Խնդրում է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը
Կարեւորելով մայրաքաղաքի կանաչապատումը, ինչպես նաեւ բնապահպանական ճարտարապետությունը՝ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է միայն այս տարի մայրաքաղաքում 30-ից ավելի հեկտար տարածք կանաչապատել, հազարավոր ծաղիկներ ու ծառեր տնկել: Դրա համար Հոլանդիայից ու Իրանի Իսլամական Հանրապետությունից ծաղկասածիլներ ու տարբեր տեսակի ծառեր են ներկրվել, իսկ հարեւան մարզերից բերվել է սեւահող, որպեսզի նոր տնկվող ծառերն ու ծաղիկները բնականոն աճեն: Ներկրված ծաղիկների ու ծառերի մեծ մասն արդեն տնկվել է մայրաքաղաքի վարչական շրջաններում, սակայն, արի ու տես, որ կանաչապատման ծրագիրը չի տալիս սպասված արդյունքը, քանի որ մեր քաղաքի բնակիչները տնկած ծաղիկներն ու ծառերը գողանում են: Չնայած անցյալ 2 ամիսների ընթացքում նման գողության 2 դեպք է բացահայտվել՝ մեկը Արաբկիր վարչական շրջանում, մյուսը՝ Շենգավիթում, եւ գողերը պատժվել են, բայց գողության դեպքերը չեն նվազում:
Այն, որ ծառ ու ծաղիկ գողանում են՝ «Առավոտի» հետ զրույցում ահազանգեց Երեւանի քաղաքապետարանի բնապահպանական վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, միայն Աթենքի փողոցում տնկած 73 մշտադալարներից 8-ը գողացել են, Լենինգրանդյան փողոցի ծաղիկներից 100-ը՝ նույնպես. «Գրեթե բոլոր վարչական շրջաններում նույն իրավիճակն է: Նշեմ, որ այլ տեղ տեղափոխելով՝ այդ ծառերը չեն աճում, քանի որ հողից հանելիս արմատները վնասվում են: Մենք անգամ որոշ տեղեր տեսել ենք, թե ուր են տեղափոխում այդ մշտադալարները: Անհարմար եմ զգում ասել, բայց դրանք տեղափոխում են գերեզմանոց: Չեմ հասկանում, այդ ինչպես են մարդիկ իրենց մահացած հարազատներին վերաբերվում, որ նրանց գերեզմաններին գողացված ծառ են տնկում, ախր, մեր նախնիներն այս աշխարհից գողություն սերմանելով չեն հեռացել: Այդ գողություն անողներն այն աշխարհում էլ են մահացածներին զրկում իրենց հանգստությունից: Չի կարելի այդպես, մենք էլ չենք կարող այդքան ծառ բերել, որ գերեզմանոցներում էլ ծառ տնկենք: Ինչ վերաբերում է ծաղիկներին, ապա դրանք հիմնականում գողանում են, որպեսզի իրենց տան բակերում տնկեն: Ես ուղղակի խնդրում եմ, աղաչում եմ, որ այդ ծաղիկները չհանեն: Այդ մեկ ծաղիկն իրենց բակը չի գեղեցկացնելու, իսկ քաղաքի փողոցները, մյուս ծաղիկների հետ միասին, գեղեցկացնելու է: Ավելի լավ է, որտեղ դրված է, այնտեղ մնա: Հանված ծառերի ու ծաղիկների պատճառով մեր քաղաքի էկոլոգիական ճարտարապետությունն էլ է խաթարվում»:
Ինչպես հավաստիացնում էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը, հենց խաթարված բնապահպանական տեսքը վերականգնելու համար են իրենց համայնքի Ազատության պողոտայի վերջնամասի մեկ մայթին տեղադրված կրպակաշարը վերջերես հանում եւ խոստանում, որ վերականգնելու են երբեմնի կանաչ տարածքը: Քանի որ նման կրպակները բավականին շատ են Երեւանում, նույն փողոցի մյուս մայթին էլ է նման իրավիճակ, մենք պարոն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ մնացած դեպքերում ի՞նչ է լինելու, մյուս կրպակները չե՞ն հանվելու, որին նա պատասխանեց. «Որտեղ նախկինում եղել է կանաչ տարածք, ու որի փոխարեն հիմա կրպակ է, բոլորը հանվելու են, ու այդ տարածքները կանաչապատվելու են»: Բացի այդ, կանաչապատվելու են նաեւ Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Շողակաթ» հեռուստաընկերության հարակից տարածքները, չգործող «Էրեբունի» օդանավակայանի հարակից տարածքը. 3 տեղում էլ այգիներ են ստեղծվելու՝ որակյալ հողով, ոռոգման համակարգով, ծաղիկներով, ծառերով ու խոտերով: Նախատեսված է կանաչապատել Հաղթանակ զբոսայգու հարավային լանջը, որտեղ հիմա ժայռեր են: Այստեղի կանաչապատման համար արդեն նախագիծը պատվիրված է: Նման ծրագիր կա նաեւ Եռաբլուրի՝ Իսակով պողոտայի հարակից տարածքում:
Ըստ պարոն Մարտիրոսյանի, խնդիր է դրված գեղեցկացնել նաեւ Երեւանի մուտքերը. «Ուստի Էջմիածնից Երեւան եկող Արգավանդի խճուղու 2 կողմերը պետք է բարեկարգենք: Հիմա այնտեղ անբարեկարգ վիճակ է: Աշխատանքներն արդեն սկսել ենք, մինչեւ հոկտեմբեր կավարտենք ու տարածքի տեսքն ամբողջությամբ կփոխենք: Օդանավակայանից երբ գալիս են, առաջին աչքի ընկնող տարածքը դա է, այդ պատճառով առաջին հերթին ցանկացանք այս հարցը լուծել: Դավիթաշենի կամրջից սկսվող Երեւան-Եղվարդ խճուղու մայթերը նույնպես բարեկարգման կարիք ունեն: Մյուս մուտքն էլ Երեւան-Աշտարակ խճուղին է, որի միջնաշերտն ենք փոխելու, որովհետեւ այդտեղի հողը հող չէ, այլ շինարարական աղբ է: Դա ամբողջությամբ հանելու ենք եւ կրկին լցնելու ենք կարմիր ավազի հետ խառնած բուսահող (սեւահող) ու նոր միայն կանաչապատում ենք անելու»: Մեր հարցին, թե ի՞նչ է արվելու այս խճուղու աջ եւ ձախ տարածքներում, չէ՞ որ դրանք էլ կանչապատման կարիք ունեն, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Երկու կողմերը բաժանված են, սեփական տարածքներ են եւ փոքր-ինչ բարեկարգ են: Նշեմ, որ փողոցների աջ եւ ձախ կողմերի կանաչապատման ծրագիրը դրանով չի ավարտվում: Մալաթիա թաղամասի Բաբաջանյան փողոցում էլ է նախատեսված բարեկարգում, այս փողոցի գրեթե կեսը կանաչապատել ենք, հիմա նախատեսված է այս աշխատանքներն ավարտել: Մինչեւ հոկտեմբեր դա էլ կավարտենք: Մյասնիկյան պողոտայի աջ ու ձախ կողմերի հսկայական տարածքը նույնպես կանաչապատելու ենք: Ծրագրում ընդգրկված են նաեւ Հալաբյան փողոցի միջնամասը, Դավիթ-Բեկի փողոցի մայթերը:
Խնդիր են նաեւ մայրաքաղաքի մայթերի հին ծառերը, որոնք պետք է փոխվեն: Այս ամենն անում ենք, որովհետեւ ամեն աշնան մեր քաղաքը գորշ գույն է ունենում, դրա համար էլ այդքան մշտադալարներ ենք դրել, որ գորշությունը կոտրվի»:
Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք այս հարցում համառ են. «Ունենք գիտական խորհուրդ, որտեղ ընդգրկված են գիտնականներ, որոնք առնչվում են բնապահպանության հետ: Որոշել ենք Երեւանում հրաժարվել բարդիներից, շատերը համաձայն չեն լինի, սակայն մենք համոզված ենք, որ պետք է հրաժարվել բարդիներից, քանի որ այդ ծառերն ունեն մակերեսային արմատներ, շատ արագ տապալվում են եւ տարբեր հիվանդություններ՝ մասնավորապես ալերգիա են առաջացնում»: