Սարչապետ գյուղի դպրոցի տնօրենն այս բառապաշարով է բնութագրում մանկավարժներին
Լոռու մարզի Սարչապետ գյուղի նախկին մանկավարժ Օֆելյա Ղուլինյանի համար աշխատավարձի հաշվապահական սխալ հաշվարկն իսկական փորձանք է դարձել: Նրա պատմելով, դպրոցի տնօրեն Համլետ Դավթյանը դրա համար ոչ միայն իրեն վիրավորել, այլեւ աշխատանքից է ազատել: Արդեն 4 տարի է՝ նախկին մանկավարժը այդպես էլ չի կարողանում վերականգնել ոչ իր աշխատանքային իրավունքները, ոչ էլ վիրավորված արժանապատվությունը: «Աշխատավարձս 20 000 դրամով պակաս էին վճարել: Փորձեցի հաշվապահից ճշտել պատճառը: Տնօրենն, այս իմանալով, ուսուցչանոցում բոլորի ներկայությամբ ինձ քաշքշեց ու փողոցային բառերով սկսեց վիրավորել՝ էլ լիրբ, էլ հիմար անվանելով»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում էր Օ. Ղուլինյանը: Իրավունքները վերականգնելու համար նա դիմել է դատարան: Այնտեղ տնօրենին մեղավոր են ճանաչել. «Գործը առաջին ատյանից տեղափոխվեց մինչեւ վճռաբեկ դատարան: Այս ընթացքում դպրոցի տնօրենին հաջողվեց ուսուցիչներին կաշառելով՝ կեղծ ցուցմունքներ հավաքել, իբրեւ թե ինձ միայն ասել է՝ էս աղջիկը հիմար է, ու հակընդդեմ հայց ներկայացրեց՝ իբրեւ թե ես ավելի շատ եմ նրան վիրավորել ու նույն բառապաշարով հակադարձել: Ցուցմունքներն այնքան կեղծ էին, որ դեպքի օրն են նույնիսկ փոխել, այնպիսի մի օր, երբ ես այդ ժամանակ նույնիսկ դպրոցում չեմ եղել»։ Օ. Ղուլինյանի պատմելով, Սարչապետի դպրոցի տնօրենը «չի մարսել» նախկին աշխատակցի համարձակությունն ու նրան էլի պատժելու համար դիմել է հարեւան՝ Նորաշեն գյուղի դպրոցի տնօրենին՝ պահանջ-դիմումով: Բանն այն է, որ Օֆելյայի ամուսինը հենց այդ դպրոցի ուսուցիչ է: «Դիմեց ու նրան հաջողվեց ինձ հեռացնել աշխատանքից: Հունվարի 14-ից չեն թողել դասերս պարապեմ, բայց հրամանը տվել են նույն ամսվա 26-ից: Շախմատի ժամեր ունեի, այդ դասաժամերը ձեռքիցս առան ու թողեցին 2 դասաժամ»,- պատմում է Սպարտակ Պապյանը՝ Օֆելյայի ամուսինը: Ս. Պապյանին հեռացրել են աշխատանքից այս տարվա հունվարին, բայց ԿԳՆ դիմելուց հետո գործն այլ ընթացք է ստացել: «Բողոքեցի, հարցը քննեցին, աշխատանքս վերականգնեցին, բայց այնպիսի ժամկետով են վերականգնել, որ նոր ուսումնական տարեսկզբից ճնշումների տակ էլի հեռացնեն: Շախմատ դասավանդելու համար յուրաքանչյուր դպրոց դասավանդողի անունն է ներկայացնում ու համապատասխան լիցենզիա ստանում, իմ անունը տնօրենը չի ներկայացրել ու ինձ էլ պատասխանել է, թե միտք էլ չունի ներկայացնելու, որովհետեւ այդքան քիչ դասաժամով չի ցանկանում ուսուցիչ պահել»,- պատմում է պարոն Պապյանը՝ վստահեցնելով, որ իրեն աշխատանքից զրկելու հարցում էլ է Սարչապետի դպրոցի տնօրենի մատը խառը. «Մեր տնօրենին ուղղված գրավոր դիմումում Սարչապետի տնօրենը պահանջել էր շուտափույթ վտարել Պապյանին ոչ միայն դպրոցից, այլեւ գյուղից»: Սարչապետ գյուղի տնօրենը նաեւ ճկուն ստեղծագործական միտք ունի: Նա մանկավարժ ամուսինների վերաբերյալ հետաքրքիր բնութագիր էր գրել ու տարածել գյուղով մեկ: «Գրել էր՝ ոլոռը հանդիպեց լոբուն ու ունեցան իրենց բակլաջան: Նկատի ունենալով ինձ ու կնոջս»,- հավելեց պարոն Պապյանը: Նրա խոսքով, կնոջ աշխատավարձի բողոքի հետքերով գյուղի միակ դպրոցում ահռելի չափերի հասնող չարաշահումներ են բացահայտվել. «Դրա համար էլ կինս դարձավ քավության նոխազ: Մարզպետարանի կրթության բաժինը կիսում է այդ չարաշահումները Սարչապետի դպրոցի տնօրենի հետ»: Սարչապետի դպրոցի տնօրեն Համլետ Դավթյանը «Առավոտի» հետ զրույցում հերքեց, թե ուսուցչին աշխատավարձի սխալ հաշվարկի պատճառով հեռացրել է աշխատանքից. «Նրան անվստահություն են հայտնել աշակերտները: Շատ երկար պատմություն է: Հիմա չեմ կարող պատմել: Նա ինձ վիրավորել է, ու ես պատիվ-արժանապատվություն եմ պահանջելու»: Պարոն Դավթյանն անհասկանալի պատճառներով նաեւ սպառնաց, թե հոդված տպագրվելու դեպքում նա կդիմի դատարան:
«Առավոտը» զրուցեց նաեւ Լոռու մարզպետարանի կրթության բաժնի պետ Մինաս Սայադյանի հետ. «Եթե հիշողությունս չի դավաճանում, ամբողջ պատմությունը սկսվեց աշխատավարձի 5000 դրամ պակաս վճարման դեպքից: Մի ձգձգվող պատմություն է, որի ծայրը չի երեւում: Եկել եմ այն համոզման, որ կենցաղային մակարդակի անհանդուրժողականություն կա այդ ամուսինների ու տնօրենի միջեւ»: Պարոն Սայադյանը զարմացավ, երբ լսեց, թե Հ. Դավթյանն ինչ «ճոխ» բնութագիր է տարածել մանկավարժների մասին. «Ե՞րբ է գրել»: Նա նաեւ վստահեցրեց, որ Նորաշենի դպրոցից պարոն Պապյանին չեն հեռացնի. «Նա վերականգնվել է ԿԳ նախարարի հրամանով»: Թե ինչ չարաշահումներ են Սարչապետի դպրոցում բացահայտվել, պարոն Սայադյանը վստահեցրեց, որ լուրջ չարաշահումներ չեն եղել: Նրա խոսքով, այդ խնդիրը քննել են ե՛ւ դատարանում, ե՛ւ մարզպետարանում. «Եթե լուրջ չարաշահումներ արձանագրվեին, դպրոցի տնօրենին կարգապահական տույժ կկիրառվեր»: Բնականաբար, տնօրենին կարգապահական տույժի չեն ենթարկել նաեւ իր մանկավարժական պահվածքի համար: Նա դեռ երկար կշարունակի իր աշխատանքը: