Լրահոս
Օրվա լրահոսը

Արժանացել են IDHEAP-ի հավաստագրի

Հունիս 17,2011 00:00

\"\"ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի երեք ներկայացուցիչներ՝ միջազգային եւ արտոնագրման բաժինների ղեկավարներ Սաթենիկ Ամիրանյանը եւ Առնո Սարգսյանը, ինչպես նաեւ ՀՖՖ նախկին աշխատակից, 2009 թվականից ՈՒԵՖԱ-ի աշխատակից հանդիսացող Մոնիկա Մխիթարյանը ՈՒԵՖԱ-ից արժանացել են IDHEAP ֆուտբոլային կառավարման հավաստագրի:

Եվրոպայի ֆուտբոլային ղեկավար գերատեսչությունը 2010 թվականին Լոզանի համալսարանին կից հանրային կառավարման շվեյցարական բարձրագույն դպրոցի հետ համատեղ հիմնել է տասն ամիս տեւողությամբ «Ֆուտբոլային կառավարման ՈՒԵՖԱ-ի հավաստագիր» ծրագիրը (UEFA CFM), որը հիմնարար է ՈՒԵՖԱ-ի հիմնած մասնագիտական զարգացման ծրագրերի համար: Այն ուղղված է՝ ամրապնդելու եւ կազմավորելու ֆուտբոլային ազգային ասոցիացիաների աշխատակազմերի միջին օղակների արդեն իսկ ձեռք բերված գործնական գիտելիքները:

Եվրոպական բոլոր 53 ասոցիացիաներից ստացված դիմումների (յուրաքանչյուր ասոցիացիա կարող էր ներկայացնել առավելագույնը երկու թեկնածու) քննության արդյունքում ՈՒԵՖԱ-ն եւ IDHEAP-ը ընտրել են 33 մասնակցի՝ նրանց մեջ նաեւ վերը նշված հայ մասնագետները, որոնք գերազանցությամբ հանձնելով քննությունները՝ արժանացել են համապատասխան հավաստագրերի: CFM ծրագրի հաջողակ շրջանավարտներին հնարավորություն է տրվել ուսումը շարունակելու ՈՒԵՖԱ-ի մեկ այլ՝ ԴՖՄ ծրագրով:

ՀՖՖ մամուլի քարտուղարության հավաստմամբ, այդ ծրագրում Հայաստանը կրկին կներկայացնեն Սաթենիկ Ամիրանյանն ու Առնո Սարգսյանը, որոնց ուսումը շարունակելու որոշումը ստացել է ՀՖՖ ղեկավարության աջակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել