Սա, թերեւս, ամենավտանգավոր էքստրեմալ մարզաձեւն է, թեեւ ոչ ոք չի կարող ասել, թե աշխարհում տարեկան քանի մարդ է զոհվում: Դրա վտանգն այնքան մեծ է, որ ԱՄՆ-ում այն արգելված է օրենքով: Որպես կանոն, էքստրեմալ մարզաձեւերով, որոնցում կյանքը ինչ-որ չափով վտանգի է ենթարկվում, զբաղվում են ադրենալինի ահագնացող պակասը լրացնելու համար: Իսկ բեյս-ջամփինգում մարդը ոչ միայն կանգնած է կյանքի ու մահվան սահմանին, այլեւ այդ սահմանը գնալով նեղանում ու նեղանում է: Բեյս-ջամփինգը մոտավորապես պարաշյուտային սպորտի տարատեսակ է: Սակայն այնքան է հեռացել դրանից, որ առանձին մարզաձեւի կարգավիճակ է ստացել: Բեյսերները (այդպես են կոչում այս մարզաձեւով զբաղվողներին) գերազանցապես նախկին պարաշյուտիստներ են, սակայն նրանց արդեն չեն բավարարում ժամանակի առումով ձգձգվող թռիչքներն ամպերից: Նրանք ցատկում են բարձրահարկ շենքերի տանիքներից: Բայց տանիքում տեսնելով տեղադրված ալեհավաքները՝ բարձրանում են դրանց վրա: Հետո նրանց ուշադրությունը գրավում են բարձր կամուրջները: Իսկ երբ դա էլ արդեն քիչ է թվում, ցատկում են արդեն սարերի գագաթից: Եթե պարաշյուտային սպորտում թռիչքի նվազագույն բարձրությունը մեկ կիլոմետր է եւ որքան բարձրանաս, այնքան ավելի հետաքրքիր է դառնում, բեյս-ջամփինգում լրիվ հակառակն է. որքան ցածր, այնքան դժվար, վտանգավոր, բայց՝ գրավիչ: Բեյսերներն իրենց հետ երկրորդ պարաշյուտ չեն վերցնում՝ միեւնույն է՝ բացել չեն հասցնի: Այնպես որ, նրանք սխալվելու իրավունք, պարզապես, չունեն: Հակառակ դեպքում՝ հաջորդ ցատկը հաստատ չի լինի: Բեյսերներն ունեն իրենց երկաթյա կանոնները՝ երբեք եւ ոչ ոքի հետ դրամով չպարապել: Նրանց կարգախոսն է. «Գնալ միայն նրա հետ, ով գիտակցում է անելիք քայլը եւ հավատում, որ ողջ է մնալու»: