Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՆ ԴՈՒՐՍ Է ԲԵՐՎԵԼ ԳԵՏԻՑ

Հունիս 18,2011 00:00

Հունիսի 16-ի կեսգիշերին մոտ Վանաձորի թիվ 21 դպրոցի ուսուցիչ, 35-ամյա Էդգար Սարգսյանը ոստիկանության Երեւանի քաղաքի վարչությանն ահազանգել էր, որ իր ծանոթ Ծովինար Ղազարյանին Ազատ գետը քշել, տարել է: Դեպքի վայր մեկնած ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ 35-ամյա Էդգար Սարգսյանը, 20-ամյա Ծովինար Ղազարյանը, 33-ամյա, «Օրրան» բարեգործական դպրոցի ուսուցիչ Գնել Հելոյանը, 36-ամյա Արտեմ Ղազարյանը եւ Չարենցավանի բնակիչ, 24-ամյա Վիգեն Ավդալյանը մեկնել են արշավի՝ Գառնու ձոր, որտեղ ցանկացել են փչովի նավակով զբոսնել ձորի Ազատ գետում: Անցնելով մոտ 600 մետր տարածություն՝ իրենցից անկախ պատճառներով նավակը շրջվել է, որի հետեւանքով բոլորն ընկել են ջուրը: Իսկ գետի հոսանքը քշել-տարել է Ծովինար Ղազարյանին: Ամբողջ գիշեր եւ հաջորդ առավոտյան տեւած որոնողական աշխատանքներն ի վերջո տվել են իրենց պտուղը: Արարատի եւ Կոտայքի մարզերի փրկարարներին հաջողվել է դեպքի վայրից մոտ 2-3 կմ հեռավորության վրա գետում գտնել ջրախեղդ եղած Ծովինարին: Մեր տեղեկություններով, Ծովինարը Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչ էր եւ նոր էր ավարտել Երեւանի Բաց համալսարանի կերպարվեստի ֆակուլտետը: Ուսման ընթացքում աղջիկը հաճախակի էր մեկնում արշավների: Ոստիկանության Կոտայքի քննչական բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել