Լրահոս
Օրվա լրահոսը

Քադդաֆին համաձայն է հեռանալ՝ եթե պարտվի ընտրություններում

Հունիս 17,2011 00:00

\"\"Չինաստանի առաջնորդ Խու Ցզինտաոն եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով լիբիական հակամարտության մեջ ներգրավված կողմերին ձեռնպահ մնալ բռնությունների հետագա ծավալումից:

BBC-ի մատուցմամբ, Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդների կարծիքով, նման վտանգ է ծագում՝ Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի ավելի ընդարձակ մեկնաբանության արդյունքում: Երկու երկրների նախագահները կոչ են արել արագորեն դադարեցնել կրակը եւ համոզմունք են հայտնել, որ Լիբիայում հակամարտությունը կարող է լուծվել քաղաքական-դիվանագիտական մեթոդներով:

Իսկ ահա Լիբիայից ստացված տեղեկությունների համաձայն, այդ երկրի առաջնորդ Մուամմար Քադդաֆին համաձայնել է Լիբիայում միջազգային դիտորդների հսկողությամբ ընտրություններ անցկացնել: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Քադդաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը, իտալական Corriere della Sera թերթում հինգշաբթի օրը հրապարակված հարցազրույցում: «Ընտրությունները կարող են անցկացվել արդեն երեք ամիս անց, իսկ ամենաուշը՝ տարեվերջին: Եվ դրանց արդարության երաշխիքը կարող են լինել միջազգային դիտորդները»,- ասել է կրտսեր Քադդաֆին:

Նա ասել է, որ ընտրությունների կազմակերպումը կարող են դիտարկել ԵՄ-ն, Աֆրիկյան միությունը, ՄԱԿ-ը կամ նույնիսկ ՆԱՏՕ-ն, որը Լիբիայի դեմ ռազմական գործողություններ է իրականացնում: «Կարեւոր է, որ ընտրություններն ազնիվ լինեն, որպեսզի ձայները կեղծելու կասկածներ չլինեն»,- ասել է Սեյֆ ալ-Իսլամը:

Նա ասել է, թե մինչեւ ընտրությունները՝ պետք է մշակվի սահմանադրությունը եւ ԶԼՄ-ների համար բավականաչափ ազատ համակարգ ստեղծվի. «Ես կարծում եմ, որ ապագայում Լիբիան պիտի բաղկացած լինի ինքնավար միավորումներից եւ դաշնային կառավարություններից՝ Տրիպոլիի սահմանափակ իշխանությամբ: Որպես դրա մոդել պիտի ծառայեն ԱՄՆ-ն, Ավստրալիան եւ Նոր Զելանդիան: Ռեժիմը, այն տեսքով, ինչպես ստեղծել է հայրս 1969թ.-ին, վերջնականապես հնացել է: Անհրաժեշտ է ստեղծել ինչ-որ բացարձակապես նոր բան»: Ավելին, նա հայտարարել է, որ եթե այդ ընտրություններում Մուամմար Քադդաֆին պարտություն կրի՝ նա համաձայն է հեռանալ իշխանությունից, բայց Լիբիայից չի հեռանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել