Ինչպես երեկ տեղեկացանք մշակույթի նախարարությունից՝ Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Զարգարյանը: Տ. Զարգարյանը ծնվել է 1954թ. փետրվարի 25-ին, Երեւանում, սովորել է Երեւանի ճարտարագիտական համալսարանում, մասնագիտացումը՝ գրադարանների եւ արխիվների թվայնացում եւ կառավարում: Ունի ավելի քան 25 տարվա մասնագիտական փորձ: Մասնակցել է Հայաստանի գրադարանների ավտոմատացված ցանցի նախագծման աշխատանքներին: 1994-2003 թթ. աշխատել է հանրապետական գիտաբժշկական գրադարանում՝ որպես ավտոմատացման բաժնի վարիչ, ապա՝ ԵՊՀ գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ: 2006թ. եղել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրենը: 2007-2009թթ. աշխատել է որպես IFL-FOSS (ազատ կոդերով ծրագրաշարեր) միջազգային ծրագրի համակարգող, իսկ ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնում 2008թ. եղել է «Գրադարանային գործ եւ տեղեկատվական աղբյուրներ» ամբիոնի վարիչը:
Այս նշանակումից հետո արձագանքները չուշացան: Ինչպես տեղեկացանք «Ա1+»-ից՝ Ազգային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանը դիմել է արդարադատության եւ մշակույթի նախարարներին՝ վերանայել իր ազատման մասին հրամանը, քանի որ դա չի բխում օրենքի տառից: Իսկ «Առավոտը» երեկ ստացել էր մի քանի նամակ՝ ի պաշտպանություն Դավիթ Սարգսյանի, որոնցում շեշտվում էր, որ պարոն Սարգսյանը, լինելով «գրքի եւ գրի մարդ», տարիներ շարունակ ծառայել է գիրն ու գրականությունը քարոզելու գործին, եւ կասկած էր հայտնվում, որ նորանշանակ տնօրենը կպատրաստի «ռոբոտների սերունդ»՝ «ինչ-որ ձեւով «կազատվի» գրադարանում պահպանվող մեր հնատիպ գրքերից՝ նախապատվությունը տալով դրանց էլեկտրոնային տարբերակների պահպանմանը»: