Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկանալի ճիչեր, կենդանական ոռնոցներ

Հունիս 17,2011 00:00

\"\"Դուստրս, ով երբեւէ ցանկություն չուներ լսելու աղանդների մասին, հայտնվել է այդ խմբերից մեկում՝ «Նոր սերունդում»: Սկզբում չէի արգելում՝ մտածելով, որ դա կապված է Մայր եկեղեցու հետ, բայց Աստված կարծես ինձ հուշեց, որ տեսնեմ՝ ո՞ւր է գնում իմ երեխան: Մի օր գնացի այդ հավաքատեղին (երկաթուղային կայարանի կուլտուրայի տունն է) եւ տեսա այն, ինչը չես կարող տեսնել մեր առաքելական եկեղեցում. աստվածապաշտության փոխարեն՝ անհասկանալի ճիչեր, շարականի փոխարեն՝ կենդանական ոռնոցներ, հոգեկան հիվանդին հատուկ դողէրոցք… Եվ այդ ամենն առաքելական եկեղեցու անվան տակ: Դուստրս ունի բարձրագույն կրթություն, երիտասարդ է, խոնարհ է, սիրում է իր հարազատներին: Այդ աղանդին հարելուց հետո անդառնալի կորել է նրա նախկին վարքագիծը. դարձել է անհանդուրժող եւ «Նոր սերունդ» աղանդի մոլի երկրպագու: Ես որոշեցի հանրությանը ներկայացնել իմ բողոքն ու անհանգստությունը, քանի որ այնտեղ շատ երիտասարդներ են հաճախում եւ կանգնած են կործանման եզրին: Այդ աղանդի «առաջնորդները» ստեղծել են բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ իրենց ազգակործան, ցեղասպան գործունեությունը ծավալելու համար:

Սնկի պես ամեն օր, ժամ առ ժամ բազմանում են եւ տարածվում «բարեգործ Աստծո» անվան տակ գործող քարոզիչները, եւ աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած ժողովրդի որոշ անկայուն հատվածին, որոնց մեծ մասը շատ նեղ պայմաններում է ապրում եւ ունի տարբեր կենցաղային, սոցիալական, հոգեբանական խնդիրներ, դարձնում իրենց կամակատարները եւ ինչ-ինչ ձեւով կախվածության մեջ պահում իրենցից (գաղտնիք թող չլինի տասանորդի անվան տակ գումար հավաքելը): Իրենք իրենց թույլ են տալիս վերամկրտել մարդկանց, որը դեմ է քրիստոնեական եկեղեցու դավանությանը: Արդյունքում՝ ինքնասպանություններ, հոգեկան խախտումներ, ընտանիքների քայքայում, անհնազանդություն ընտանիքներում… Դրա փոխարեն՝ մինչեւ ականջների ծայրը նվիրվածություն աղանդավորական «հավատքին» եւ ատելություն՝ իրական կրոնը տարածող մայր եկեղեցու հետեւորդների նկատմամբ: Այդ խմբերի մեջ ընդգրկված են եւ՛ պաշտոնյաներ, եւ՛ մեծահասակներ, եւ՛ դպրոցականներ, ինչպես նաեւ՝ երիտասարդներ: Մենք անզոր ենք պայքարելու դրա դեմ եւ չենք կարողանում որեւէ կերպ մեր երեխաներին հանել այդ հավաքատեղիներից, հետեւաբար շատ ենք խնդրում ձեզ՝ Վեհափառ տեր, հարգարժան պետական այրեր, լսե՛ք մեր հոգու ճիչը, պետական մոտեցում տվեք այս հարցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել