BBC-ի մատուցմամբ, Ուկրաինայի Սահմանադրական դատարանը չեղյալ է համարել 1941-45թթ. Համաշխարհային երկրորդ պատերազմի հաղթանակին նվիրված պաշտոնական տոնակատարությունների ժամանակ կարմիր դրոշի օգտագործման մասին օրենքը:
Դատարանն այդ որոշումը հիմնավորել է նրանով, որ Ուկրաինայի Սահմանադրությունը սահմանել է երկրի պետական խորհրդանիշների ամբողջական ցանկը, որում կարմիր դրոշը մատնանշված չէ:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Գերագույն ռադան օրենք էր ընդունել, որի համաձայն՝ մայիսի 9-ին նվիրված արարողությունների ժամանակ կարելի էր օգտագործել 1945-ին գերմանական Ռեյխստագի վրա ծածանված Իդրիցկի 150-րդ հրաձգային դիվիզիայի կարմիր դրոշի (նկարում) կրկնօրինակը:
Օրենքում ասված էր, որ այդ դրոշը դիտարկվում է որպես «Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ խորհրդային ժողովրդի, նրա բանակի եւ նավատորմի տարած հաղթանակի խորհրդանիշ»:
Սակայն այդ օրենքի ընդունումը ուկրաինական հասարակության ներսում թեժ բանավեճեր էր հրահրել: Ընդդիմադիր կուսակցությունները, նաեւ երկրի մի քանի մարզերի տեղական իշխանությունները Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին կոչ էին արել վետո դնել օրենքի վրա եւ չվավերացնել այն: Ընդդիմության շատ կողմնակիցների ու Ուկրաինայի Արեւմուտքում ապրող բնակիչների համար կարմիր դրոշը ասոցացվում էր ԽՍՀՄ տարիների ռեպրեսիաների հետ:
Նախագահի աշխատակազմը ստիպված էր եղել կարմիր դրոշի մասին օրենքը կառավարություն ուղարկել՝ փորձաքննության համար, իսկ մայիսի վերջին Յանուկովիչն այդ փաստաթուղթը ստորագրել էր: Ու թեեւ մայիսի 9-ին վիճահարույց օրենքը դեռ ուժի մեջ մտած չէր եղել, այդուհանդերձ, այն Ուկրաինայի բազմաթիվ մարզերում տեղի ունեցած տոնակատարությունների ժամանակ ծածանվել էր: Լվովում հենց այդ դրոշի համար էր, որ Հաղթանակի օրվա արարողությունը վերածվել էր զանգվածային բախումների: Իսկ ՍԴ որոշումն ընդունվել է ուկրաինական ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Յուրի Կոստենկոյի հայցի քննարկման արդյունքում: ՍԴ-ին ուղղված իր դիմումում ընդդիմադիր գործիչը գրել է, որ «օրենքը ոչ միայն հակասում է Սահմանադրության բազմաթիվ դրույթների, այլեւ քաղաքացիների շրջանում անջատողական տրամադրություններ է հրահրում»: