Արդա՞ր էր դատարանի մեղադրանքը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար, պահպանե՞լ էր անմեղության կանխավարկածի սկզբունքը «Կենտրոն» հեռուստաընկերության «Հետաքննություն» հաղորդաշարը, երբ հեռարձակել էր տեսանյութ ոստիկանի մասին, ում դեմ մեղադրանք էր հարուցված եւ գործը դեռ վերաքննության փուլում էր: Այս եւ նմանատիպ այլ հարցեր հնչեցին երեկ «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) հ/կ-ի կազմակերպած սեմինարում: Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, անմեղության կանխավարկածի սկզբունքի, լրագրողների աղբյուրների պաշտպանության իրավունքի, հանրային հեռարձակման կարգավորման հարցերն էին լրագրողների եւ իրավաբանների քննարկման թեման: Այս սեմինարներն անցկացնելու անհրաժեշտությունը հատկապես զգացվեց «Զրպարտության եւ վիրավորանքի մասին» օրենքում փոփոխություններ անցկացնելուց հետո: ԻԵՄ հ/կ-ն իր ծրագրի շրջանակներում որոշեց առաջինն անդրադառնալ խոսքի ազատության սահմանափակմանը հայաստանյան իրականությունում: Լրագրողները բավական չափով իրազեկված չեն, դատավորներն էլ գործում են օրենքների հղումներին ոչ մեծ կարեւորություն տալով: «Մենք որոշել ենք նաեւ այս ծրագրում ներգրավել փաստաբաններին, դատավորներին,- ասում է ԻԵՄ հ/կ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը,- սեմինարները առաջինը լրագրողների հետ են, որովհետեւ պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանության իրավունքի ապաքրեականացումից հետո դատավարություններն ընդդեմ լրագրողների մեծացել էին»: Խնդրո առարկայի վերաբերյալ միջազգային փորձն էր ներկայացնում «Արտիկլ 19»-ի ավագ իրավախորհրդատու Բոյկո Բոյեւը: Նրա կարծիքով, քննարկումը կարեւոր քայլ էր այս ծրագրի շրջանակներում իրավաբանի եւ լրագրողի միջեւ կապ հաստատելու առումով: ՀՀ օրենսդրությունը վատ վիճակում չէ, կարծում է իրավաբանը: Այն տեսակետին ի պատասխան, թե Հայաստանում «անթերի օրենքները» կարող են չիրագործվել դատարանների կողմից, Բոյկո Բոյեւը հակադարձում է. «Լրագրողները եւ հասարակությունը պետք է իմանան իրենց իրավունքները եւ պարտականությունները, համագործակցեն միմյանց հետ, որ հարգվեն իրենց իրավունքները»: Օրենսդրական դաշտում ամենադրական քայլերից մեկն էլ, ըստ իրավաբանի, «Զրպարտանքի մասին» օրենքի փոփոխությունն է՝ ապաքրեականացումը: Իսկ ընդհանրապես կցանկանար, որ դատավորների կյանքն այսուհետ համարվեր առավել բաց, հրապարակային, քան պաշտոնյաներինը, նրանք առավել շատ քննադատության եւ քննարկման առարկա դառնան: «Սա անհրաժեշտ է ժողովրդավարական հանրապետություններին»,- ասում է նա: