Երեկ հատուկ քննչական ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված հունիսի 16-ին youtube-ում հայտնված հերթական տեսանյութի հետ:
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ի լրումն նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների, եւս մեկ անգամ հավաստում է, որ նախաքննության համար կարեւոր է 2008 թ. մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն: Մինչ օրս համացանցում տեղադրված բոլոր տեսանյութերը, որոնք նախկինում չեն եղել նախաքննական մարմնի տրամադրության տակ, պատշաճ կարգով ուսումնասիրվել են եւ դարձել քննության առարկա: Առավել մանրազնին եւ առարկայական հետազոտելու նպատակով բոլոր տեսանյութերի վերաբերյալ նշանակվել են տեսաձայնագրային փորձաքննություններ: Անընդունելի է, որ հիշատակված տեսանյութերն ուղեկցվում են անհիմն եւ մտացածին մեկնաբանություններով, ինչը զուտ քաղաքական նպատակներ է հետապնդում եւ շահարկումների տեղիք տալիս:
Մասնավորապես, youtube.com ինտերնետային կայքում 06.06.2011թ. տեղադրված տեսանյութը վերնագրված է «Սամվել Հարությունյանի գնդակահարությունը»: Մինչդեռ տեսանյութում չկա Սամվել Հարությունյանի կամ որեւէ այլ անձի սպանության փաստը պատկերող դրվագ: Ավելին, համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Սամվել Հարությունյանի վնասվածքը պատճառվել է բութ առարկայի ներգործության հետեւանքով, իսկ մահը վրա է հասել վնասվածքն ստանալուց ավելի ուշ՝ հիվանդանոցում, օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից:
Ինչ վերաբերում է 2011թ. հունիսի 16-ին youtube.com ինտերնետային կայքում տեղադրված հերթական տեսանյութին, ապա ապացուցողական իմաստով այն հաստատում է միայն նախաքննությամբ արդեն իսկ ձեռք բերված եւ հաստատված այն փաստերը, որ Գրիգոր Գեւորգյանի դիակը դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն է տեղափոխվել Պարոնյան եւ Լեոյի փողոցների խաչմերուկի հանդիպակաց մայթի դալանի մոտ տեղակայված կոշիկի վերանորոգման կրպակի մոտից, եւ՝ ոչ ավելին: Մեկ անգամ եւս հորդորում ենք տեսագրությունը կատարած անձանց՝ նախաքննական մարմնին ներկայացնել իրենց ունեցած տեսանյութերն ամբողջությամբ, ինչը կարող է օգտակար լինել նախաքննությանը՝ որոշակի հանգամանքներ ճշտելու համար:
Նախաքննական մարմինը պատրաստակամ է հարցաքննել նաեւ տեսագրությունը կատարած անձանց, ովքեր կարող են պարզաբանում մտցնել նյութերի ապացուցողական նշանակության եւ գնահատման հարցում»,- ասվում է հայտարարության մեջ: