Իսպանիայի կառավարությունը որոշում է ընդունել երկրից վտարել Լիբիայի դեսպան Աժելի Աբդուսսալամ Ալի Բրենին եւ դեսպանատան եւս երեք աշխատակիցների՝ «Քադդաֆիի ռեժիմին աջակցելու կապակցությամբ»: Այդ մասին, ИТАР-ТАСС- ի մատուցմամբ, ասված է Իսպանիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Լիբիայի դեսպանին 10 օր ժամանակ է տրվել Իսպանիան լքելու համար: Արտգործնախարարության հաղորդագրության մեջ նաեւ ասված է, թե՝ իսպանական կառավարության կարծիքով, «Քադդաֆիի ռեժիմը երկրի բնակչության դեմ շարունակվող բռնությունների պատճառով կորցրել է իր լեգիտիմությունը»:
Ինչպես պարզաբանել են Իսպանիայի ԱԳՆ-ում, երկրից լիբիացի դիվանագետների վտարումը չի նշանակում դեսպանության վերջնական փակում. այնտեղ դեռ շարունակում են մնալ առաքելության մի քանի աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Իսպանիայի կառավարությունը հայտարարել էր Տրիպոլիում Իսպանիայի դեսպանի պաշտոնը լուծարելու մասին, իսկ Իսպանիայի ԱԳ նախարար Տրինիդադ Խիմենես Գարսիա-Էրրեռան, որը այցելել է լիբիական ապստամբների վերահսկողության տակ գտնվող Բենգազի քաղաք, Ազգային անցումային խորհուրդը ճանաչել է որպես «լիբիացի ժողովրդի օրինական ներկայացուցիչ»: