր կողքին լիներ, ես էսքան երկար ու էսքան շատ գրելու համարձակություն դժվար թե ունենայի, ավելի ճիշտ՝ եթե Հրանտն էսօր իմ ու ձեր կողքին լիներ, ես ընդհանրապես արձակին մոտ չէի գա ու երեւի պոեզիաս ու անտիպոեզիաս արհեստականորեն շարունակեի, բայց էդ տարբերակն առանձնապես հեռանկար չուներ, որովհետեւ ինչ որ պոեզիայով ասելու էի՝ արդեն ասել պրծել էի, ընդ որում՝ լավ էլ հասկանալիորեն ու պնդերեսորեն էի ասել, եւ հիմա ինքս ինձ հանգստացնելով մտածում եմ, որ եթե Չարենցից հետո հանդգնել եմ պոեզիա  ու անտիպոեզիա գրել, եւ եթե ընթերցողներից ու գրագետներից ոմանք Չարենցից հետո պոեզիա ու անտիպոեզիա գրելս հանդուրժել են, երեւի Հրանտից հետո հայտնված էս անկանխատեսելի  արձակս էլ կհանդուրժեն, եւ եթե նույնիսկ ընդամենը մի հոգի հանդուրժի, ես հանգիստ խղճով կշարունակեմ էս սկսածս, որովհետեւ առանձին վերցրած մի հանդուրժողն ինձ համար ավելի մեծ արժեք է, քան՝ հազարավոր չհանդուրժողները միասին վերցված, բայց, իմ բախտից, էս սկսածս ու շարունակելիքս ոչ թե եզակի, այլ հոգնակի թվով մարդիկ են հանդուրժում, եւ ինձ ու էս արածս հանդուրժողները հիմնականում նրանք են, որոնց ասածներն ու արածներն ինքս եմ մշտապես ու մեծահոգաբար հանդուրժել, եւ իմ կողմից մշտապես ու մեծահոգաբար հանդուրժվածներն ու հանդուրժվողներն իրարից շատ տարբեր մարդիկ են՝ արվեստագետներից ու գիտնականներից սկսած եւ արհեստավորներով ու առեւտրականներով վերջացրած, ներառյալ՝ քաղաքական գործիչներն ու իրենց քաղաքական գործիչ երեւակայողները, ներառյալ՝  հեղափոխականներն ու իրենց հեղափոխական համարողները, ներառյալ՝  գրողներն ու բանաստեղծները, եւ ներառյալ՝ իրենց գրող ու բանաստեղծ երեւակայողները, եւ ներառյալ՝ հասարակ ժողովրդի ներկայացուցիչները, ավելի ճիշտ՝ ժողովրդի հասարակ ներկայացուցիչները, եւ որ էս վերջիններին հասարակ եմ անվանում, բնավ չի նշանակում թե՝ առաջին թվարկածներս հասարակ չեն. այսինքն, եթե հասարակ ենք, բոլորս միասին ենք հասարակ, ու երեւի էդ է պատճառը, որ բոլորս միասին կոչվում ենք հասարակություն, եւ որպեսզի լեզվաբանական էս գյուտիցս ոգեւորվելով՝ լեզվաբանական այլ գյուտերիս չանդրադառնամ, անմիջապես վերադառնամ նախորդ ասելիքիս ու ավելացնեմ, որ, իմ համեստ կարծիքով, հանդուրժողներիս հանդուրժողականության շնորհիվ են էս  կյանքն ու ներառյալ էս արձակս շարունակվում, եւ փառք Աստծո, որ հանդուրժողներին ոչ միայն հանդուրժողներս ենք հանդուրժում, այլեւ երբեմն նույնիսկ՝ անհանդուրժողները. այսինքն, ուզում եմ ասել, որ հանդուրժողներ նույնիսկ քաղաքական գործիչների ու մինչեւ անգամ հեղափոխականների շարքերում են պատահում, եւ առանձնակի բախտ է, որ ամենահանդուրժողները հենց ինձ  են պատահում, եւ ինձ պատահած ամենահանդուրժողները նրանք են՝ ովքեր առանց կարդալու են էս սկսածս ու շարունակելիքս հանդուրժում, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել. այսինքն, չէին կարող չհանդուրժել նրան՝ ով մշտապես ու անխտիր բոլորին է հանդուրժել, եւ չնայած  էսքան գրել ու գրում եմ, որեւէ մեկիդ դեմ երբեւէ բառ գրած չկամ, եւ հակառակը չէր էլ կարող լինել, որովհետեւ ես միայն էն դեպքերում եմ էս կյանքից հաճույք ստանում, երբ զգում եմ, որ ուրիշներն էլ են էս կյանքից հաճույք ստանում, եւ  եթե որեւէ մեկը բանաստեղծություն գրելուց հաճույք է ստանում, ես չեմ կարող էդ մարդու գրածներին անուն կպցնել՝ անկախ էն հանգամանքից՝  էդ գրածները հավանո՞ւմ եմ, թե՝ չէ. ավելին. ես էդ մարդկանց էդ գրածները կարդալով ու չհավանելով էլ կարող եմ  էդ մարդկանց էդ գրածները միանգամայն հանգիստ խղճով գովել, բայց նախընտրում եմ առանց կարդալու գովել, որովհետեւ առանց կարդալու գովելն անհամեմատ հեշտ է, քան՝ կարդալով ու չհավանելով գովելը, մանավանդ որ՝ մարդիկ ու մանավանդ բանաստեղծները շատ էլ գոհ են մնում, երբ իրենց գրածն առանց կարդալու են հավանում, եւ հատկապես իմ հավանելուց են գոհանում, որովհետեւ ես առանց հետին մտքի՝  միանգամայն մաքուր սրտով եմ մարդկանց ու մանավանդ բանաստեղծների գրածները հանդուրժում, եւ այլ կերպ չէր էլ  կարող լինել, որովհետեւ իրենք էլ իմ էս գրածն են հանդուրժում, եւ իմ հանդուրժողականությունն իրենց հանդուրժողականության համեմատ հեչ բան է, որովհետեւ իրենցից որեւէ մեկն էսքան երկարատեւ ու էսքան երկարաշունչ բան չի գրել, ու երեւի մտադիր էլ չեն գրել, եւ դրա համար միանգամայն բավարար հիմքեր  ունեն, եւ եթե որեւէ մեկն ինձնից առաջ էսքան երկարատեւ ու էսքան երկարաշունչ բան գրած լիներ, ես դժվար թե կարողանայի ինձ զսպել ու էդ մարդու հոգեկանի վերաբերյալ  որոշակի եզրակացություններ չանել, մանավանդ՝ եթե էդ մեկն էսքան ծանծաղ դատողություններ աներ իր ու ուրիշների հանդուրժողականության վերաբերյալ, բայց, այսուհանդերձ, ամեն ինչ վերջ ունի, վախենամ նաեւ՝ էս դատողություններս ու մտորումներս, եւ հատկապես հիմա՝ էս պահին եմ էս կապակցությամբ վախենում, որովհետեւ հիմա՝ երբ էս անվերջանալին փորձում եմ շարունակել, տհաճորեն հասկանում եմ, որ ոչ միայն մտքերս են որոշակիորեն ծանծաղացել, այլեւ ուշադրությունս է որոշակիորեն շեղվել իմ իսկ  բուն նյութից, բայց, բարեբախտաբար, իմ բուն նյութից ինձ շեղողն, ինչպես միշտ, իմ բուն նյութն է, ու էս վերջին օրերին՝ նաեւ ինտերնետը. ավելի ստույգ. ես աղջիկներիս օգնությամբ մի քանի անգամ ինտերնետ ներխուժելով՝ նախ Ֆալյանի մասին մի քանի կցկտուր տվյալներ կորզեցի, այնուհետեւ Լեւոն Դանիելյանի վերաբերյալ որեւէ բան չգտնելով՝ հանկարծ, որտեղից որտեղ ու չգիտեմ ինչու, Ալեքսանդր Պետրովիչ  Մեժիրովին հիշեցի, եւ Ալեքսան Պետրովիչին հիշելով՝ աղջիկներիս խնդրեցի, որ ինտերնետ մտնեն, ու տեսնենք՝ Մեժիրովի վերաբերյալ ինչ կա-չկա, եւ մեծս google-ի էջին գրեց՝ ԸսպՍրՈվՊՐ կպՑՐՏՉՌփ ԾպՋՌՐՏՉ, ու էն ամենը՝ որ Մեժիրովի վերաբերյալ մեր համակարգչի էկրանին տեսա ու կարդացի, էնքան անսպասելի էր, որ հիմա կարկամած ու շիվարած՝ դժվարանում եմ վերապատմել, որովհետեւ էն ամենը՝ որ Մեժիրովի մասին իմացա, ոչ միայն անսպասելի ու ցնցող էր, այլեւ՝ սահմռկեցուցիչ. էն աստիճանի սահմռկեցուցիչ, որ հիմա արդեն փոշմանել եմ, որ մերոնց խնդրեցի Մեժիրովի կապակցությամբ ինտերնետ մտնել, որովհետեւ էն ամենը՝ որ էս պահի դրությամբ ինտերնետում Ալեքսանդր Մեժիրովի մասին կա,  որեւէ առնչություն չունի իմ տեսած, իմ ճանաչած ու իմ իմացած Մեժիրովի հետ, եւ եթե իր անվան, հայրանվան ու ազգանվան դիմաց գրված չլիներ՝ ռուս սովետական բանաստեղծ, հաստատ կմտածեի, որ միանգամայն այլ Ալեքսանդր Պետրովիչ Մեժիրովի մասին է խոսքը, որովհետեւ էն ամենը՝ ինչ էս պահին Ալեքսանդր Պետրովիչ Մեժիրովի մասին ինտերնետում կա, ոչ միայն տիպական չի, այլեւ սազական էլ չի իմ իմացած ու իմ ճանաչած Ալեքսանդր Պետրովիչին՝  ով ոչ միայն չափազանց նուրբ բանաստեղծ էր, այլեւ՝ բարոյականության իսկական տիպար, եւ հիմա իր մասին էսպես անցյալ ժամանակով եմ խոսում, որովհետեւ ընդամենը մի քանի րոպե առաջ ինտերնետից տեղեկացա, որ ս.թ. մայիսի 22-ին Ալեքսանդր  Պետրովիչ Մեժիրովը կնքել է մահկանացուն, եւ քանի որ հիմա ի վիճակի չեմ վերապատմել Մեժիրովի մասին ինտերնետում եղածը, ավելի ճիշտ  կլինի ինտերնետից արտագրելով ներկայացնեմ էն ամենը՝ որ գրված է ինտերնետի իր էջի կենսագրություն բաժնում.
Մեժիրով Ալեքսանդր Պետրովիչ, ռուս սովետական  բանաստեղծ եւ թարգմանիչ (1923, մայիսի 26-2009, մայիսի 22, ԱՄՆ): Ծնվել է մտավորական հրեայի ընտանիքում: Հայրը՝ Պյոտր Իզրայիլովիչ Մեժիրովը (1888-1958) իրավաբան էր, մայրը՝ Ելիզավետա Սեմյոնովնա Մեժիրովան (1888-1969)՝ գերմաներենի ուսուցչուհի: 1941-ին Ալեքսանդր Մեժիրովը դպրոցական նստարանից մեկնել է ռազմաճակատ: Պատերազմից հետո ավարտել է Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը: Ն. Կ. Ստարշինովի հետ մասնակցել է գրական միավորման պարապմունքներին: Մտերիմ կապեր է ունեցել Ս.Ս. Նարովչատովի հետ: 1994 թվականից Մեժիրովն ապրում էր ԱՄՆ-ում: Բանաստեղծությունների վերջին ժողովածուն  հրատարակել է Նյու-Յորքի Word  հրատարակչությունը: Մահացել է Նյու-Յորքում՝ 2009 թվականի մայիսի 22-ին: 2009 թվականի սեպտեմբերի 25-ին Մեժիրովի աճյունն աճյունասափորով ամփոփվել է Պերեդելկինոյի գերեզմանատանը:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել