Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍԵՑ

Հունիս 18,2011 00:00

\"\"Բայց ոչ մի նոր բան, որ մինչ այդ չէին ասել իր կուսակիցները, այդպես էլ չասաց

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջապես բավարարեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի չորրորդ պահանջն ու անձամբ արձագանքեց իշխանության հետ պատվիրակությունների մակարդակով երկխոսություն սկսելու Կոնգրեսի առաջարկին: Իհարկե, նա ոչ մի նոր բան, քան ավելի վաղ ասել էին իր կուսակիցներ Գալուստ Սահակյանն ու Էդուարդ Շարմազանովը, նաեւ իր աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը՝ չասաց: Փոխարենը նույնիսկ մի քիչ «կծեց» Կոնգրեսին, ու դա արտահայտվեց նրանով, որ ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ՝ «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձը արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսությանն առնչվող հարցերին», հարկ չհամարեց նույնիսկ կոնկրետ հասցեատեր նշել՝ բավարարվելով ընդամենը «արտախորհրդարանական ընդդիմություն» ձեւակերպմամբ: Իսկ ասելիքն այս էր, որը մեջբերում ենք ամբողջությամբ:
«Երկխոսության, քննարկումների միջոցով առկա խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը միակ տրամաբանական եւ ընդունելի ճանապարհն է մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար: Բոլոր մյուս ճանապարհները հղի են լուրջ վտանգներով եւ անխուսափելի կորուստներով: Այս մասին մենք բարձրաձայնել ենք անընդհատ եւ այսուհետ եւս չենք զլանալու կրկին ու կրկին հիշեցնել նույնը: 2008թ. նախագահական ընտրություններից հետո իմ առաջին իսկ հրապարակային խոսքը բոլոր քաղաքական ուժերին եւ հասարակական միավորումներին ուղղված համագործակցության կոչն է եղել: Հետագա ամբողջ ժամանակահատվածում իշխանության գործելաոճը մնացել է նույնը:
Որքան էլ բարդ, երբեմն նաեւ կոշտ բանավեճերով, քաղաքական կոալիցիան կարողացել է հանուն Հայաստանի զարգացման հարցերում դրականորեն համագործակցել խորհրդարանական ընդդիմության՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության եւ «Ժառանգություն» կուսակցության հետ: Մենք ոչ միայն բաց ենք եղել ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցելու առումով, այլեւ ինքներս ենք ձեւավորել համապատասխան մեխանիզմներ: Արտախորհրդարանական կուսակցությունների հետ աշխատանքի ձեւաչափը հնարավորություն տվեց համադրել քաղաքական դաշտում առկա մոտեցումները մեր երկրի ու մեր ժողովրդի համար կենսական ամենակարեւոր հարցերի շուրջ: Հանրային խորհրդի ստեղծումը եւս նպատակ ուներ որոշումների կայացման գործընթացում հանրության առավել լայն հատվածների ներգրավվածությունն ապահովել, եւ մենք մշտապես հաշվի ենք առնում այդ կառույցից եկող առաջարկները:
Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության նախաձեռնությունն էլ մերն է: Մենք ենք սկսել այդ գործընթացը, եւ դա եղել է ոչ թե որեւէ կողմից ճնշման հետեւանք, ինչպես փորձում են ներկայացնել այդ երկխոսությունից շփոթված առանձին ուժեր, այլ ուղղակի արդյունքն է մեր խորը գիտակցված համոզմունքի: Ես դրական եմ գնահատում Հայ ազգային կոնգրեսի հետ վերջին ամիսների մեր աշխատանքը եւ հույս ունեմ, որ երկուստեք հասկացվածություն կա այն մասին, որ սկսված գործընթացը պետք է համատեղ ուժերով պահպանել ու առաջ տանել: Ստեղծածը քանդելը ամենահեշտն է, քաղաքական հասունությունն արտահայտվում է ստեղծածի վրա ավելացնելու ունակությամբ: Կարծում եմ՝ եթե կողմերը կարողանան խուսափել մեկքայլանի, լավ չկշռադատված առաջարկներով միմյանց եւ գործընթացը փակուղի տանելու գայթակղությունից, ապա հնարավոր կլինի հաստատուն կերպով առաջ գնալ եւ շատ ավելի մեծ օգուտներ բերել մեր ժողովրդին ու մեր երկրին: Այս տեսանկյունից ամենակարեւոր սկզբունքը հստակ է. վերջնագրերն անթույլատրելի են, վերջնագրերի լեզվով միմյանց հետ խոսելը ոչ մի տեղ տանող գործելաոճ է: Իսկ երկխոսությունը բանակցությունների վերածելու փորձերն ուղղակի անընդունելի են:
Մեկ անգամ եւս կրկնում եմ` մենք միշտ բաց ենք եղել եւ պատրաստ ցանկացած քննարկման: Եվ եթե կան քաղաքական ուժեր, որոնք ունեն կոնկրետ ու ողջամիտ առաջարկություններ, մենք պատրաստ ենք կոնկրետ լուծումների: Եթե ՀԱԿ-ին մեր ժողովրդի հոգսերի եւ մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների շարքում սոսկ ընտրություններն են հետաքրքրում, ապա ԱԺ նախագահը պատրաստ է անձամբ ընդունել ներկայացուցիչների այդ քաղաքական կառույցի ղեկավար կազմից եւ լսել նրանց: Եթե, այնուամենայնիվ, առաջ կքաշվեն նաեւ առաջարկություններ, որոնք ուղղված կլինեն մեր տնտեսության վերելքին եւ երկրում առկա սոցիալական խնդիրների լուծմանը, ապա վարչապետն անձամբ է պատրաստ ընդունել եւ քննարկել դրանք: Հանրապետության նախագահի միջամտությունը պահանջող հարցերի առկայության դեպքում նախագահի աշխատակազմի ղեկավարը կարող է ընդունել եւ քննարկել:
Իսկ եթե անընդունելի բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարեւորագույն հարցերի լայն շրջանակում եւ ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ: Քաղաքական կոալիցիան պատրաստ է նմանօրինակ քննարկումների բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն կոնկրետ առաջարկություններ: Մենք կարեւոր ճանապարհի վրա ենք, եւ այդ կարեւորությունը միայն այսօրվա համար չէ: Վստահ եմ՝ եթե սթափությունը չլքի մեզ, մենք կկարողանանք արմատավորել անկախ Հայաստանի համար խիստ կարեւոր քաղաքական նոր մշակույթ»:
Ասել է թե՝ Կոնգրեսին մի քիչ նվաստացնելով հանդերձ՝ Ս. Սարգսյանը մոտավորապես գծել է իշխանության պատվիրակության կազմը՝ ըստ ոլորտային քննարկումների. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան (եթե ՀԱԿ-ն ուզում է սակարկել ԱԺ-ում մանդատ ունենալու շուրջ), ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյան կամ նույնիսկ կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք, սակայն, պատվիրակություն չեն կոչվելու: Ինչ վերաբերում է Կոնգրեսի օրակարգին՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, ապա Ս. Սարգսյանը դրա մասին ոչինչ չի ասում, բայցեւ հասկացնել է տալիս, որ դրա շուրջ երկխոսություն, առավել եւս բանակցություններ, որոնք, նրա ձեւակերպմամբ, անընդունելի են, չեն լինելու: Իսկ մնացած հարցերը՝ խնդրեմ, երկխոսենք, մտահոգող հարցերը միասին քննարկենք. ըստ էության այս էր Ս. Սարգսյանի հայտարարության իմաստը, որը, հավանաբար, լավ ստարտ կարող է լինել ԵԽԽՎ-ում նրա ելույթից առաջ:
Դժվար է ասել, թե արդյոք Կոնգրեսը հենց այսպիսի՞ արձագանք էր ակնկալում, թե՞ ոչ. թերեւս, ոչ: Բայց դա մեր հանրությունը կիմանա ավելի ուշ, որովհետեւ երեկ ՀԱԿ-ը բավարարվել է միայն մոտավորապես մի քառատող հաղորդագրություն տարածելով. «Հայ ազգային կոնգրես-իշխանություն երկխոսության մասին Սերժ Սարգսյանի՝ հունիսի 17-ի հայտարարության առթիվ հայտնում ենք. նկատի ունենալով հայտարարության պարունակած որոշակի անհստակությունները եւ առանձին ձեւակերպումների բազմիմաստությունը՝ Կոնգրեսը նպատակահարմար է համարում դրա գնահատականը տալ իր կառույցներում քննարկելուց հետո»:
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանից փորձեցինք պարզել՝ կա՞ արդյոք որեւէ անհստակություն կամ բազմիմաստ ձեւակերպում Ս. Սարգսյանի հայտարարության մեջ: Նա նախ՝ համոզմունք հայտնեց, թե «ՀԱԿ-ի տարածած հաղորդագրությունն արժանապատվությունից զուրկ էր», ու նկատեց. «Ժողովրդական խոսք կա. ասում են՝ դուզ խոսքը էշին են ասում, բայց փաստորեն «դուզ» խոսքն էլ խնդիրը չլուծեց»: Ա. Թեւանյանը տարակուսանք հայտնեց նաեւ ՀԱԿ-ի այն հայտարարության առնչությամբ, թե՝ Սարգսյանի ելույթը պիտի քննարկեն Կոնգրեսի կառույցներում. «Այսինքն՝ ՀԱԿ-ը պատրաստվում է համակոնգրեսական քննարկումներ կազմակերպել Ս. Սարգսյանի ելույթի վերաբերյալ, պատկերացնո՞ւմ եք: Ս. Սարգսյանը պիտի երազի իր «հրաժարականը» պահանջող այսպիսի ընդդիմության մասին, որը կառույց առ կառույց քննարկելու է իր ասածները եւ իրեն PR է անելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել