Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՏԵՄԲՐՈՎ ԳՈՐԾԻՔԻՆ»

Հունիս 17,2011 00:00

\"\"Ասում է ճանաչված գալարափողահար Գլեբ Կարպուշկինը

Այս տարի ապրիլ-մայիսին կայացած «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնի առիթով անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը «Առավոտի» հետ զրույցում հատկապես առանձնացրեց ռուսաստանցի երաժիշտ Գլեբ Կարպուշկինի ելույթը, նշելով, որ ինքը դժվարանում է հիշել, թե հայաստանյան համերգներում վերջին անգամ երբ է հանդիպել սիմֆոնիկ նվագախմբի ընտանիքի անդամ գալարափողը՝ իբրեւ մենակատար գործիք ու նման վիրտուոզ գալարափողահարի:

Մենք երաժշտի՝ Հայաստանում գտնվելու կարճատեւ ժամանակահատվածի պատճառով չկարողացանք հանդիպել նրա հետ: Գ. Կարպուշկինը շուրջ 20 օր հետո կրկին Երեւանում է: Այսօր նա հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ հարավկորեացի դիրիժոր Յունգ- Մին Փարքի ղեկավարությամբ: Վերջինիս ժամանակին ներկայացրել ենք:

ՌԴ վաստակավոր արտիստ Գ. Կարպուշկինը Յուրի Բաշմետի ղեկավարած «Նովայա Ռոսիա» նվագախմբի մենակատար է: Մենահամերգներով հանդես է եկել եվրոպական երկրներում եւ Ամերիկայում:

«Առավոտի» հետ զրույցի ընթացքում գալարափողահարը նշեց, որ իրեն անչափ հետաքրքիր է լինել հին մշակույթ ունեցող երկրում եւ Հայաստան երկրորդ այցի համար էլ երախտապարտ է իր ներկայացուցչին՝ Սոնա Մնացականյանին: Մեր զրուցակցից տեղեկացանք, որ Ռուսաստանում էլ, մասնավորաբար՝ Մոսկվայում, այնքան էլ հաճախակի չի հնչում գալարափողը՝ իբրեւ մենակատար գործիք, թեեւ աշխարհում ճանաչված են ռուս գալարափողահարներ Վալերի Պոլիխը, Վիտալի Բույնովսկին: Ծանոթանալով երեւանյան համերգի ծրագրին, հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ Ալեքսանդր Հարությունյանի հանրահայտ կոնցերտը՝ գալարափողի եւ նվագախմբի համար, չի ընդգրկվել: Նա հավաստիացնելով, որ հիշյալ ստեղծագործության նոտաներն ունի անձնական գրադարանում, ասաց. «Կարծում եմ՝ այսուհետեւ հաճախակի կլինեն իմ համերգային այցերը ձեր երկիր եւ խոստանում եմ համերգներից մեկում հնչեցնել Հարությունյանի իսկապես բարձրարվեստ այդ երկը»:

Խոսելով գալարափողի համար գրված ստեղծագործությունների սակավության մասին, Գ. Կարպուշկինը հայտնեց, որ ռուս կոմպոզիտորներն էլ, չգիտես ինչու, չեն անդրադառնում «մարդկային» տեմբր ունեցող այդ գործիքին: Թվարկելով գալարափողի համար գրված իր համերկրացի ստեղծագործողների անունները, նա հիշատակեց ընդամենը երեք անուն՝ Ռ. Գլիեր, Ա. Գեդիկե եւ Ա. Պախմուտովա: Ի դեպ, Գլիերի կոնցերտի կատարումից հետո «Երաժշտություն եւ ժամանակ» ամսագիրը գրել է. «Գլեբ Կարպուշկինը հիացրեց իր երաժշտականությամբ, նուրբ քնարականությամբ, գործիքի փայլուն տիրապետմամբ…»:

Այս այցի ընթացքում երաժիշտն իր հա մար հայտնաբերել էր չափազանց կարեւոր մի փաստ, ինչի առիթով զարմանք ու հրճվանք է ապրել: Խոսքը վերաբերում է Երեւանի թիվ 13 գիշերօթիկ երաժշտական դպրոցին, որտեղ խորացված ուսուցանվում են փողային գործիքները: Տեղեկացված լինելով, որ գալարափողահարը հաճախ հրավիրվում է Արեւմուտք՝ վարպետության դասերի, կեսկատակ-կեսլուրջ հարցրինք, թե մի օր Երեւանի կոնսերվատորիայի ուսանողները կարժանանա՞ն նման պարգեւի, Գ. Կարպուշկինն ասաց, թե ինքը պատրաստ է ընդունել առաջին իսկ հրավերը: Արվեստագետը նաեւ հավելեց, որ «Նովայա Ռոսիա» նվագախմբում ներկայումս աշխատում են շուրջ տասը հայազգի երաժիշտներ, այդ թվում՝ փողային գործիքների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել