Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ԽԼՂԱԹՅԱՆԸ

Հունիս 18,2011 00:00

\"\"

Սկիզբը՝

Մի՛ դատիր,
որ չդատվես, կամ
արտագրությունը որպես ուղիղ ճանապարհ

Հայ դպրոցի, ծրագրերի ու դասագրքերի դեմ նրա ատամկրճտոցներն ուժեղանում են հատկապես դասագրքերի մրցույթների նախօրյակին, երբ դատավորի քղամիդ հագած՝ մենտորական մեթոդով համաժխտողական քարոզ է կարդում՝ եղած վիճակը վատթարագույնս հայտարարելով, մեղադրում է բոլորին, բացի իրենից: 2006թ. փետրվարի 28-ին «Չորրորդ իշխանություն» օրաթերթին տված հարցազրույցում փոխանակ գիտականորեն վերլուծելու մեր լեզվի իրավիճակը, ինչպես կվայելեր իր տրամաչափի պաշտոնյային, հարցին մոտենում է բաժակաճառային մակերեսայնությամբ, հայտարարում է, թե «սերունդը տարեցտարի ավելի ու ավելի անգրագետ է դառնում, եւ դրա միակ պատճառը դպրոցն է, ծրագրերը եւ, իհարկե, հայոց լեզվի դասագրքերը»: 2009 թվականին նոր միայն պարզ է դառնում, թե իր հարցազրույցում պարոն Եզեկյանը, ապարանցու լեզվով ասած, «դոր ա կտփա»: Իր հայրենակից ԿԳ նախարար Ս. Սեյրանյանի ջանքերով հաղթեց «Ջավախք» հայրենակցական միությունը, եւ Եզեկյանն ու իր խումբը միանգամից դարձան ավագ դպրոցի 6 դասագրքի հեղինակ:
Ասում են՝ էքսնախարար Ս. Սեյրանյանը, գերազանցելով իր լիազորությունները, հայտարարել էր, թե մյուսներն իզուր են դասագրքեր ներկայացնում, քանի որ, միեւնույն է, Եզեկյանի խմբինը պիտի անցնի: Իսկ «Էդիթ-Փրինտ» հրատարակչության փաթեթն էլ առհասարակ չէին վերցրել:
Իսկ հիշյալ հարցազրույցում նոր դասագրքերի մահախոսականը կարդալուց հետո զարմանալի երեսպաշտությամբ Եզեկյանը հայտարարել է. «Այդ դասագրքերը մեր (այսինքն՝ իր) երաշխավորությամբ են մտել դպրոց»: Շատ ճիշտ է, այն էլ բարձր գնահատականով: Դա 1999 թվականին էր, երբ ինքը դասագրքերի գնահատման հանձնաժողովի նախագահն էր: Դրանից ուղիղ 13 տարի անց 2 անգամ եւս մրցույթով անցած, բարեփոխված ու նորովի խմբագրված դասագրքերը նույն պրոֆեսորի ջանքերով գնահատվում են «անբավարար» եւ «չեն հաղթահարում» մրցույթի նվազագույն շեմը, փոխարենը երաշխավորվում են իր ամբիոնի անդամ Փ. Մեյթիխանյանի «դասագրքերը», որովհետեւ սրանք էլ «պլեճի» սկզբունքով են կազմված՝ ամեն տեղից մի քիչ թքած-կպցրած:
Թող թույլ տրվի հարցնելու, ե՞րբ է ազնիվ եղել Լ. Եզեկյանը, 1999 թվականի՞ն, երբ շատ բարձր էր գնահատում Խլղաթյանի դասագրքերը, թե՝ 2011 թվականին, երբ գնահատականը դարձնում էր անբավարար եւ հորդորում գնահատող հանձնաժողովի մյուս անդամներին, որ ցածր չգնահատեն Փ. Մեյթիխանյանի «դասագրքերը»:
Պարոն Եզեկյանը հատկապես եռանդագին է սուր ճոճել 9-10-րդ դասարանների դասագրքերի դեմ, որոնց հեղինակները արժանահիշատակ ակադեմիկոս Գ. Ջահուկյանն էր եւ Խլղաթյանը: Ջահուկյանն արդեն չկար եւ հարմար առիթ էր իր երազանքի ամրոցը գրավելու համար, ինչը որ կատարվեց վերեւում նշված ձեւով՝ նախարարի աջակցությամբ:
Խլղաթյանի դասագրքերը, իր թոռնիկի դասատուի կարծիքին հիմնված, մի լավ փնովելով հանդերձ՝ Լ. Եզեկյանը չի խորշել նրա աշխատություններից ամբողջական հատվածներ արտագրելուց:
Ժամանակին Մ. Նալբանդյանը գրեց իր նշանավոր գործերից մեկը՝ «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», իսկ մերօրյա կոմպիլյատորները մշակել են նոր տեսություն՝ «Արտագրությունը որպես ուղիղ ճանապարհ»: Ինչո՞ւ չարչարվել, փորձել նոր տեսություններ ստեղծել, նոր դասակարգումներ կատարել, երբ քեզանից առաջ ուրիշներն արդեն արել են: Վերցրու եւ արտագրիր, գուցեեւ չնկատեն:
Խլղաթյանը հայոց լեզվի ոճաբանության ուսումնասիրությամբ զբաղվում է 1968 թվականից: 1971 թվականին լույս է տեսել նրա առաջին գրքույկը՝ «Ոճաբանության առարկան եւ խնդիրները»: Դրանից հետո հրատարակվել են նրա բազմաթիվ այլ հոդվածներ, գրքեր: Այս բնագավառում կարեւոր դեր է խաղացել ակադեմիկոս Գ. Ջահուկյանի հետ գրած ոճաբանության դասագիրքը (առաջին հրատ., 1975թ.), որն ունեցավ բազմաթիվ հրատարակություններ եւ հրապարակից վերցվեց 2007 թ., նաեւ Լ. Եզեկյանի ջանքերի շնորհիվ: Այս գրքի առաջին հրատարակության տիտղոսաթերթի երկրորդ էջում այն ժամանակ գրվեց, թե տեսական մասը գրել է Գ. Ջահուկյանը, իսկ գործնականը՝ Ֆ. Խլղաթյանը: Սակայն գործնական մաս՝ չէր նշանակում միայն վարժություններ եւ առաջադրանքներ: Խլղաթյանին էր պատկանում ողջ տերմինային համակարգը, որ մինչեւ այդ մաս-մաս տպագրվել էր «Հայոց լեզուն եւ գրականությունը դպրոցում» ամսագրում, ապա՝ «Ոճաբանական տերմինների բառարան-տեղեկատու» գրքում: Դասագրքի հետագա հրատարակություններում Ֆ. Խլղաթյանի կողմից ավելացվել են ամբողջական բաժիններ՝ հատուկ նշումներով: Սակայն պարոն Եզեկյանը ամեն ինչ վերագրելով ակադեմիկոս Ջահուկյանին, հաճախ ուղղակի «թխում» է, կարծես Ջահուկյանից արտագրելն ավելի թույլատրելի է: Թող ընթերցողը համեմատի բերվող հատվածները:
1.«Հնչյունական կազմը,- նշում է ակադ. Ջահուկյանը,- խոսքի համար ծառայում է ոչ միայն իբրեւ սոսկ ձեւ, այլեւ վերաբերմունքի, տրամադրության արտահայտման կարեւոր միջոց: Այդ դերն իրականացվում է ձայնի բարձրության, ուժգնության, տեւողության, դադարների, հնչերանգի փոփոխությունների… միջոցով», եւ այսպես՝ 12 տող (Լ. Եզեկյան, Ոճագիտություն, Երեւան, 2003թ., էջ 105: Նույնը՝ Գ. Ջահուկյան, Ֆ. Խլղաթյան, Հայոց լեզու 9-10, Երեւան, 1994, էջ 59):
Իրականում հատվածը Խլղաթյանի «Հնչյունական ոճաբանություն» աշխատությունից է, որը տպագրվել է 1982թ. ԳԱ «Լեզվի եւ ոճի հարցեր» ժողովածուի 6-րդ հատորում, իսկ 1994թ. տեղադրվել է 9-10 դասարանների հայոց լեզվի դասագրքում՝ հատուկ նշումով, որ այդ մասի հեղինակը Խլղաթյանն է: Բայց Եզեկյանն ավելի է առաջ գնում: Եթե այս դեպքում որպես փրկության միջոց ներկայանում էին չակերտները, ապա հետեւյալ օրինակներում դրանք չկան:
2. «Արտասանության մեջ ոճական շերտավորումը դրսեւորվում է արտասանական տարբեր եղանակներով, որոնք բնութագրվում են խոսքի հստակության եւ տեմպի տարբերություններով: Արտասանական այդ եղանակները կոչվում են արտասանական ոճեր…» («Լեզվի եւ ոճի հարցեր», 6, 1982թ., էջ 102, Հայոց լեզու 9-10, Երեւան, 1994, էջ 77):
«Սովորաբար առանձնանում են արտասանության երեք տարբերակ, որոնք բնութագրվում են խոսքի հստակության եւ տեմպի տարբերություններով եւ կոչվում են արտասանական ոճեր» (Լ. Եզեկյան, Ոճագիտություն, Երեւան, 2003թ., էջ 111):
3. «Արտասանության չեզոք ոճը սովորական, բնական, հանդարտ խոսքին հատուկ արտասանություն է, որ հանդիպում ենք ռադիոյի հաղորդավարների խոսքում լուրերի եւ նման այլ նյութերի ընթերցման ժամանակ… Այդպիսի արտասանության ժամանակ լրիվ իրացվում է խոսքը բաղադրող բառերի ողջ կազմը, բոլոր հնչյուններն արտաբերվում են հստակ ու պարզորոշ, խոսքի թափը սովորական է, փոքր-ինչ դանդաղեցված… եւ այլն» (Ֆ. Խլղաթյան, Հնչյունական ոճաբանություն, ԼՈՀ, 6, էջ 103, Հայոց լեզու 9-10, էջ 78): Նույնը կարդում ենք Լ. Եզեկյանի «Ոճագիտությունում», էջ 111:
4. «Արտասանական հռետորական ոճը հատուկ է հրապարակային, հանդիսավոր խոսքին եւ դրսեւորվում է միտինգներում, ժողովներում կամ ռադիոյով տրվող հատուկ հաղորդագրությունների ընթերցման ժամանակ… եւ այլն», շուրջ կես էջ (Ֆ. Խլղաթյան): Նույնը՝ Լ. Եզեկյանի գրքում (էջ 111):
Տեղ խնայելու պատճառով բավարարվենք այսքանով, թե չէ՝ պատկերն առավել ցնցող կստացվեր:
Եզեկյանի մյուս կարեւոր «գիտական» հայտնագործությունը ուրիշների գտած տեքստային օրինակների օգտագործումն է: Բոլորն էլ գիտեն, որ նման օրինակների որոնումն աշխատատար, դժվար գործ է. երբեմն մի նախադասություն գտնելու համար տասնյակ գրքեր ես թերթում: Բայց ինչո՞ւ տանջվել, երբ կարելի է ուղղակի օգտագործել այլոց գրածը: Իհարկե, որեւէ հեղինակից բերված օրինակը ոչ ոքի սեփականությունը չէ, բայց այս դեպքում կարեւորվում է առաջնության խնդիրը: Այս մասին խոսվում է, քանի որ Լ. Եզեկյանի կողմից դարձել է աշխատանքային մեթոդ: Բերենք մի քանի օրինակ միայն՝ նշելով Եզեկյանի «Ոճագիտություն» գրքի էջերը. 343, 350, 3 59, 365, 368 եւ այլն:
Օրինակների այս սեփականաշնորհումը սկսվել է շատ վաղուց: 1999թ. հրատարակած «Հայերենի գործառական ոճերը» գրքույկում նա լռելյայն օգտագործել է Խլղաթյանի 1971թ. «Ոճաբանության առարկան եւ խնդիրները» աշխատության օրինակը. «Սրտամկանի ինֆարկտն առաջանում է…»: Ուրեմն գործ ունենք սկզբունք դարձած աշխատանքային արատավոր մեթոդի հետ: Անշուշտ, այստեղ չի աշխատի «մի՞թե միայն դուք…» հարցապնդումը: Լ. Եզեկյանը նշված եւ այլ օրինակների մեծ մասը բերում է Խլղաթյանից կատարվող չակերտավոր մեջբերումներից հետո, բայց օրինակները թողնելով չակերտներից դուրս, իբր ինքն է գտել:
Այս դեպքում ի՞նչ պիտի անի Խլղաթյանը, եթե խոսի: Երեւի կպահանջի «մրցութավար» հանձնաժողովից պատասխանելու հետեւյալ հարցին. «Իրավունք ունե՞ր նման անձը գնահատման հանձնաժողովի անդամ դառնալու եւ իր թալանած հեղինակի դասագրքերը բացասաբար գնահատելու»: Դե՛, ասեք:
Ո՞րն է «Ժառանգության» պաշտպանած ժառանգությունը
Եթե պիտի խոսվի վերոհիշյալ չարաբաստիկ «մրցույթի» մասին, ապա, հավանաբար, չպիտի անտեսվի «Ժառանգություն» կուսակցության, ավելի ճիշտ՝ նրա ղեկավար անդամներից մեկի՝ Անահիտ Բախշյանի վարվելակերպը: Իշխանություններին աջ ու ձախ քննադատող այս հայտնի ընդդիմադիր տիկինը՝ որպես խորհրդարանի գիտության եւ կրթության հանձնաժողովի անդամ, անդամակցում էր նաեւ այս մրցութային հանձնաժողովին: Թվում էր, թե նրա ներկայությունը կզսպեր Փ. Մեյթիխանյանի լոբբիստներին եւ արդար որոշում կընդունվեր: Դարձյալ պիտի հիշենք Չեռնոմիրդինին՝ «ստացվեց՝ ինչպես միշտ»: Ասում են՝ նույնիսկ չծանոթանալով ներկայացված դասագրքերի խմբաքանակներին՝ նա լռելյայն ստորագրել է դեմ տրված որոշումը: Կարծես ժամանակը կանգ էր առել, չէր կազմաքանդվել ԽՍՀՄ-ը, կարծես Հայաստանը չէր անկախացել, չէր առաջացել կրթության ոլորտում եւս վերակառուցումներ կատարելու, նոր կրթակարգ եւ դրան համապատասխան ծրագրեր ու դասագրքեր ունենալու պահանջը, որին արձագանքելով՝ Խլղաթյանը 90-ական թվականներին չէր առաջադրել հայոց լեզվի դասավանդման իր «տեսլականը» եւ դրա հիման վրա չէր ստեղծել շուրջ 13 դասագիրք, որոնք մեծ դիմադրությամբ դպրոց մտնելով՝ մասամբ գործածվում են մինչեւ այժմ: Դրանք նոր հայեցակերպով գրված, նախկիններից շատ բանով, նույնիսկ արտաքին ձեւավորմամբ տարբերվող եւ աշակերտների կողմից սիրված դասագրքեր են: Բայց անցյալի հին ժառանգությունը պաշտպանող «Ժառանգական» Ա. Բախշյանը, «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսը քաղաքական դաշտից կրթական տեղափոխած գործիչների հետ ձեռք-ձեռքի տված, իր անձնական հարվածն է տվել նոր հայեցակարգային դասագրքերը գործածությունից հանելու որոշման նախագծին:
Քաղաքական գործիչ, երկարամյա մանկավարժ եւ դպրոցի տնօրեն աշխատած տիկին Ա. Բախշյանը հավանաբար հրապարակավ հասարակությանը կբացատրի, թե ինչ չափանիշներով է ղեկավարվել՝ առաջնությունը տալով «Փառամանուկ» ծրագրին: Հասարակությունը սպասում է: Թե չէ ստացվում է, թե ամբիոնից ասվածը կաբինետներում կատարելը պարտադիր չէ:
Իրավաբանական
մի քանի հարց

1. Ովքեր համացանցում կարդացել են, նկատած կլինեն, որ «հաղթած» դասագրքերի հեղինակները չեն նշվում, անհայտ են՝ չնայած բոլորը գիտեն, թե ով է իրականում:
Ասում են, թե «մրցութավարները» իրենց շրջապատում մե՛կ հայտնում են, թե երաշխավորել են Հ. Բարսեղյանի դասագիրքը, մե՛կ էլ Է. Աղայանինը, բայց զարմանալիորեն ո՛չ Մեյթիխանյանի: Այստեղ գորիսեցիները կասեին. «Ընենց սուտ ասա, որ ճիշտը կողքին պպզի»: Աստված իրենց հետ. այս պարագայում հեղինակի ով լինելը այնքան էլ կարեւոր չէ: Բազմավաստակ լեզվաբաններ Հ. Բարսեղյանի եւ Է. Աղայանի անունները Մեյթիխանյանի հետ կապելը՝ նրանց համար պետք է վիրավորական լիներ: Հպանցիկ դիտումից երեւում է, որ «հաղթած» դասագրքում շատ բան կա թռցրած Է. Աղայանի եւ Հ. Բարսեղյանի 5-7-րդ դասարանների դասագրքից: Բայց Մեյթիխանյանն այնպիսի շիլաշփոթ է սարքել, որ եթե 20 տարի առաջ վախճանված հարգելի ակադեմիկոս Է. Աղայանը կենդանի լիներ, կարգելեր իր անունը հիշատակել: Իսկ ծերունազարդ Հ. Բարսեղյանը հայտնի չէ, թե ինչ առնչություն ունի այդ գրքի հետ: Ամեն կերպ դասագրքի հեղինակ դառնալու Փ. Մեյթիխանյանի մոլուցքը արջի ծառայություն է դարձել երկու ականավոր գիտնականների համար:
Բայց ասում են, թե Է. Աղայանի անունն առհասարակ չկա դասագրքի վրա: Բայց այդ դեպքում ինչպես պիտի լուծվեն առաջացող իրավաբանական հարցերը: 5-7-րդ դասարանների դասագիրքը առաջին անգամ լույս է տեսել 1965թ.՝ Է. Աղայանի եւ Հ. Բարսեղյանի ստորագրությամբ: Հրատարակվել է մինչեւ 1994թ: Շուրջ 30 տարվա ընթացքում գիրքը էական փոփոխությունների չի ենթարկվել, եթե հաշվի չառնենք, որ վերջին տարիներին հոլովման համակարգը այստեղ ներկայացվում էր հինգ հոլովի սկզբունքով՝ շեղվելով պետական ծրագրից: Գրքում նշված չէ, թե որ մասն է գրել Է. Աղայանը, որը՝ Հ. Բարսեղյանը, հետեւաբար երկուսն էլ հանդես են գալիս որպես հավասարազոր հեղինակներ: Այդ դեպքում ինչպե՞ս պիտի լուծվի Է. Աղայանի հեղինակային իրավունքի հարցը:
2. Համացանցում տեղադրված է տեղեկատվություն «մրցույթում հաղթած դասագրքերի մասին» եւ հիշատակվում է միայն 7-րդ դասարանի դասագիրքը: Մի՞թե 8-րդ եւ 9-րդ դասարանները չեն հաղթել: Եթե նույնիսկ սա պարզ վրիպում է, չպիտի մոռանալ, որ Խլղաթյանի 8-րդ եւ 9-րդ դասարանների դասագրքերը դեռ երկու տարի էլ պիտի գործածվեն: Այդ դեպքում մերժված դասագրքերն ինչպես են հանձնարարվում գործածության այդ դասարանների համար: Մեղք չե՞ն աշակերտները, որ երկու տարի պիտի գործածեն այդ «անպետք», որակավորման նվազագույն շեմը չհաղթահարած գրքերը: Խե՜ղճ, խե՜ղճ երեխաներ:
Խլղաթյանը կարող է հարցնել՝ ինչպե՞ս կվարվի նախարարությունը, այժմվանից դրանք կհանի՞ գործածությունից, թե՞ հեղինակին երկու տարվա համար լրացուցիչ հոնորար պիտի վճարվի: Բայց քանի որ մեզանում Օրենքն ու Իրավունքը շատ հաճախ ննջում են, ապա դժվար թե Խլղաթյանն իր հարցին խելամիտ պատասխան ստանա:

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական
համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ,
պրոֆեսոր Ֆրիդրիխ Խլղաթյանի մտորումները գրի առավ
 ՖՐԻԿ ԽԼՂԱԹՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել