Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՁ ՁԵՌՔ ՄԻ ՏՎԵՔ»

Հունիս 17,2011 00:00

\"\"Այս «հաղորդագրությունը» տարածում են թիթեռները՝ իրենց նախշերով եւ գույներով

Նայելով բազմերանգ հրաշաթեւիկներ ունեցող այս միջատին, որին թիթեռ են անվանում, երբեք չես պատկերացնի, որ այն կարող է առաջանալ թրթուրից:

Թիթեռներ (լատիներեն՝ flutulus) կարելի է գտնել դաշտերում, անտառներում եւ բնակելի վայրերում: Նրանց զարգացումը տեղի է ունենում այսպես՝ ձու, թրթուր, հարսնյակ եւ թիթեռ:

Թիթեռների հասուն ձեւերն ունենում են լավ զարգացած երկու զույգ թեւեր, որոնք ծածկված են հազարավոր մանր թեփուկներով: Թավշե այս թեփուկների վնասվելու դեպքում թիթեռը կարող է մահանալ: Թիթեռները լինում են ցերեկային (առագաստավորներ, ճերմակաթիթեռներ, նիմֆալիդներ, կապտաթիթեռներ եւ այլն) եւ գիշերային (արջաթիթեռներ, բվիկներ, երկրաչափներ, սիրամարգակներ եւ այլն): Ցերեկային եւ գիշերային թիթեռները տարբերվում են իրենց ապրելակերպով, ինչպես նաեւ արտաքին տվյալներով: Ցերեկային թիթեռների մեծ մասը գունավոր է, իսկ գիշերային թիթեռներն ավելի համեստ գույներ ունեն, երբեմն էլ անտեսանելի են դառնում շրջակա միջավայրի համար: Օրինակ, թեւերը տանիքաձեւ ծալած՝ ծառի կեղեւին նստած բվիկ-ժապավենաթիթեռը կարող է աննկատ դառնալ: Գիշերային թիթեռները սնվում են հիմնականում ջրով, որի շնորհիվ պահպանում են իրենց ջրային բալանսը եւ էներգիան: Դրանցից շատերը օգտվում են ծաղկի նեկտարից, իսկ մյուսները՝ ծառերի վրա եղած ծաղիկների բուսահյութից, նեխած մրգերից, թռչունների կամ այլ կենդանական մնացորդներից, թափոններից: Փաստորեն, թիթեռներին կարելի է համարել փոքրիկ սանիտարներ, քանի որ բաց չեն թողնում ոչ մի մնացորդ: Թիթեռների այդ խայտաբղետ նախշերը հաղորդում են՝ «ինձ ձեռք մի տվեք» նախազգուշացնող հաղորդագրությունը:

Թիթեռների (հատկապես գիշերային տեսակների) համար կարեւոր են բեղիկների վրա գտնվող հոտառության օրգանները: Լսողության ապարատը տեղավորված է հետնակրծքի շրջանում կամ փորիկի հիմքում: Դրանք բազմասեռ են եւ բազմանում են հիմնականում ձվերով: Գիշերային թիթեռներն իրար գտնում են հոտառությամբ: Էգը դնում է մի քանի հարյուրից մինչեւ 2-3 հազար ձու՝ այնպիսի բույսերի վրա, որոնցով հետագայում սնվում է թրթուրը: Այս ձվերից զարգանում են տարբեր ձեւերի ու մեծության թրթուրներ, որոնք այնուհետեւ մաշկափոխվում են մի քանի անգամ եւ վերածվում հարսնյակների (թրթուրի դեռահաս հորմոնային մակարդակն ընկնելուց հետո): Անցնելով լրիվ կերպարանափոխություն՝ մաշկը պատռվում է, եւ դուրս է գալիս հասուն թիթեռը:

Շատերի համար գուցե հետաքրքիր հայտնություն լինի, սակայն թիթեռները սիրահետման ծեսի ժամանակ միմյանց ցուցադրում են իրենց գեղեցկությունը:

Հայտնի է թիթեռների շուրջ 140 հազար տեսակ (ցերեկային թիթեռների՝ 20 հազար, գիշերային թիթեռների՝ մոտ 120 հազար տեսակ), որոնց մեծ մասը բնակվում է արեւադարձային շրջաններում: Արեւադարձային թիթեռները լինում են խոշոր չափերի. թեւերի բացվածքը հասնում է 30 սմ-ի եւ շատ վառ գույներ ունեն: Ի դեպ, արեւադարձային ամենախոշոր տեսակների ներկայացուցիչ բրազիլական մորֆո թիթեռին օգտագործել են որպես ոսկերչական զարդ: Այդ եւ չափերով ոչ մեծ եվրոպական թիթեռները ներկայումս գտնվում են անհետացման վտանգի տակ: Օրինակ՝ Նոր Գվինեայում ապրում են հսկայական թիթեռներ: Դրանց թեւերի բացվածքը հասնում է 25 սանտիմետրի: Բնիկները բարձր են գնահատում նրանց միսը:

Հայաստանում, մասնավորապես Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերի անտառներում կարող ենք հանդիպել երեք հազար տեսակի թիթեռներ: Դրանցից են, օրինակ՝ ճերմակաթիթեռները (pieridae), որոնք հիմնականում ունեն սպիտակ, դեղին, նարնջագույն թեւիկներ:

Ըստ մասնագետների՝ թիթեռները լինում են օգտակար եւ վնասակար: Օգտակարներից՝ դեռեւս հին ժամանակներից հայտնի է թթենու մետաքսագործը (շերամը), որի թելից գործում են մետաքս: Եվ ինչպես մեզ հայտնի է դեռ հինգերորդ դասարանից, թիթեռները մեծ նշանակություն ունեն նաեւ բույսերի փոշոտման համար: Թիթեռների վնասակար տեսակների թրթուրները գյուղատնտեսական մշակաբույսերի եւ պտղատու ծառերի վնասատուներ են: Օրինակ, կայսերական եւ ծիծեռնակապոչիկավոր թիթեռները՝ ուտելով թունավոր բույսեր, հասուն ժամանակ իրենք էլ են դառնում թունավոր:

Շատ ցերեկային թիթեռներ կտրում են երկար տարածություններ: Օրինակ՝ անկյունաթեւավորները Սահարայից թռչում են մինչեւ Եվրոպա՝ հաղթահարելով 30000 կմ 14 օրում:

Ճապոնացի գիտնականները մի շատ հետաքրքիր բացահայտում են կատարել, նշելով, որ թիթեռների որոշ տեսակներ փակում են իրենց թեւերը՝ այդ կերպ արուներին հասկացնելով, որ իրենց հետ որեւէ գործ ունենալ չեն ուզում: Իսկ զուգավորվելու ցանկության դեպքում էգերը բաց են անում իրենց թեւիկները: Այս հայտնագործությունը վերաբերում է առաջին հերթին Ասիայում եւ Եվրոպայում տարածված թիթեռի մի տեսակի, որն ամբողջ կյանքում մեկ անգամ է զուգավորվելու հնարավորություն ունենում: Արու թիթեռները իրենց էգերին գտնում են «ֆերմոն» կոչվող հոտի միջոցով: Զուգավորվելուց հետո էգերը ձվադրում են կատարում այնտեղ, որտեղ թրթուրները հնարավորություն ունեն գտնելու իրենց սնունդը:

Իսկ շատերին հետաքրքրող այն հարցին, թե որքա՞ն է ապրում թիթեռը, մեզ հետ զրույցում պատասխանեց ԱՄՆ երկրաբանահետախուզական ինստիտուտի կենսաբանական ռեսուրսների բաժնի բժիշկ Փոլ Օփլերը, նշելով, որ ոչ մի հասուն թիթեռ չի կարող ապրել ավելի, քան մեկ տարի: Ըստ Փ. Օփլերի՝ ձմեռող տեսակները, որպես հասուն թիթեռ, ձմռանը քուն են մտնում, իսկ գարնանը ձվադրում կատարում: «Թիթեռների կյանքի միջին տեւողությունը 1-2 ամիս է: Սակայն թիթեռների որոշ տեսակներ կարող են ապրել մինչեւ մեկ տարի, իսկ մյուսները՝ չգերազանցելով նույնիսկ մի քանի ժամը: Թիթեռի կյանքի տեւողությունը կախված է իր տեսակից: Այսպես, օրինակ՝ արծաթագույն եւ փոքր կապույտ թիթեռներն առհասարակ ամենակարճ կյանքն ունեն, որը հասնում է առավելագույնը՝ մի քանի օրի: Ամենաերկար կյանքի տեւողություն ունեցող թիթեռները չվող կայսերական թիթեռներն են, որոնք ապրում են մինչեւ 12 ամիս: Այնուամենայնիվ, հասուն թիթեռի կյանքի միջին տեւողությունը 20-40 օր կամ 3-6 շաբաթ է»,- մեզ հետ զրույցում հավելեց մասնագետը:

Ի հակադրություն այս ամենի՝ Կոստա Ռիկայում թիթեռների վրա կատարած ուսումնասիրություններից ելնելով՝ մասնագետները պնդում են, որ թիթեռների կյանքի տեւողությունը ընդամենը երկու օր է: Արտասահմանցի գիտնականների մի խումբ էլ պնդում է, որ հասուն թիթեռների կյանքի տեւողությունը մի քանի ժամից մինչեւ մի քանի շաբաթ է, իսկ ձմեռող տեսակներինը՝ մի քանի ամիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել