Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը, ով բուժման նպատակով գտնվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր- Ռիյադում, չի վերադառնա հայրենիք: Այդ մասին հայտնում է news.am-ը՝ վկայակոչելով France Presse գործակալությունը: Ըստ աղբյուրի, այդ մասին հայտարարել են Սաուդյան Արաբիայի իշխանությունները:
Հակակառավարական ցույցերը Եմենում շարունակվում են փետրվարի սկզբից: Վերջին շաբաթներին լուրջ բախումներ են ընթանում կառավարական ուժերի եւ ապստամբների միջեւ:
Հունիսի 3-ին Սանայում, նախագահական նստավայրի մերձակայքում գտնվող մզկիթի ռմբահարման ժամանակ Սալեհը վիրավորվել էր: Սկզբում ասվում էր, որ նա թեթեւ է վնասվել, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա սրտի շրջանում 7,6 սմ-անոց բեկոր կա: Բացի այդ, նա դեմքի երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել: Նախագահին տեղափոխել են Էր-Ռիյադ՝ վիրահատության: