Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունքները մտահոգիչ են

Հունիս 18,2011 00:00

Քննաշրջանի առաջին փուլն ավարտվեց

Երեկ՝ ընդունելության քննությունների հիմնական փուլի վերջին քննական օրը, դիմորդները քննություն էին հանձնում հայոց պատմություն եւ ֆիզիկա առարկաներից: ԳԹԿ-ն արդեն հրապարակել է օրերս օտար լեզուներից քննություն հանձնած դիմորդների գնահատականները: Արդյունքները, ինչպես մնացած առարկաների դեպքում, գոհացուցիչ չեն: Բացառություն էր կազմել միայն իսպաներենից քննություն հանձնած միակ դիմորդի բարձր՝ 19.75 միավորը: Անգլերենի միջին միավորը 9.73-ն էր: Այս առարկայից 310 դիմորդից դրական շեմը չէր կարողացել հաղթահարել 104-ը կամ դիմորդների 33.5 %-ը, ֆրանսերենից եւ գերմաներենից «կտրվել» էին համապատասխանաբար 17.6 %-ը եւ 26.9 %-ը:
Երեկվա քննությունը մեկնարկեց տարօրինակ հանգամանքներում: Դիմորդներից մեկը՝ քննությունը նոր մեկնարկած, լքեց քննասենյակը: Նրանից անմիջապես հետո էլ մեկ այլ դիմորդ նախատեսվածից մեկուկես ժամ ուշացումով հայտնվեց եւ քննության պատասխանատուներից պահանջեց, որ իրեն ներս թողնեն քննասենյակ: Երբ քննակենտրոնի ղեկավար Կարո Նասիբյանը եւ մյուս պատասխանատուները մերժեցին երիտասարդի պահանջը, ներքեւում սկսեցին աղմուկ բարձրացնել դիմորդների ծնողները՝ իրենց դժգոհությունները հայտնելով քննությունն անցկացնող պատասխանատուներից, ինչպես նաեւ լրագրողներից, թե ինչու չենք աջակցում երիտասարդին: ԳԹԿ պատասխանատուները, սակայն, անդրդվելի էին եւ դիմորդին ներս չթողեցին այնքան ժամանակ, մինչեւ  20 րոպե անց քննակենտրոն ժամանեց ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը: Ծնողների «վրա տալուց» հետո դիմորդը ԳԹԿ տնօրենի հետ գոհ-գոհ մտավ քննասենյակ:  
«Չէի կարող կարգը խախտել, որովհետեւ կառավարության կողմից հաստատված է, որ թեստերը բացելուց հետո դիմորդը իրավունք չունի քննասենյակ մտնել, իսկ մենք ոչ միայն թեստերն էինք բացել, այլեւ քննությունը սկսել էինք: Նույն հաջողությամբ շրջանավարտը կարող է ասել՝ թողեք կես ժամ ավելի մնամ»,- պարզաբանեց Կ. Նասիբյանը: Դիմորդին ուշացած ներս թողնելու իր որոշման մասին էլ Գ. Խաչատրյանը «Առավոտին» ասաց. «Այստեղ միակ տուժողը ես էի՝ ո՛չ դիմորդը տուժեց, ո՛չ մյուսները, որովհետեւ կարգը միայն ես եմ խախտել, թո՛ղ ինձ պատժեն»:  
Ամփոփելով քննաշրջանի առաջին փուլը՝ ԳԹԿ տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ մինչեւ քննությունների մեկնարկն արած իր վատ կանխագուշակումն իրականացավ եւ չնայած հեշտացված թեստերին, դիմորդների մի ստվար զանգված չկարողացավ հաղթահարել քննությունների նվազագույն՝ 7.5 շեմը: Ենթադրելի է, որ ցածր միավորներ հավաքած բոլոր դիմորդները կդառնան ուսանող: «Քննությունները հարթ ընթացան, բայց արդյունքների տեսակետից գոհ չենք, ինչը  կանխատեսելի էր»,- ասաց Գ. Խաչատրյանը: Մեր հարցին, թե ցածր մակարդակ ունեցող դիմորդները, որոնք մի քանի տարի անց կավարտեն բուհերը եւ աշխատանքի կանցնեն տարբեր կառույցներում, արդյո՞ք ապագայում պատուհաս չեն լինի երկրի համար, Գ. Խաչատրյանի կարծիքով՝ ոչ. «Նրանց հետ բուհը 4-5 տարի աշխատելու հնարավորություն կունենա եւ լավ աշխատելով՝ նրանց կարելի է մասնագետներ դարձնել»: Նշենք, որ ԳԹԿ-ն հունիսի 24-ից հուլիսի 2-ը կիրականացնի միասնական լրացուցիչ քննության հայտագրումը, որին կարող են մասնակցել սփյուռքի շրջանավարտները, պարտադիր ժամկետային զինծառայությունից 2011թ. զորացրվածները, նաեւ այն դիմորդները, որոնք առաջին փուլի համար չէին հայտագրվել կամ միասնական քննությունների հիմնական փուլին հարգելի պատճառով ի վիճակի չէին եղել մասնակցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել