Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակն է հանգստի գնան»

Հունիս 17,2011 00:00

Ռեժիսոր Վ. Շահվերդյանի ու մյուսների մասին այս կարծիքին է  դերասան, երգիչ Արմեն Չարչյանը

Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոս, շուրջ 15 տարի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում աշխատած՝ մասնագիտությամբ դերասան Արմեն Չարչյանին, ով թեեւ վերջին ժամանակներս զբաղվում է երաժշտական գործունեությամբ եւ հանդես գալիս հատկապես ռուսական շոու-բիզնեսում, մտահոգում է մշակույթի եւ մասնավորապես թատրոնի հանդեպ պատկան մարմինների անտարբերությունը: Նա «Առավոտին» ասաց, թե Վանաձորի թատրոնում մթնոլորտը վատ իմաստով փոխվել է, երբ թատերական այդ կառույցը սկսել է ղեկավարել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, որը, նրա փոխանցմամբ, չնայած զբաղեցրած պաշտոնին, տարվա մեծ մասը Միացյալ Նահանգներում է անցկացնում:

«Արվեստի մարդիկ բարդ խառնվածք ունեն, բայց տաղանդավոր մարդու ստեղծածը ծառայում է բարուն: Վահեի պարագայում՝ հակառակն է: Վահե Շահվերդյանն արդեն վերջացած, հնաոճ, հղփացած ռեժիսոր է, իսկ թատրոնի կազմը պետք է թարմացնել: Չի կարելի միայն անցյալից կառչելով ապրել, մանավանդ որ, շահվերդյանական ներկայացումների մեջ խորություն չկա: Այդ մարդն անգամ հարցազրույցներում խոսում է 80-ական թվականների կեղծ պաթոսով: Ժամանակն է, որ այդ տեսակի մարդիկ հանգստի գնան: Վահեն կարող է ճոխ թաղումների ռեժիսոր լինել, որովհետեւ ժամանակին եւ այսօր էլ նա դերասաններին ճնշելով էր ուղարկում այն աշխարհ, հետո արցունքներ թափում ու ճոխ թաղումներ բեմադրում»,- կարծում է Ա. Չարչյանը:

Նրա խոսքով, ռեժիսոր Վահե Շահվերդյանը Վանաձորի թատրոնում սկսել է բեմադրել դասականների գործեր, ինչը, ըստ մեր զրուցակցի, նրա համար լավ առիթ է հավելյալ գումար աշխատելու համար. «Ինչի՞ համար, որովհետեւ դասական ներկայացումներից փող պոկելն ավելի հեշտ է»: Նրա ձեւակերպմամբ, Վ. Շահվերդյանը մեկ տարի առաջ հանդիսատեսի դատին է հանձնել Շեքսպիրի «Լիր արքան», հիմա էլ Շիլլերի «Սեր եւ խարդավանքն» է բեմադրում. «Նրա «Լիր արքայում» դերասանները խաղում էին այնպես, ինչպես վարժեցված գազանները՝ կրկեսում: Երբ ներկայացումից դուրս ես գալիս, ոչինչ չես զգում, իսկ Շեքսպիրը դա՛ չէ, չե՛ս տեսնում ողբերգությունը»: Ըստ Ա. Չարչյանի, Վանաձորի թատրոնի ժամանակին վերելք ապրելը Վ. Շահվերդյանը վերագրում էր իրեն. «Մինչդեռ այն ժամանակ տաղանդավոր դերասան-դերասանուհիներ կային, հիմա մի քանիսն են մնացել, որովհետեւ բոլորը դժգոհությամբ լքեցին թատրոնը: Վահե Շահվերդյանը ոչ թե արարող, ստեղծագործող է, այլ քայքայող…»:

Նրա խոսքով, Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավարին բնորոշ է զոմբիացած դերասաններ պահելը. «Ինքս 15 տարի Վանաձորի թատրոնում աշխատել եմ, եւ նա բոլոր իմ նմաններին ճնշում էր: Ներկայացումներից մեկի երաժշտական ձեւավորումն արեցի, ինձ չվարձատրեց, իր անունը գրեց, թե ինքն է երաժշտական ձեւավորումն արել»:

Ըստ Ա. Չարչյանի, Վ. Շահվերդյանը ժամանակին Խորեն Աբրահամյանին, որը Սունդուկյանի թատրոնի եւ հայ մշակույթի վառ դեմքերից մեկն էր եւ որին Թատերական ընկերությունից հանելու համար նամակ էր գրել, հետո էլ ասում էր, թե թույլ է տալիս նրան գալ, ինչ-որ բեմադրություններ անել: Մեր զրուցակցի կարծիքով, Վ. Շահվերդյանը այժմ էլ շարունակում է նույն քաղաքականությունը, ինչ տարիներ առաջ, երբ փորձում էին Խորեն Աբրահամյանին մեկ հարվածով հեռացնել: «80-ական թվականներին նա ինչ-ինչ ուղիներով ազատվեց դատական պրոցեսներից, որովհետեւ կերել էր նույն Կիրովականի թատրոնը, բայց այնպես դասավորեց, որ հաշվապահին ձերբակալեցին: Ո՞նց էր, որ 96-ից հետո Վահե Շահվերդյանին տարան Սունդուկյանի թատրոն՝ որպես գեղարվեստական ղեկավար, 4 պաշտոն էր զբաղեցնում՝ Սունդուկյանի գեղարվեստական ղեկավար, Գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեկտոր, ԱԺ պատգամավոր, ձեւակերպված էր նաեւ Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավարի խորհրդատու: Ի՞նչ է, այս հանրապետությունում էլ տաղանդավոր մշակույթի դեմքեր չկայի՞ն: Ինչքա՞ն կարելի է ինքնախաբեությամբ զբաղվել եւ անցյալով ապրել: Այսօր էլ կան տաղանդավոր մարդիկ, ինչո՞ւ նրանց տեղ չեն տալիս»: ՀՀ մշակույթի նախարարին էլ Արմեն Չարչյանը հարց է ուղղում՝ ի՞նչ չափանիշներով եք Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի տնօրեն՝ Հովիկ Չախմախչյանին նշանակել. «Մարդը ոչ միայն թատրոնից գաղափար չունի, այլեւս մարդկանց հետ շփվելու տարրական կուլտուրա չունի, փոխարենը որտեղ նստում, ասում է՝ իմ դեմ խաղ չկա, մշակույթի նախարարն իմ ընկերուհին է…»:

Պատրաստ ենք տպագրել նաեւ մյուս կողմի տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել