Լրահոս
Օրվա լրահոսը

Տնական էկլերը թող տանն ուտեն

Հունիս 18,2011 00:00

Վերջերս Արշակունյաց փողոցում մտա առաջին պատահած խանութը՝ շոկոլադ գնելու: Մթերքի մեծ մասն ուղղակի հատակին էր լցված՝ բաց վիճակում, սննդի համար նախատեսված դարակները բացակայում էին, անգամ բնական հյութերն էին գետնին շարված: Մոտ 60-ամյա մի կին այդ պահին վերադարձնում էր քաղցրավենիքի բաժնից գնած էկլերը, որի վրա նշված մակնշման համաձայն՝ պիտանելության ժամկետը սկսվում էր այդ օրվանից 2 օր հետո եւ դրանից հետո էլ 3 օր ժամկետ էր տրվում: Ի պատասխան կնոջ դժգոհություններին, վաճառողուհին հավաստիացրեց, որ դա ընդամենը տպագրական սխալ է եւ խմորեղենը հենց այդ օրն են ստացել: Նույնն է պատկերը կաթնամթերքի, քաղցրավենիքի եւ ջրեղենի պարագայում եւս: Ապրանքատեսակների վրա նշված պիտանելության ժամկետները կա՛մ չեն համապատասխանում օրենքի պահանջին, կա՛մ ընդհանրապես բացակայում են: Սննդի շուկայում առավել բարձիթողի վիճակ ստեղծվեց հատկապես ՀՀ վարչապետի որոշումից հետո, այն է՝ 70 միլիոնից պակաս շրջանառություն ունեցող տնտեսվարողներին չի թույլատրվում ստուգել՝ առանց համապատասխան որոշման: Առիթից օգտվելով էլ, տնտեսվարողները օրենքը խախտում են՝ խանութները լցնելով ժամկետանց ապրանքներով: «Առավոտի» հետ զրույցում ՀՀ կառավարությանն առընթեր Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ ստուգումները հանրապետությունում իրականացվում են համաձայն հանձնարարականների. «Դա կամակատարություն չի, գոյություն ունի վարչապետի հանձնարարական՝ իրականացնելու այս կամ այն ստուգումը: Մոնիտորինգը իրականացվում է բավականին հաճախ նաեւ, երբ լինում է ահազանգ»: Պարոն Գրիգորյանը նշեց, որ այս պահին իրենք պանրի շուկայում, մասնավորապես՝ այն տնտեսվարողների մոտ, որոնք թերություններ են ունեցել, իրականացնում են մոնիտորինգ, ճշտելու՝ արդյո՞ք շտկվել են խախտումները: Ինչ վերաբերում է մեր մատնանշած էկլերներին, որոնք շուկա են սողոսկել կեղծ մակնշումներով, պարոն Գրիգորյանն ասաց. «Այդ էկլերները, պիրոժնիները արտադրվում են չգիտես որտեղ, բերվում են 09-երի, 08-երի բեռնաթափքերում, եւ ասում են՝ տնական է: Եթե տնական է՝ կերեք ձեր տանը: Սա անթույլատրելի է: Այսպիսի արտադրության խմորեղեններից եւ ընդհանրապես քաղցրավենիքից պետք է հեռու մնալ»: Իսկ մեր հարցին, թե օրենքը խախտող տնտեսվարողները ենթարկվո՞ւմ են պատասխանատվության, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «2010թ. 4 ամիսների ընթացքում ոչ մի գործ չի հարուցվել: Համենայնդեպս, փաստացի ոչինչ չի պահպանվել»: Նա նաեւ նշեց, որ պաշտոնավարում է ապրիլի 8-ից եւ ապագայում շատ գործեր կան, որ պիտի արվեն, հարցեր, որ պիտի լուծվեն: Նա նաեւ հավաստիացրեց, որ կարճ ժամանակում հնարավորինս վիճակը բարելավվելու է: Գրիգոր Գրիգորյանը նաեւ հայցեց քաղաքացիների ակտիվ օգնությունը՝ առողջ սնունդ եւ սերունդ ունենալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել