Ըստ Արտաշատի բնակիչների, Արարատի մարզպետարանի պաշտոնյան եւ նրա տնօրեն կինը մանկապարտեզը սեփական բիզնեսի հարթակ են դարձրել
Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 6 մանկապարտեզի հարեւանությամբ բնակվող մի խումբ քաղաքացիների՝ «Առավոտին» ներկայացրած խնդիր-բողոքը սովորականներից չէ՝ լույսի, ջրի կամ գազի խնդիր չէ: Բողոքավորները ընդվզում էին մանկապարտեզի տարածքում գործող… խոզանոցի պատճառով եւ դրա դեմ: Խոզանոցի տերը, ըստ նրանց, Արարատի մարզպետարանի գյուղբաժնի պետ Տիգրան Վիրաբյանն է, որը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, նախ մանկապարտեզի տարածքում հացի արտադրամաս է բացել, հիմա էլ՝ խոզանոց, եւ օր օրի ավելացող մեղվի փեթակներ: Արտաշատցիները բողոքում էին նաեւ, որ արտադրամասի համար առանձին հոսանք ապահովելու փոխարեն՝ Վիրաբյանն օգտվում է բնակիչներին էլեկտրաէներգիա մատակարարող ենթակայանից, որի պատճառով հաճախ վնասվում են մալուխները, եւ բնակիչները ժամերով հոսանք չեն ունենում: «Վերջերս մինչեւ գիշերվա ժամը 12-ը հոսանք չունեինք: Կրակն ենք ընկել այդ փռի ձեռքը»,- ասում էին նրանք: Էլ ավելի մտահոգիչ մի փաստ: Լուրեր կան, որ այս փռում թխված, բայց խանութում չվաճառված-վերադարձված հացը տալիս են մանկապարտեզի սաներին:
Բնակիչների կարծիքով՝ հացի արտադրամասը բացվել է իբր թե Արտաշատ քաղաքի զորամասերին հաց մատակարարելու նպատակով, ալյուրն էլ ստանում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Սակայն Տիգրան Վիրաբյանը, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, արտադրում է հաց՝ որքան ցանկանում է եւ պարտադրում այն գյուղապետերին, Արտաշատ քաղաքի խանութատերերին: Պատկան կառույցները կարող են պարզել, փուռը ՊՆ-ից ստացած ալյո՞ւրն է սեփական նպատակներին ծառայեցնում, թե՞ ոչ: Արտաշատի խանութներում Տիգրան Վիրաբյանի փռի հացը շատ ավելի էժան է, քան այլ փռերինը: Հացի արտադրամասի տնօրեն Վոլոդյա Վասիլյանն ասաց, որ շատ բան չգիտի. «Ես ոչ մի բանի մեջ չեմ մտնում, չգիտեմ: ՍՊԸ-ի սեփականատերը Տիգրան Վիրաբյանն է, պայմանագիրը պաշտպանության նախարարության հետ է: Հազվադեպ է հացն ավելանում, մենք էլ մի երկու խանութի հաց ենք տալիս»: Վոլոդյա Վասիլյանը, ակնհայտ սրտնեղած մեր հարցերից, ոչինչ չէր ուզում ասել, փոխարենը խորհուրդ էր տալիս՝ գնալ եւ տեղում ծանոթանալ իրավիճակին, իրենց էլ՝ «ձերբակալել կամ կախել»:
Իսկ բողոքավոր արտաշատցիներն ասացին նաեւ, որ Տիգրան Վիրաբյանն ընդհանրապես խոսում է անպարկեշտ արտահայտություններով եւ հայհոյանքներով, անում է՝ ինչ ուզում է: Վերջերս էլ իրեն իրավունք է վերապահել մանկապարտեզի սենյակներից մեկում բնակվող մի ընտանիքի վտարել, այն դեպքում, երբ այդ ընտանիքին այդտեղ բնակվելու իրավունք տարիներ առաջ տվել է քաղաքապետը՝ որպես անօթեւան, խիստ կարիքավոր, երեք մանկահասակ երեխա ունեցող ընտանիք:
Մանկապարտեզի տնօրեն Կարինե Հարությունյանը, որ Տիգրան Վիրաբյանի կինն է, ասաց, որ մանկապարտեզի տարածքը օրինական կարգով ենթավարձակալել է «Վանդաժի» ՍՊԸ-ն, որի սեփականատերը Տիգրան Վիրաբյանն է, որը պայմանագիր ունի քաղաքապետարանի հետ՝ հաց արտադրել ազգաբնակչության համար: Ուրեմն՝ ըստ ամուսինների, պայմանագիրը քաղաքապետարանի հետ է, իսկ ըստ փռի տնօրենի՝ պաշտպանության նախարարության հետ: Մեր հարցին՝ իսկ զորամասերին հաց չի՞ մատակարարվում, մանկապարտեզի տնօրենը պատասխանեց. «Այո, նաեւ՝ զորամասերին է հաց տալիս: Այդքան շատ չգիտեմ, իրենց գործունեության մեջ չեմ խորանում, կողքից եմ ուղղակի լսել»,- իրենց ընտանեկան բիզնեսի մասին այսպես անտարբեր ու հարեւանցիորեն արտահայտվեց տիկին Հարությունյանը: Իսկ խոզանոցի մասին հարցը լսելուց հետո մի պահ լռեց, ապա անմիջապես հերքեց. «Չէ, էդպիսի բան չկա»:
Տիգրան Վիրաբյանը հաստատեց, որ «Վանդաժի» ՍՊԸ հիմնադիրն ինքն է, բայց արդեն 6-7 տարի դրա հետ ինքը ոչ մի կապ չունի: «Դա իմը չէ, այդ հացի արտադրամասի հետ ես ոչ մի կապ չունեմ: Ես ոչ մի բիզնես չունեմ, ես քաղծառայող եմ եւ իրավունք չունեմ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու: Հազիվ իմ պետական աշխատանքն եմ հասցնում անել: Ես ընդամենը մանկապարտեզում 500 ծառ եմ տնկել եւ մշակել իմ ժողովրդի համար»,- ասաց Տիգրան Վիրաբյանը:
Արտաշատցիներն ասել էին, որ, բացի փռից ու խոզանոցից, Տիգրան Վիրաբյանը մանկապարտեզի տարածքում նաեւ մեղվաբուծությամբ է զբաղվում: «Ամուսիններով սեփականաշնորհել են մանկապարտեզի ողջ տարածքը, որտեղ խաղաղ գոյակցում են խոզերը, մեղուները եւ… երեխաները: Մնում է մխիթարվել, որ պետական պաշտոնյան գերեզմանաքարերի մշակման արտադրամասը (որտեղ նա նույնպես բաժնետեր է) առայժմ չի տեղափոխել կնոջ «սեփական» մանկապարտեզի տարածք եւ այնտեղ թաղման բյուրո չի բացել»,- դառը հումորով նկատեցին բնակիչները: Նրանց վրդովեցնում է Տիգրան Վիրաբյանի պահվածքը: Մեկ անգամ չէ, որ նա հրապարակավ հայտարարել է. «Իմ դեմ խաղ չկա: Ում կուզեք բողոքեք՝ մարզպետ կլինի, քաղաքապետ կլինի. ես պրոբլեմ չունեմ»:
Բնակիչները հույս ունեն, որ որեւէ պետական լիազոր մարմին մի օր կզբաղվի Տիգրան Վիրաբյանով, ով հանրապետական է, բայց, ըստ լուրերի, սերտ կապեր ունի նաեւ ԲՀԿ-ի հետ:
Ու քանի դեռ պատկան կառույցները լռում են, բնակիչները բարձրաձայնում են այն հարցերը, որոնց պատասխանները շատ խնդիրների վրա լույս կգցեն: Ո՞ր օրենքով է արտոնվում եւ կանոնակարգվում մանկապարտեզի տարածքում, մանկահասակ երեխաների հետ մեկտեղ նույն բակում խոզեր, մեղուներ բուծելը եւ բազմացնելը, որքանո՞վ է նպատակահարմար մանկապարտեզում հացի արտադրություն կազմակերպելը, փուռը ծառայո՞ւմ է իր բուն նպատակին, թե՞ ընդամենը պաշտոնյայի անձնական բիզնեսն է, ինչո՞ւ են այդպես էժան Տիգրան Վիրաբյանի թխած հարցերը, արդյո՞ք բավարար որակի եւ քաշի հաց է մատակարարվում զինվորներին, Արարատի մարզի գյուղբաժնի պետ Տիգրան Վիրաբյանի բիզնեսներից ստացվող եկամուտները հայտարարագրվա՞ծ են: