Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը «ԽԱՂ ԿԱՆԻ՞»

Հունիս 18,2011 00:00

\"\"Ըստ Լեւոն Բարսեղյանի, Սերժ Սարգսյանը շախմատիստ չէ, սերֆինգիստ է

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց ՀԱԿ-ին եւ բավականին յուրօրինակ պատասխանեց: Երկար սպասված այդ պատասխանի տակ կարելի է հասկանալ՝ ինչ որ սիրտդ կուզի եւ ինչպես որ սիրտդ կուզի: Երեկ Սերժ Սարգսյանի պատասխանի առիթով Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանից հետաքրքրվեցինք՝ իր տպավորությամբ՝ Սերժ Սարգսյանը ՀԱԿ-ին ասում է այո՞, թե՞ ոչ: «Իմ կասկածները՝ Սերժ Սարգսյանի խորամանկության մասին, հաստատվում են: Նա ամեն ինչ անում է ժամանակ ձգելու համար»,- ասաց մեր զրուցակիցը, ում տպավորությամբ՝ նաեւ Սերժ Սարգսյանը փորձում է «իրենով» անել երկխոսության գաղափարը: Մեր զրուցակիցն այս առիթով նույնիսկ տպավորիչ համեմատություն արեց. «Ճաշկերույթների ժամանակ իրար ոչ այնքան մտերիմ մարդկանցից մեկը գալիս, մյուսին շատ սրտանց ողջագուրվում է, պաչ-պռոշտի է անում՝ հանրության աչքում տպավորություն ստեղծելով, որ իրենք վաղուցվա ախպերներ էին: Սերժ Սարգսյանը ժամանակ է ձգում եւ հասկացնում է, որ տղերք, եթե չեք ընդունում այդ սկզբունքը, մեկ է՝ ես ձեզ հետ խաղալու եմ, չլչլելու եմ: Եվ, ի վերջո, մի տեղում էլ հստակ ասում է, որ արտահերթ ընտրությունների գաղափարին ինքը դեմ է՝ ցրելով ՀԱԿ-ին համապատասխան հասցեներով»: Սերժ Սարգսյանը շատ հստակ հասցեներ է ցույց տալիս ՀԱԿ-ին: Ասում է, թե ինչ հարց ունենալու դեպքում ուր կարող են դիմել. եթե ընտրություններն են հետաքրքրում, ուրեմն՝ ԱԺ նախագահին, եթե տնտեսությունը, ապա՝ վարչապետին, իսկ եթե իր միջամտության կարիքը կա, ուրեմն՝ նախագահի աշխատակազմի ղեկավարին: Արդյոք սա այն պատվիրակության կա՞զմն է, որը պահանջում եւ ակնկալում էր Կոնգրեսը Սերժ Սարգսյանից՝ «Առավոտի» դիտարկմանը Լեւոն Բարսեղյանը արձագանքեց. «Անգամ, եթե այդպես էլ լինի, դրանով հաստատվում է իր խորամանկության վարկածը, եւ շատ հստակ ի ցույց է դրվում, որ իր խաղն ամբողջությամբ գնում է ժամանակ ձգելու վրա»: Այս առումով Լեւոն Բարսեղյանը Սերժ Սարգսյանի վարքը նմանեցնում է «շատ լավ սերֆինգիստի» վարքի, ով բավականին ճկուն որսում է ալիքի կատարը եւ սկսում է լողալ դրա վրա: Մեր զրուցակիցը նաեւ չի հավատում Սերժ Սարգսյանի անկեղծությանը, երբ վերջինս իր խոսքում փորձում է համոզել, որ արտաքին ճնշման տակ չի առաջացել երկխոսության գաղափարը:
Ամսի 30-ին ՀԱԿ-ի հերթական հանրահավաքն է, որը դարձյալ ՀԱԿ-ականներն իրենց այս օրերի հարցազրույցներում ներկայացնում են իբրեւ հիմնաքարային, բեկումնային կամ էլի այլ ածականներով: Բայց մի բան ակնհայտ է. ՀԱԿ-ի հանրահավաքներին դեռ մասնակցողները ակնկալիքներով են գնալու 30-ի հանրահավաքին: Գնալու են  վերջապես հասկանալու՝ ջրբաժան կլինի՞, թե՞ այլեւս՝ երբեք: Այս առումով հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հակաքայլեր պետք է անի ՀԱԿ-ը: Ինքը՝ Լեւոն Բարսեղյանը, ի՞նչ սպասելիքներ ունի: «Իմ հեղափոխական բնույթը հուշում է, թե ՀԱԿ-ի քայլերի ինչ ակնկալիքներ ունեմ ես: Քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակից դժգոհ հանրությունը, ես՝ ինքս, ակնկալում եմ, որ այս ռեժիմի վերջը պետք է տալ: Այս ռեժիմն անուղղելի է: Սերժ Սարգսյանն իր ամբողջ վարչախմբով իրական դասեր չի քաղում: Նա ուզում է իր վարչախմբով եւ ուժայիններով հավերժ թագավորել, երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրները բանի տեղ չդնել, բլեֆել, խաղալ: Ես ակնկալում եմ, որ ՀԱԿ-ը պիտի գնա արմատական քայլերի: Ցավում եմ, բայց կասկածներ ունեմ, որ Կոնգրեսը չի գնա նման քայլերի»: Նկատեցինք, որ առաջին նախագահը քանիցս հրապարակավ հայտարարել է, որ Կոնգրեսը դեմ է հեղափոխական գործընթացներին: Ուստի ստացվում է, որ Սերժ Սարգսյանին կհաջողվի ձգձգել գործընթացը: Լեւոն Բարսեղյանը հակադարձեց. «Սերժ Սարգսյանին հաջողվել է յոթ տարի շարունակ լինել պաշտպանության նախարար, ազգային անվտանգության հարցերով նախարար, տեղի է ունեցել «հոկտեմբերի 27» եւ նրա մտքով չի անցել անգամ հրաժարականի դիմում գրել: Այդ իմաստով, Սերժ Սարգսյանը բավականին հմուտ է, կասկածի տեղիք չկա, որ իր վարչական ռեսուրսներով ամեն ինչ կանի, որ մնա իշխանության տեր եւ տիրական»: Ինչ մնում է Կոնգրեսին եւ առաջին նախագահին, մեր զրուցակցի համար հստակ չէ, թե «հեղափոխություն» ասելով Տեր-Պետրոսյանն ի՞նչն ի նկատի ունի: Ինքը՝ Բարսեղյանը, նկատի ունի մտքի հեղափոխությունը, քաղաքացիական անհնազանդության գործիքների լիակատար օգտագործումը, որ ռեժիմին սպասարկող յուրաքանչյուր պաշտոնյա յուրաքանչյուր վայրկյան զգա հանրային արհամարհանքը, արգահատանքը, դժգոհությունը, պարսավանքով եւ խայտառակությամբ մտնի իր աշխատատեղ եւ նույն խայտառակությամբ դուրս գա այնտեղից:
Իսկ եթե հանկարծ ամսի 30-ի հանրահավաքից հետո էլ ՀԱԿ-ը հանրությանն ուղարկի հերթական բաժակ սուրճը կամ թեյը խմելու, մեր զրուցակցի համոզմամբ՝ կմարի հերթական հույսը, քանի որ տարիներ շարունակ սատարելով այս ուժին՝ հանրությունն այնուհանդերձ հույս է փայփայել: Այնուհանդերձ, բանակցելու կամ երկխոսելու իրական հնարավորությունը մեր զրուցակիցը դեռ կորսված չի համարում: «Սերժ Սարգսյանն իր ռեժիմով պետք է տեսնի, որ լրջագույն դիմադրություն կա, եւ ժողովուրդը խաղ չի անում: Մնում է, որ ամսի 30-ին ժողովուրդն այլեւս խաղ չանի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել