Մտածում են բնակիչները, բայց պարզվում է` փողը չի հերիքել
«Չէ, աղջիկ ջան, սա արդեն որպես հանրային պետքարան ա օգտագործվելու (ծիծաղում է-Հ. Հ.), վերեւներից արդեն հրամանը եկել ա` շինարարությունը պետք է կանգնեցնել»,- ասաց ինձ Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի (ՈԿՖ) բանավանի բնակիչներից մեկը: Խոսում էինք բանավանում կառուցվող դպրոցի կիսակառույց շենքի մասին: «Շենքի սյուները կանգնեցրել են, բայց արդեն 2 տարի է` շինարարական աշխատանքները չեն շարունակվում: Աչքիս էնքան են ձգձգելու կառուցումը, որ իմ էրեխեքն են առաջինը էս դպրոց գնալու,- ասում է 22-ամյա Գարիկը, ով դեռ ամուսնացած չէ, երեխա էլ չունի, բայց տարակուսում է,- ասում են` շինարարությունը չի էլ շարունակվելու, ինչ-որ սխալ նախագծով է կառուցվել, կառավարությունն էլ չի հավանել»:
Արարատ քաղաքի ՈԿՖ-ի բանավանում այժմ թիվ 5 միջնակարգ դպրոցը գործում է: Բայց այստեղ տեղակայված զորամասը «ցանկանում» է իր տիրապետության տակ առնել նաեւ դպրոցի շենքը: Այդ նպատակով էլ 2007թ. սկսվում են նոր դպրոցի շինարարական աշխատանքները, դրանք շարունակվում են մինչեւ 2009թ., հետո` կանգնեցվում: «Շենքի դիրքն էլ հարմար չէ դպրոցի համար` ճանապարհի եզր է: Երեխա են, ամեն փորձանք կարող է պատահել: Մի պահ նույնիսկ ուրախացանք, որ շինարարությունը կանգնեցվել է, նոր դպրոցը չի կառուցվելու, բայց դե մեկ էլ մտածում ենք` պետությունն այդքան գումար է ծախսել: Ափսոս է»,- մտահոգվում է բանավանի բնակիչներից Սեդան: Շենքի տարածքը խոտով է պատվել, դարձել է նաեւ` «բոմժերի» եւ ամեն պատահածի «կարիքները» հոգալու վայր: Բողոքում են բնակիչները:
Նոր դպրոցի շինարարությունը չի կանգնեցվել, շարունակվելու է՝ «Առավոտին» հավաստիացնում են ՀՀ քաղաքաշինության նախարարությունից: Արարատի մարզպետարանը նոր դպրոց կառուցելու «ցանկությամբ» հայտ էր ներկայացրել քաղաքաշինության նախարարություն: Նախարարությունն էլ «հանձն էր առել» շենքի կառուցումը: Բայց վրա հասավ տնտեսական ճգնաժամը` նախարարությանը «չթողնելով» շարունակել դպրոցի կառուցումը: Քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության բաժնից Գոռ Քամալյանը նշեց, որ շենքի կառուցումը ծախսատար է. տարածքը ճահճային էր, պետք է չորացվեր, գումար էլ շատ պահանջվեց` 100 մլն դրամ. «Այդ պատճառով էլ մի քանի տարի դուրս մնաց կառուցվող օբյեկտների շարքից»: Նա «սխալ նախագծի» մասին լուրերը հերքում է, ասում, որ հիմա նաեւ բանակցում են ՀՀ պաշտպանության նախարարության հետ` իրենց բյուջեի միջոցներով շարունակելու դպրոցի կառուցումը: «Այդքան ծախս է արված, իհարկե, շինարարությունը չենք դադարեցրել: Այն կշարունակվի եթե ոչ 2012թ.-ին, ապա 2013թ.-ին՝ հաստատ»,- հավաստում է պարոն Քամալյանը: