Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը խամաճի՞կ է ՀՀ իշխանությունների ձեռքում

Հունիս 18,2011 00:00

Մի քանի օր առաջ ՄԻԵԴ-ը բավարարեց  պետության կողմից գերակա հանրային շահ ճանաչված Բուզանդի փողոցի 9 տան նախկին բնակիչներ Նելլի Մինասյանի եւ Ելենա Սեմերջյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Առաջին հայացքից ուրախալի մի լուր, որի արդյունքում պետք է վերջանային բնակիչների տարիներ շարունակ ձգվող տանջանքներն ու պայքարը: Սակայն ԵԴ կայացրած վճիռը, մեղմ ասած, ոչնչով չի տարբերվում ՀՀ-ում նմանատիպ գործերով կայացրած վճիռներից՝ սահմանելով փոխհատուցման չնչին մի գումար:
 Ի՞նչ է սա նշանակում: Ենթադրենք, Եվրոդատարանը արդարացի վճիռ է կայացրել՝ հիմնավորել հանգամանքով, որ բնակարանը քանդված լինելու պատճառով հնարավոր չէր այն հստակ գնահատել, եւ սահմանել է 8000 եվրոյի փոխհատուցում:  Կգտնվի՞ Հայաստանում որեւէ մեկը, որ նշված գումարով կարողանա ձեռք բերել 26 քմ տարածք քաղաքի որեւէ մասում, առավել եւս՝ կենտրոնում: Եթե այդպիսի մարդ գտնվի, ուրեմն ԵԴ վճիռն անքննելի է: Սակայն իրականում դա անհնար է, եւ արդարանում է Գեւորգ Կոստանյանի այն պնդումը, որ ՄԻԵԴ դիմած հայաստանցիները սովորաբար աստղաբաշխական փոխհատուցում են ուզում, եւ ՀՀ-ն որոշ գործերով խնդրել է  անձամբ ներկայացնել հաշտության ողջամիտ առաջարկ՝ առանց հաշվի առնելու դիմողի կարծիքը https://hetq.am/arm/news/1636/): Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ նույնիսկ ԵԴ-ն է խամաճիկ  դարձել ՀՀ իշխանությունների ձեռքում, եւ հետաքրքիր է՝ ի՞նչն է ՄԻԵԴ-ին ստիպում նման անհեթեթ վճիռներ կայացնել:
Փաստորեն, ԵԴ-ին չեն մտահոգում «գերակա հանրային շահ» ձեւակերպմամբ հազարավոր քաղաքացիներին ունեզրկելու իրական հանգամանքները, այն թշնամանքը, որ գործի դրվեց մարդկանց սեփական տներից վտարելու ժամանակ: Երբ գիշերվա կեսին, առանց զգուշացնելու, հատուկ ծառայությունների մասնակցությամբ իշխանությունները բռնի տեղահանման գործողություններ են կատարում, դա չի կարող լինել գերակա հանրային շահ, դա ընդամենը կազմակերպված հանցագործություն է: Եվ  հանկարծ ԵԴ-ն վճիռ է կայացնում հօգուտ սեփականատիրոջ, բայց ցավոք, գույքը չկա, որ գնահատեն, եւ փոխհատուցումն արդարացի լինի: Իսկ եթե գույքը լիներ, ո՞վ պետք է իրականացներ գնահատումը: ՀՀ-ում չկա լիցենզավորված որեւէ գնահատող կազմակերպություն, որը հանձն կառնի գերակա հանրային շահ ճանաչված տարածքում գնահատել անշարժ գույքն  իրական շուկայական արժեքով  եւ լավագույն դեպքում չի զրկվի լիցենզիայից: Այդ տարածքների գնահատումը իրականացնում են իշխանություններին կից մեկ-երկու գնահատող կազմակերպություններ, որոնք ընդամենը պատվեր են կատարում: 
Այն ժամանակ, երբ ՀՀ դատարաններում բավարարում են որոշ քաղաքացիների  հայցերն ընդդեմ իրենց բարի համբավն ու արժանապատվությունը «արատավորող» հրապարակումների եւ կայացնում հազարավոր դոլարների վճիռներ միայն դատական ծախսերը փակելու եւ նույնքան էլ բարոյական վնասի փոխհատուցման համար, սա արդեն աստղաբաշխական չէ: Հայաստանում ոմանց կասկածելի արժանապատվությունն ավելի արժե, քան հազարավոր քաղաքացիների՝ հայրենիքում ապրելու եւ տուն ունենալու իրավունքը: Ամենապարզ հաշվարկով էլ  ՄԻԵԴ-ի սահմանած փոխհատուցումը բավական չէր լինի նույնիսկ պայքարի համար կատարված ծախսերը հոգալու համար: 
Ի՞նչ շահ ունի ՄԻԵԴ-ը Հայաստանում տարիներ շարունակ ընթացող բարբարոսություններից, ինչո՞ւ է իր վճիռներով ոգեւորում եւ բազմապատկում իրականացվող թալանը: Մի՞թե մարդու իրավունքները հարգող եւ օրենքի առաջ հավասարությունն ամեն ինչից վեր դասող Եվրոպային Հայաստանը հանկարծ այլասերեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել