Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ

Հունիս 17,2011 00:00

\"\"Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն ծրագրում է նոր կառավարություն ձեւավորել՝ փորձելով վստահության քվե ստանալ եւ դեֆոլտից խույս տալու համար տնտեսական խիստ միջոցառումներ իրականացնել: Reuters-ի փոխանցմամբ, Պապանդրեուն հարկերի բարձրացման, ծախսերի կրճատման եւ սեփականաշնորհման ուղղությամբ հնգամյա ծրագիր պիտի ընդունի, որպեսզի ստանա Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամից ակնկալվող 12 մլրդ եվրո հերթական տրանշը: Աթենքին այդ գումարը պետք է պետական պարտատոմսերը վճարելու համար, որոնց ժամկետը լրանում է արդեն օգոստոս ամսին:

Նախարարների կաբինետում նոր փոփոխությունները ցույց են տալիս, թե որքան թույլ է «գոտիները ձգելու» նոր ծրագրին քաղաքական եւ հասարակական աջակցությունը, բայց վերլուծաբաններն ասում են, որ Հունաստանն այլընտրանք չունի:

«Եթե Պապանդրեուն վստահության քվե ստանա, մենք ընտրությունների չենք գնա, եւ միջնաժամկետ ծրագրի ընդունման հնարավորությունները կմեծանան»,- ասել է տնտեսական փորձագետ Թեոդոր Կոլումբիսը:

Այն նոր ծրագիրը, որն առաջարկում է Պապանդրեուի կառավարությունը՝ մեծ հարված կհասցնի հույների կենսամակարդակին. այն նախատեսում է ոչ միայն հարկերի բարձրացում, այլեւ ծախսերի կրճատում՝ 6,5 մլրդ եվրոյի չափով: Ավելի վաղ Աթենքը արդեն իսկ տնտեսական խիստ միջոցառումներ էր իրականացրել՝ միջազգային վարկատուներից օգնություն ստանալու ծրագրի շրջանակներում: Արդյունքում՝ երկրում գործազրկության մակարդակը հասել է ռեկորդային՝ 16,2 տոկոսի, եւ արդեն երրորդ տարին է, ինչ երկրում տնտեսական անկում է գրանցվում:

Հույները, իհարկե, դեմ են կառավարության նոր ծրագրին: Հազարավոր ակտիվիստներ եւ արհմիությունների անդամներ դուրս են եկել Աթենքի կենտրոնական հրապարակ՝ որպես տնտեսական քաղաքականության դեմ բողոքի նշան: Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել