«Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ օրերս արած այն հայտարարությունը, թե անհնար կլինի անցնել ԼՂ խնդրի կարգավորման երկրորդ փուլին, այն է՝ Խաղաղության համապարփակ համաձայնագրի մշակմանը, եթե Ղարաբաղի կողմից համաձայնություն չլինի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, փորձ է ԼՂ հակամարտության Հիմնարար սկզբունքների ընդունման պատասխանատվությունը դնել Ղարաբաղի վրա»,- ասաց… ասաց ո՞վ…
Դե, իհարկե, «միամտաբար» նման թյուր եզրահանգումներ կաներ մեկը, ով ամիսներ առաջ «ամբիոն» բաց չէր թողնում գովերգելու Լիսաբոնյան սագան, որը կտրականապես մերժվեց ԼՂ իշխանությունների կողմից եւ «պատրոնաժի» համար դարձավ ճակատագրական:
Նույն հաջողությամբ եւ «միամտությամբ» նման թյուր եզրահանգումներ կաներ երիտկադրերից մեկը, ով ամեն պատեհ առիթի քննադատում է ներկայիս իշխանություններին ԼՂ իշխանությունների՝ բանակցային ֆորմատից դուրս մնալու համար, այն դեպքում, երբ հենց նույն անձնավորության՝ ԱԳՆ խոսնակ լինելու տարիներին էր, որ ԼՂ-ն դուրս մնաց բանակցություններից, իսկ այդ տարիների իր բոցաշունչ ելույթներով խոսնակը «հետ» էր մղում այդ հարցի շուրջ եղած ցանկացած քննադատություն: Հիշենք նաեւ, որ այդ ընթացքում ԼՂ եւ ՀՀ իշխանությունների դե ֆակտո ձուլումը իր գագաթնակետին էր հասել, իսկ ոչ պաշտոնական ուղեցույցներում ՀՀ դիրքորոշումը նշանակում էր նաեւ ԼՂ դիրքորոշում:
Այժմ իշխանությունները մանրամասնում են, որ նախ՝ առանց ԼՂ համաձայնության չի կարող լինել Հիմնարար սկզբունքների ընդունում, եւ ավելին՝ դրանից հետո Ղարաբաղը միանշանակ պետք է մասնակցի խնդրի կարգավորման համաձայնագրի մշակմանը:
Այս հստակ միտքն անմիջապես ենթարկվեց շրջադարձային ձեւախեղումների: Խնդրեմ, դրանցից մեկը. «Հայաստանի ներկայիս իշխանությունները, փաստորեն, ձախողվել են ԼՂ-ին բանակցային սեղանին վերադարձնելու ջանքերում, եւ հիմա արդեն, երբ եկել է փաստաթուղթը ստորագրելու պահը, Հայաստանը դրա պատասխանատվությունը ցանկանում է դնել Ղարաբաղի վրա»: Այսինքն՝ խնդիրն անթույլատրելիորեն շահարկելու եւ խեղաթյուրելու դասական օրինակ:
Իսկ ի՞նչ է իրականում նշանակում այն հայտարարությունը, թե՝ «…անհնար կլինի անցնել ԼՂ խնդրի կարգավորման երկրորդ փուլին, եթե Ղարաբաղի կողմից համաձայնություն չլինի հիմնարար սկզբունքների վերաբերյալ»: Եթե այս փուլում արդեն մեր արտգործնախարարը նման հայտարարություն է անում, դա նշանակում է, որ հայկական կողմն առնվազն վերջին բանակցություններում հասել է նրան, որ Լեռնային Ղարաբաղի համաձայնությունը լինի առանցքային, իսկ Ղարաբաղի անկախ դիրքորոշումը՝ պարտադիր: Այսինքն՝ ուզեք, թե չուզեք, Ղարաբաղն արդեն դարձել է բանակցային կողմ, ընդ որում՝ օծվելով այդ գործընթացում վետոյի իրավունքով: Իսկ սա նշանակում է, որ աստիճանաբար անիմատ են դառնում ԼՂ-ի՝ գործընթացից դուրս մնալու առնչությամբ արվող բոլոր քննադատությունները: Ահա եւ պարոն Կարապետյանի հապճեպ արձագանքի իրական դրդապատճառները, որովհետեւ այն, ինչ չի հաջողվել նախկինում, այսօր աստիճանաբար իրողություն է դառնում:
Նշեմ նաեւ, որ ԼՂ մասնակցության առնչությամբ վերը հիշատակված մանրամասնումը ներկայացնում է հայկական կողմի պաշտոնական մեկ այլ դիրքորոշումը կյանքի կոչելու միջանկյալ մեխանիզմը՝ այն է՝ «Մեզ համար խաղաղ կարգավորման հիմնաքարը այն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է իր ճակատագրի տերը»: Այս հիմնաքարային դրույթից ելնելով էր, որ վերջին տարիներին բանակցային հիմնական ջանքերն ուղղվեցին ինքնորոշման իրավունքի ամրագրմանը որպես հիմնարար սկզբունք, իսկ այդ իրավունքի իրացման հստակ մեխանիզմները, այդ թվում հանրաքվեն ու հանրաքվեում ցանկացած հարցի ընդգրկումը (անկախություն, միացում Հայաստանի հետ) անակնկալ հրապարակվեցին օրերս մամուլում: Այսինքն՝ արդեն այսօր, Կազանում համաձայնություն տալով Հիմնարար սկզբունքներին, Ադրբեջանը համաձայնություն է տալիս ինքնորոշման իրավունքին, համաձայնություն է տալիս հանրաքվեի անցկացմանը՝ ցանկացած հարցադրմամբ, եւ վերջապես համաձայնություն է տալիս Ղարաբաղի անկախությանը, քանի որ հանրաքվեի արդյունքների հարցում գոնե որեւէ մեկը կասկած չունի: Ահա այս համաձայնությունը տալուց հետո Ադրբեջանը դեռ պետք է սպասի, որ Լեռնային Ղարաբաղը տա իր համաձայնությունը մնացած հարցերի շուրջ: Եվ վերջապես, Ադրբեջանին բացատրվեց, որ իրականում կա ձայների դիսբալանս, ոչ թե 1+1, այլ 2+1 ձեւաչափ, հետեւաբար Ադրբեջանի ջանքերը պետք է համարժեք լինեն կորզելու ոչ թե մեկ, այլ երկու խաղացողի համաձայնություն: