Դերասան Սերգեյ Բեզրուկովը, պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, թե ինչու երեկույթների չի գնում, ալկոհոլ չի օգտագործում, չի ծխում, յուղոտ կերակուրներ չի ուտում: Պարզվում է, նա առողջ ապրելակերպի կողմնակից է: Դերասանն այսքան ուշադիր է իր նկատմամբ, քանի որ սարսափելի վախենում է չարորակ ուռուցքից:
«Դա սարսափելի հիվանդություն է: Իմ կնոջ մայրն այդպես է մահացել: Ես ու կինս երբեմն գնում ենք մանկական հիվանդանոցներ՝ բարեգործական համերգների: Ես տեսնում եմ, թե այնտեղ ինչքան հիվանդ երեխաներ կան, ովքեր չարորակ ուռուցքով են տառապում»,- ասել է Սերգեյը: Նա նաեւ նշել է, որ բազում դերասաններ մահացել են հենց ուռուցքից, ինչպես, օրինակ, Օլեգ Յանկովսկին, Աննա Սամոխինան, Միխայիլ Կազակովը եւ ուրիշներ: Սերգեյը շատ է վախենում նրանց շարքերը համալրելուց:
Բոլորս էլ գիտենք, որ մեզանից յուրաքանչյուրի մոտ կարող է ուռուցք զարգանալ եւ դրա հիմնական պատճառը Սերգեյը համարում է ալկոհոլն ու ծխախոտը. «Ես տեսել եմ ծխող մարդու օրգանները: Դրանք ամբողջովին տարբերվում են առողջ մարդու օրգաններից: Սարսափելի է»:
Ռուսական լրատվամիջոցները գրել են, որ Սերգեյը մի անգամ երազում տեսել է իր սեփական թաղման արարողությունը եւ կնոջը, ով իր դագաղի մոտ լաց էր լինում: Այս երազից հետո դերասանը շատ ժամանակ չի կարողացել ուշքի գալ:
Փաստորեն՝ սիրված դերասանը ունի բազում բարդույթներ: Բացի վախն իր կյանքի նկատմամբ, նա չի վստահում ոչ ոքի: Նա միշտ սառն է, ոչ էմոցիոնալ: Իր՝ սառնասրտի դիմակը հանում է միայն այն ժամանակ, երբ կնոջ կամ ծնողների հետ է լինում:
Դերասանը նշել է, որ երբեք ընկերներ չի ունեցել: Նույնիսկ այն ժամանակ, երբ դպրոցական է եղել, ու պարզվում է՝ այդ ժամանակ էլ է շատ բարդույթներ ունեցել: «Ես ցածրահասակ երեխա էի ու դրա համար էլ այնպիսի զգացողություն ունեի, կարծես թե տարիքով էլ շատ փոքր լինեի: Բայց ինձ սիրահարվեց մեր դասարանի ամենաբարձրահասակ աղջիկը: Այդ աղջկան շատերն էին սիրում: Ու այդքան բարձրահասակ տղաներից այդ աղջիկն ինձ ընտրեց: Հետո ես հասկացա, որ աշխարհի ամենատաղանդավոր, մեծ մարդիկ հիմնականում ցածրահասակ են եղել»,- ըստ dni.ru-ի՝ ժպտալով ասել է դերասանը: