Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱՍՄՈՒՍՍԵՆ-ՌՈԳՈԶԻՆ ՀԵՌԱԿԱ ԲԱՆԱՎԵՃ

Հունիս 17,2011 00:00

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի հրթիռային սպառազինությունների նոր համակարգի ստեղծումը: Նրա ասելով, դա «փողի անիմաստ վատնում է», իսկ Մոսկվայի ռազմատենչ հռետորաբանությունը՝ հին մտածելակերպի արդյունք:

Հանդես գալով Լոնդոնի ռազմավարական հետազոտությունների Թագավորական ինստիտուտում, Ռասմուսսենը հայտարարել է, թե Ռուսաստանը միլիարդավոր ռուբլիներ է ծախսում նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համակարգ ստեղծելու համար, ինչը ակնհայտորեն դասվում է ոչ թե պաշտպանական, այլ հարձակողական համակարգերի շարքին: Ռասմուսսենն ասել է նաեւ, թե Ռուսաստանն իր դեմ ուղղված հնարավոր վտանգը նախկինի նման տեսնում է Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի կողմից, այն դեպքում, երբ նրա պոտենցիալ թշնամիներն ամենեւին այնտեղ չեն: «Այդպիսի հռետորաբանությունը բացարձակ տեղին չէ: Այդ մտածելակերպը հնացած է: Այդպիսի ներդրումները փողերի իզուր վատնում են»,- արձանագրել է ՆԱՏՕ-ի ղեկավարը՝ հավաստիացնելով, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի անվտանգությունը սպառնալիքի տակ դնելու նպատակ չունի, այլ հակառակը՝ ակտիվորեն ներգրավում է նրան համագործակցության մեջ. Ռասմուսսենի այս խոսքերը հինգշաբթի օրը մեջբերել է The Daily Telegraph-ը:

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը նույն օրն արձագանքել է Ռասմուսսենի հայտարարությանը, ընդ որում՝ դա արել է շատ խիստ տոնով: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ մեջբերելով Ռոգոզինի հայտարարությունը. «Նպատակների որոշումը եւ սպառազինությունների պետական ծրագրերը ՌԴ-ի ինքնիշխան գործն են, ուստիեւ՝ մենք մեր պաշտպանությունը կապահովենք այնտեղ եւ այն միջոցներով, որտեղ եւ ինչպես անհրաժեշտ ենք համարում: Առանձին երկրներ նախընտրում են այդ հարցը լուծել տարբեր տիպի կոալիցիաներին ու ալյանսներին մասնակցելով՝ իրենք ինքնիշխանության մի մասը փոխանցելով վերպետական մարմինների, նաեւ այլ կառավարությունների: Ինչ վերաբերում է Ռուսաստանին՝ ապա նա եղել է, կա եւ կմնա ինքնիշխան, անկախ պետություն: Այսինքն՝ նա՝ հիմնվելով իր սեփական անվտանգության շահերի վրա, լուծել եւ կլուծի իր ազգային անվտանգության ապահովման հարցերը, այդ թվում՝ նոր սպառազինությունների օգնությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել