2010 թվականին լույս տեսած «Տոնը եւ տոնահանդեսի մշակույթը Հայաստանում» գիրքը բախվել էր գրաքննության եւ այդ պատճառով զրկվել պետական ֆինանսավորումից:
Դրամաշնորհը ծախսվել էր այլ նպատակներով
«Դեռ 2008 թվականին մշակույթի նախարարությունը հասարակական նախաձեռնությունների համար դրամաշնորհային ծրագիր հայտարարեց, եւ ես դիմեցի այդ ծրագրով տոների մշակույթի վերաբերյալ հրատարակություն տպագրելու,- «Առավոտին» պատմեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:- Մայիսին հայտարարվեց, որ մեր «Հազարաշեն» կազմակերպությունը շահել է այդ ծրագիրը, եւ գնացինք գյուղեր՝ նյութեր հավաքելու: Եկա սեպտեմբերին, որ պայմանագիր ստորագրեմ, բայց ինձ ասացին, թե այդ գումարն արդեն ծախսել են: Հարցին՝ ինչպե՞ս թե ծախսել եք, դա դրամաշնորհային գումար էր, պատասխանեցին, թե՝ դե, քանի որ դուք 3 ամիս ուշացրիք՝ մենք էլ տեսանք, որ չեք գալիս, ուրիշ կարիքներ ունեինք եւ այդ գումարը ծախսեցինք: Շատ զարմացա, քանի որ որքան գիտեմ՝ բյուջեն նախապես բաշխվում է եւ ծրագրավորվում: Բայց նախարարն ասաց՝ լավ, կփորձենք այլ տարբերակ գտնել, մյուս տարվա բյուջեով կնախատեսենք այս գրքի տպագրությունը: Նախատեսեցին, տպարանի հետ պայմանագիր ստորագրեցին ու գրքի տպագրության համար գումարը փոխանցեցին տպարան: Տպարանը գրքի մակետը բերեց նախարարություն՝ հաստատման: Սակայն տպարանի տնօրենին ասացին՝ այս լուսանկարները պետք է հանվեն»:
Ի՞նչն է «սկսվել»
2009-ին մշակույթի նախարարին ուղղված նամակում Հրանուշ Խառատյանը նշել էր, որ իր առաջարկած ծրագրի տրամաբանությունը հետեւյալն է. «Մարդիկ մի կողմից՝ ծանոթանում-վերհիշում էին հայոց մի շարք ավանդական արժեքներ, մյուս կողմից՝ հնարավորություն էին ստանում այդ ավանդական արժեքների մոդեռնացման միջոցով շարունակելի դարձնել դրանք»: Եվ որպես օրինակ մեջբերել էր. «Օրինակ՝ ներկայացվում է Բարեկենդանի ավանդական տոնակատարությունը եւ նոր տոնահանդեսի սցենարը: Վերջինս իր մեջ պարունակում է լավագույն համամարդկային արժեքների հայկական ընկալումների ձեւավորումներ եւ ցուցադրություններ (արդարություն, հավասարություն, ազատություն, արժանապատվություն, Հայրենիք, քաղաքացիություն եւ այլն)»:
«Տոնը եւ տոնահանդեսի մշակույթը Հայաստանում» գրքի այն հատվածում, որտեղ խոսվում էր Բարեկենդանի ներկայիս զարգացումների մասին՝ օգտագործվել են նման «մոդեռնացման» պատկերներ, թե ինչպես է «Սկսել ա» երիտասարդական շարժումը 2007-ի փետրվարին տոնում Բարեկենդանը: Հիշեցնենք, որ այդ ժամանակ, հաշվի առնելով մոտալուտ խորհրդարանական ընտրությունները՝ «Սկսել ա» նախաձեռնությունն այս ավանդական տոնն օգտագործեց քաղաքացիական ակտիվության, արթնանալու եւ Հայաստանի սոցիալական գործընթացներում ընդգրկվելու կոչ անելու համար:
Եվ ահա՝ մշակույթի նախարարության մասնագիտական խորհուրդը մարտի 22-ին ներկայացրեց մի շարք դիտողություններ: Մասնավորապես նշվել էր, թե հաշվի առնելով, որ գիրքը նախատեսված է որպես ուսումնամեթոդական ձեռնարկ կիրառելու համար՝ գրքի կազմից պետք է հանել 2 լուսանկարներ, որոնք անորակ են ու նաեւ. «238-րդ էջի 1-ին նկարը (անհասկանալի է, թե ումի՞ց կամ ինչի՞ց պետք է երիտասարդները չվախենան): 239-րդ էջ (անհասկանալի թռուցիկ, ի՞նչ կապ ունեն բարեկենդանն ու «փուչոն» եւ ի՞նչն է «սկսվել»): 240-րդ էջ (բարեկենդանը ուրախ տոն է, նկարը որեւէ առնչություն չունի տոնի հետ): 241-րդ էջի 1-ին ու ձախ կողմի 2-րդ, 3-րդ նկարներ (ուսուցողական կամ ուղեցուցային չի կարելի համարել, բարեկենդանը այն բացառիկ տոներից է, երբ ժողովուրդը կազմակերպել է համընդհանուր տոնախմբություն ու խնջույք, տոնի խորհուրդներից էր նաեւ համադամ ուտելիքների վայելումը, հետեւաբար «Քիչ կեր» կարգախոսը հակասում է ավանդական տոնի խորհրդին): 243-րդ էջի «սկսել ա» խորագրով փուչիկները ոչ մի կապ չունեն բարեկենդանի հետ, քանի որ բարեկենդանի ընթացքում ավանդական այդպիսի կարգախոս երբեւէ չի եղել»:
Դիտողություններին
ի պատասխան
Հրանուշ Խառատյանն անմիջապես հանել էր «անորակ» լուսանկարները, մասնագիտական խորհրդի դիտողություններին համապատասխան՝ արել մի շարք այլ տեխնիկական փոփոխություններ եւս, սակայն պնդել էր տեքստի բովանդակությունն արտացոլող լուսանկարների տպագրությանը: Սակայն տպարանից տեղեկացրել էին, որ նախարարությունը բավարարված չէ փոփոխություններով ու պահանջում է տպագրությունից հանել Բարեկենդանի ժամանակակից տոնը ներկայացնող լուսանկարների շարքը:
Դրանից հետո ազգագրագետը մշակույթի նախարարին 2010-ի սեպտեմբերի 21-ին ծավալուն նամակ էր գրել, որից մի հատված ենք մեջբերում. «Իհարկե, ավանդական բարեկենդանը փուչիկներ չուներ ու չէր կարող ունենալ: 100 տարի առաջ փուչիկներ պարզապես չկային: Հավանաբար չուներ նաեւ «սկսել ա», կարգախոս, չնայած կարգախոսների հավաստիության վերաբերյալ շատ էլ վստահ չեմ. ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ եւ ինչպիսի՞ կարգախոսներ կարող էին մտածել մարդիկ հախուռն տոնահանդեսների ժամանակ, ինչպիսին հայոց Բարեկենդանն էր մինչեւ 20-րդ դարի սկիզբը. Ցարական Ռուսաստանի եւ Օսմանյան կայսրության կազմում գտնվող Արեւելյան ու Արեւմտյան Հայաստանի տարածքներում հայերը Բարեկենդանի օրերին այնպիսի սուր սոցիալական սարկազմի թեմա ունեին՝ «շահ», «խան», «ղադի», «դատավոր» եւ այլ խաղերի անուններով, որ վերլուծաբանները մինչ այսօր նորանոր նրբերանգներ են հայտնաբերում դրանցում: Բավական է կարդալ Պերճ Պռոշյանի «Հացի խնդիրը»՝ տեսնելու, թե ինչ սրությամբ էին հայ գյուղացիները զվարճախաղի, մանրապատումային թատրոնի միջոցով Բարեկենդանին քննարկում իրենց հուզող սոցիալական հարցերը… Վերադառնալով մասնագիտական խորհրդի «ի՞նչ կապ ունեն բարեկենդանն ու «փուչոն» եւ ի՞նչն է «սկսվել» հարցադրմանը՝ կարող եմ ասել, որ յուրաքանչյուր Բարեկենդանի ամեն ինչ «սկսվում» կամ «վերսկսվում է»՝ կյանքը, ուրախությունը, ընկերությունը, ազգակցությունը, բարեկամությունը, երջանկությունը, երկխոսությունը»:
«Սա քաղաքական գրաքննություն է»
Մեր հարցին, թե արդյոք սա գրաքննությո՞ւն չէր՝ Հրանուշ Խառատյանը պատասխանեց. «Այո, իհարկե, սա մաքուր քաղաքական գրախոսություն է»: Եվ պատմեց. «Ես մասնագիտական խորհրդի մի քանի անդամների հետ էլ եմ խոսել՝ նրանք այդ կարծիքը չունեին: Եվ չէին կարող ունենալ՝ նրանք մասնագետներ են ու հասկանում են, որ փուչիկները կամ «Քիչ կեր» կարգախոսը չեն հակասում Բարեկենդանի տոնի տրամաբանությանը: Բայց ողջ մասնագիտական խորհրդի անունից էին որոշում ուղարկել՝ առանց նրանց հետ նույնիսկ քննարկելու այդ հարցերը: Սա դեռ հարցի մի կողմն է: Ես ուզում էի հասկանալ, թե իրականում ի՞նչն է նման անհանգստության պատճառը»: Թղթի վրա, ըստ նրա, չէին ներկայացվել քաղաքական պահանջներ: Սակայն զանգահարել էին մշակույթի նախարարությունից. «Եվ ասացին, որ նախարարը կտրականապես ասել է՝ մինչեւ այդ լուսանկարները չհանվեն, գիրքը չի կարող տպագրվել: Ես այլեւս նախարարին չդիմեցի: Դրանից հետո տպարանը ստացավ նախարարության գրությունը, թե պայմանագիրը լուծարվում է: Սակայն գումարի մեծ մասն արդեն ծախսված էր, հիմնական տպաքանակը՝ տպագրված: 10 օր ժամկետ տրվեց՝ գումարը մարելու համար: Ես էլ՝ որպես հեղինակ, վատ էի զգում տպարանի տիրոջ առջեւ: Մի խոսքով, իմ շրջապատի բոլոր մարդկանցից հավաքեցի այդ գումարը, որ ինքը վերադարձնի նախարարությանը»:
Ժամկետը
խախտվե՞լ էր
Թեեւ մասնագիտական խորհրդի որոշումն արդեն իսկ արտացոլում էր նախարարության դիրքորոշումը՝ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Դուրգարյանին խնդրեցինք եւս մեկ անգամ հստակեցնել, թե ինչո՞ւ է դադարեցվել «Տոնը եւ տոնահանդեսի մշակույթը Հայաստանում» գրքի ֆինանսավորումը. «Պայմանագիրը լուծարվել է, քանի որ 3 անգամ երկարացվել է ժամկետը, տեխնիկական բնութագրի պահանջները չեն կատարվել: Պայմանագրի պահանջներից ելնելով՝ մակետը պետք է համաձայնության ներկայացվեր պատվիրատուին: Նրանք շատ ուշ են ներկայացրել: Որից հետո այնտեղ տեխնիկական փոփոխություններ են նախատեսվել, համաձայնել են անել, բայց չի արվել: Ժամկետը 3 անգամ երկարացնելուց հետո ստիպված են եղել լուծել պայմանագիրը: Տեքստում փոփոխություններ պետք է լինեին, նաեւ պրետենզիաներ են եղել լուսանկարների վերաբերյալ, որոնք եղել են ինտերնետից քաշած, շատ ցածրորակ նկարներ, որոնք որեւէ առնչություն չեն ունեցել բովանդակության հետ: Առաջարկվել է նկարների որակը լավացնել, ինչը չի կատարվել»: Հասմիկ Պողոսյանին նամակում Հրանուշ Խառատյանը գրել էր, որ ծանոթացել է նախարարության հրատարակած վերջին գրքերին. «Ինձ համար անակնկալ էր, թե կոնկրետ իմ գրքի հանդեպ խստապահանջ ֆինանսավորող նախարարությունն ինչ անփութություն է ցուցաբերել իր կողմից հրատարակված որոշ գրքերի թե՛ որակի (այդ թվում՝ լուսանկարների), թե՛ բովանդակության վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում ես կարող եմ դրանք ներկայացնել մասնագիտական խորհրդին»: Սա հաշվի առնելով՝ Գայանե Դուրգարյանին եւս մեկ անգամ հարցրինք, թե արդյոք չե՞ն եղել քաղաքական բնույթի պահանջներ. «Որեւէ նման պահանջ չի եղել եւ չէր էլ կարող լինել, քանի որ գիրքը վերաբերել է ոչ նյութական մշակութային ժառանգությանը, ինչը չի ենթադրում քաղաքական որեւէ բան»: