Կապանցիների համար Պատրիկ Լորենի ասածը անընդունելի է, անհարգալից եւ վիրավորական
Հունիսի 16-ին տեղեկացրել ենք, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը՝ մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Սյունիքի մարզկենտրոն Կապանի ջրամատակարարման վիճակի մասին, ասել էր. «Ես 2 անգամ եղել եմ Կապանում: Կապանի ջուրը մի քանի օրով պղտորվում է՝ ձնհալի պատճառով: Քաղաքին ջուր մատակարարվում է մակերեւութային ջրերից: Ձնհալի ժամանակ ջուրը շատանում է, իսկ զտիչ կայանը չի հասցնում ամբողջովին ֆիլտրել ջուրը: Մարդկանց մեջ շփոթմունք կա ջրի որակի հետ կապված. պետք է տարբերել աղտոտված եւ պղտորված ջուրը: Գարնանը Կապանի ջուրը պղտորվում է, որը բոլորովին անվտանգ է խմելու համար, շուտով մաքրման նոր սարք կտեղադրենք»: Այս հայտարարությունը զայրացրել է Սյունիքի մարզկենտրոնի բնակչությանը:
Կապանցիները տարիներ շարունակ բարձրաձայնում են, որ «Հայջրմուղկոյուղին» իր գործունեությունը լավ չի իրականացնում, որի հետեւանքով տուժում է ողջ բնակչությունը, Կապանում հաճախակի են վթարները, ջրագրաֆիկի խախտումները, պարբերաբար պղտոր ջրի մատակարարումը, կեղտաջրերը՝ քաղաքի միջով հոսող գետ լցնելը ու դրանով պայմանավորված անտանելի գարշահոտը եւ այլն: Վերջին անգամ էլ հունիսի սկզբին Կապանի բնակիչները 4 օր շարունակ մնացել էին առանց խմելու ջրի, բաժանորդներին մատակարարվել է խիստ պղտոր եւ խմելու համար ոչ պիտանի ջուր: Ինչպես միշտ, կառույցի պատասխանատուները Կապանի ջրի պղտորումը պատճառաբանում են առատ տեղումներով եւ մաքրման կայանի նվազ հզորությամբ:
Կապանցի տիկին Անահիտը, որ շատ այլ կապանցիների նման ծորակի ջուրն առանց եռացնելու չի օգտագործում, Պարոն Լորենի ելույթից, մեղմ ասած, ոգեւորված չէ. «Կարո՞ղ է հիմար ենք, որ չտարբերենք մաքուր խմելու ջուրն անորակ ու պղտոր ջրից: Տարվա մեջ քանի անգամ պղտոր են ջուր տալիս, բացի այն, որ եռացնում ենք՝ նոր խմում, ժամանակ առ ժամանակ էնքան պղտոր է լինում, որ ստիպված խանութներից ենք ջուր առնում, որովհետեւ էդ աստիճանի պղտոր ջուրը եռացնել ու օգտագործել ուղղակի չի լինում: Մի ֆրանսիացի տարբերում է պղտոր ու աղտոտված ջուրն իրարից, բայց մի ամբողջ քաղաքի բնակչություն չի տարբերում, հա՞: Թող էդ ջուրը ուղարկեն Ֆրանսիա խմելու, իսկ կապանցիներին որակյալ ջուր տան»:
Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը գտնում է, որ խնդրի լուծման լավագույն տարբերակը ջրամատակարարման համակարգը համայնքին հանձնելն է: «Վերջին երեք տարիներին «Հայջրմուղկոյուղու» ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ մարզկենտրոնի ջրամատակարարման տասնյակ հիմնախնդիրների մասին բարձրաձայնել ենք: Փորձել ենք նրանց ուշադրությունը հրավիրել: Առաջարկել ենք անգամ համաֆինանսավորմամբ բարելավման ծրագրեր իրականացնել: Դեռեւս համագործակցության եզրեր չենք գտել: Ու շատ ցավալի է, որ Պատրիկ Լորենը նման կարծիքի է կապանցի ջուր սպառողի մասին: Կապանցին տարբերում է պղտորված ու աղտոտված ջրերը, օրինապահ քաղաքացի է եւ վճարում է ջրի դիմաց: Բարեբախտաբար՝ համաճարակներից կարողացել ենք խուսափել, որովհետեւ բավականին զգուշավոր ենք դարձել: Գունավոր ու հոտավետ ջուր մատակարարել ու հետո էլ հայտարարել, թե անվնաս է՝ սրան գնահատական տալն արդեն ավելորդ է: Կարծում եմ, օրեցօր ավելի հիմնավոր է դառնում մեր մտադրությունը՝ Կապանի ջրամատակարարման համակարգը համայնքային ենթակայությանը վերադարձնել: Այն, որ Կապանի ջրամատակարարման համակարգը լուրջ ներդրումների կարիք է զգում, կասկածից վեր է: Ամսվա կտրվածքով ընկերությունը միլիոնավոր դրամներ է գանձում Կապանից, դա էլ հայտնի փաստ է: Կարելի էր հաշվի առնել այս ամենն ու փոքր-ինչ հարգալից վերաբերմունք դրսեւորել սպառողներիի նկատմամբ», – նշում է Կապանի քաղաքապետը:
«Հայջրմուղկոյուղու» ղեկավարի հայտարարությունն անընդունելի է նաեւ Կապանի ջրամատակարարման համակարգի խնդիրներին մշտապես անդրադարձող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ի համար, որը ջրի հարցով բազմիցս է դիմել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենին եւ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: «Մինչեւ ֆրանսիական կազմակերպության կողմից կառավարման անցնելը՝ ես էի «Հայջրմուղկոյուղու» Կապանի տեղամասի պետը: Դուրս եկա աշխատանքից, քանի որ դեմ էի այդ կազմակերպության ծրագրերին: Համաշխարհային բանկի 41 միլիոն դրամ գումարից ոչ մի դրամի աշխատանք չցանկացան Կապանում իրականացնել, ո՞նց պիտի կողմ լինեի: Նախկինում ցանցի բոլոր պրոբլեմները լուծում էինք, խողովակներն էինք փոխում, ֆիլտրերն էինք աշխատեցնում՝ ընդամենը 2 միլիոն դրամ գումարով: Ամսվա կտրվածքով բավականին գումար է հավաքվում բնակիչ-բաժանորդներից, էդ գումարներով Կապանում էս ոլորտում բավականին խնդիրներ կարելի է լուծել: Իրենք ստանդարտներին համապատասխան ջուր չեն մատակարարում: Բացի դա. մինչեւ մաքրման կայան հասնող խողովակաշարի վրա տեղադրված են մի քանի հիդրոէլեկտրակայաններ, որոնց շահույթի 10 տոկոսը ստանում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն՝ Կապանի ազգաբնակչության կյանքի եւ առողջության հաշվին: Էդքանից հետո կապանցիներիս հասցեին նման ձեւով են արտահայտվում»,- պարզաբանում է հ/կ-ի նախագահ Ռաֆայել Ասրյանը: