Առաջարկում է «Արտիկլ 19» կազմակերպության ավագ իրավախորհրդատու Բոյկո Բոեւը
Խոսքի ազատության հզոր պաշտպան «Արտիկլ 19» կազմակերպության ավագ իրավախորհրդատու Բոյկո Բոեւը Հայաստանում է: Հունիսի 16-17-ը նրա մասնակցությամբ հայ լրագրողների հետ անցկացվում է «Լրագրողների արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանությունը» սեմինարը: Երեկվա քննարկումները վերաբերում էին զրպարտության եւ վիրավորանքի մասին հայաստանյան օրենսդրությանն ու պրակտիկային՝ ապաքրեականացումից առաջ եւ հետո, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի դրսեւորմանը հայաստանյան իրականությունում: Մասնակիցները կարեւորեցին սեմինարի անցկացումը եւ նշեցին, որ թեեւ այն առաջին անգամ է անցկացվում լրագրողների հետ, սակայն միտում ունի շարունակվելու:
Թեմայի վերաբերյալ եւ լրագրողները, եւ իրավաբաններն ունեին իրենց մտահոգությունները, լավ է՝ օրենքը ապաքրեականացվեց, բայց զավեշտալի՝ դրանից հետո լրատվամիջոցներն առավել շատ ընկան դատարանների դռները: Ապաքրեականացումը կարծես թե դարձել է լրագրողի արտահայտվելու ազատությանը խոչընդոտող հանգամանք: Այն հանրային մարդիկ, ովքեր, ըստ իրենց, զրպարտվել կամ էլ վիրավորանք են կրել լրատվամիջոցներից, կարող են դատարանում պահանջել լրագրողի աշխատավարձի 1 մլն դրամ՝ վիրավորանքի, 2 մլն դրամ՝ զրպարտանքի համար: Եվ դա առիթ դարձավ պաշտոնյաների համար լրատվամիջոցներին սնանկացնելու:
«Մեր մտահոգությունները մեր դատարաններն են». լրագրողները բացատրում են Բոյկո Բոյեւին, պատմում՝ դատավորները կարող են գործը վճռել ընդդեմ ԶԼՄ-ի, բայց մասնավոր զրույցում ներողություն խնդրել լրագրողից՝ ասելով, որ հայցվորը «հզոր» մարդ է եւ չէր կարող չբավարարել նրա հայցը: Չնայած «Արտիկլ 19»-ի փորձագետն ամեն կերպ փորձում էր ներկայացնել օրենքի առավելությունները՝ լրագրողի խոսքի իրավունքի սահմանափակումը կանխելու համար, հայաստանցի լրագրողները նշում էին, որ այդ օրենքը միգուցե լիարժեք կգործեր այլ երկրներում, այլ դատավորների օրոք: «Արտիկլ 19»-ի ավագ իրավախորհրդատուն լրագրողների ուշադրությունը հրավիրեց Քաղաքացիական օրենսգրքի հոդված 1087.1-ի վրա (Պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները)՝ ասելով, որ այստեղ բառերը շատ են, իսկ որքան շատ են բառերը, այնքան մեծ է լրագրողների իրավունքների պաշտպանության հնարավորությունը: «Պաշտոնյաները մեղադրում են լրատվամիջոցին, իսկ այն ունի նաեւ իր սեփականատերը, որին հետաքրքրում են մասնավոր շահեր, մի քանի անգամ մի լրագրողի պատճառով գումարային վնաս կրելուց հետո խմբագրությունը կկիրառի գրաքննություն նույն լրագրողի նկատմամբ»,- հնչում է տեսակետ: Բոյկո Բոյեւին նույնպես զարմացնում են տուգանքի չափերը, ասում է. «Սա կարող է բնորոշվել բռնություն մարդու իրավունքների նկատմամբ»: Լրագրողներին օգնելու առաջարկներից մեկը հատկապես խանդավառություն առաջացրեց լրագրողների մեջ. «Թող լրատվամիջոցները ապահովագրեն իրենց լրագրողներին: Սկզբից գումար կմուծեն, բայց լրագրողից դատարանով գանձվող գումարը վճարի ապահովագրական ընկերությունը»: