Վենեսուելայի «Ռոդեո-1» բանտում ծայր առած զանգվածային անկարգությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Բանտում, որը գտնվում է Վենեսուելայի մայրաքաղաքի ծայրամասում, զինված բախում է տեղի ունեցել կալանավորների երկու հակամարտող խմբավորումների միջեւ, որի արդյունքում, բացի զոհերից, նաեւ 14 կալանավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Այդ մասին հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ- ը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի եւ արդարադատության նախարար Թարեք էլ-Աիսսամին: Կալանավորների միջեւ զինված բախումը տեղի էր ունեցել դեռ անցած կիրակի՝ հունիսի 12-ին, բայց մինչ օրս էլ դրա պատճառները հայտնի չեն: Հայտնի է միայն, որ արյունալի հակամարտության մեջ ներքաշված են եղել բանտի երկու մասնաշենքերի կալանավորները եւ, որ դա վաղուցվա թշնամանք է եղել:
Վենեսուելայի իշխանությունները խոստովանել են, որ երկրի բանտերում շատ ծանր իրավիճակ է ստեղծվել, քանի որ գաղտնի ճանապարհով կալանավորների ձեռքին են հայտնվում ոչ միայն սառը զենք, այլեւ՝ հրազեն:
«Ռոդեո-1»-ում տեղի ունեցած խոշոր բռնություններից հետո Վենեսուելայի ՆԳՆ ղեկավարը հայտարարել է բանտերի գործերով մի նոր նախարարություն ստեղծելու մասին, որի խնդիրն է լինելու հարավամերիկյան այդ երկրի բանտային համակարգի արմատական բարեփոխումը: Նոր գերատեսչությունը, որը ստեղծվելու է ՆԳՆ-ի հենքի վրա, զբաղվելու է ոչ միայն բանտի կարիքները հոգալով, այլեւ շփումներ է հաստատելու կալանավորների հարազատների հետ, նաեւ զբաղվելու է այն սոցիալական միջավայրով, որը մարդկանց ստիպում է հայտնվել ամբաստանյալի աթոռին:
34 բանտերից բաղկացած ցանցի արդիականացման համար երկրի նախագահ Ուգո Չավեսը 413 մլն բոլիվար՝ 100 մլն դոլար է հատկացրել: