Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ԽԼՂԱԹՅԱՆԸ

Հունիս 17,2011 00:00

\"\"Այս հարցը հաճախ են տալիս գործընկերները՝ նկատի ունենալով միջին դասարանների հայոց լեզվի դասագրքերի վերջերս անցկացված «մրցույթը», որտեղ ներկայացված երեք խմբաքանակներից «հաղթեց» (հաղթեցրին) «Աստղիկ» հրատարակչության ներկայացրած փաթեթը: Մրցույթը «չհաղթահարած» մի շարք դասագրքերի հեղինակներ հոդվածներով հանդես եկան՝ ապացուցելով «մրցույթի» անարդարացիությունը:

Իսկ ինչո՞ւ է լռում Խլղաթյանը: Որովհետեւ տարիների փորձը ցույց է տվել, որ վերադասը երբեք իր որոշումները չի փոխում հասարակական կարծիքի ճնշմամբ, իսկ եղած ելույթները գնահատվում են որպես պարտված «աբիժնիկների» բողոք, «իբրեւ սրտի հովարանք»:

Խլղաթյանը «աբիժնիկ» չէ, նրա դասագրքերը 13-15 տարի հաջողությամբ ծառայել են դպրոցին, իսկ այն, ինչ կատարվեց, որը ոմանք որակում են իբրեւ «մրցույթ», «հաղթություն», «պարտություն», նա չի ընդունում եւ այդ մասին հայտարարել է «Արմենիա» հեռուստատեսությամբ, «մրցույթի» ավարտից բավական շուտ: Պարզապես նա հասկացավ, որ կատարվում էր շոու, որի նպատակը նրա եւ մի քանի այլ առարկաների դասագրքերը շարքից հանելն էր: Պարզապես նախարարության շոումենները պետք է տղամարդկություն ունենային՝ ասելու իրենց նպատակը, եւ նա իր գրքերը կհաներ վայ-քննարկումից, որպեսզի պարտվածի պիտակ չկպցնեին:

Բայց եթե ոմանք ուզում են, որ նա խոսի, ապա կխոսի, մանավանդ որ լռությունը կարող է ընկալվել որպես պարտությունն ընդունելու եւ համակերպվելու նշան, ինչպես արդեն հայտարարում են նախարարության եւ Պետհամալսարանի միջանցքներում:

O, TEMPORA, O, MORES

Օ, ժամանակներ, օ, բարքեր

Լրագրերի էջերը ողողած գործընկերները, հավանաբար, միամտություն են ցուցաբերում՝ բաց նամակներ գրելով, զանազան պաշտոնատար անձանց դիմելով եւ արդարություն հայցելով: Ամենից շատ նեղանում են նախարար Ա. Աշոտյանից: Եղբայրներ, չեք մերժի, որ նա խելոք է, գործունյա, բայց նաեւ երիտասարդ, որը կարիերա ստեղծելու խնդիր ունի եւ երբեք դեմ չի գնա ինչ-որ տեղ արդեն ընդունված որոշման:

Ասում են, թե հանրակրթության, ուսումնական գործի, մանավանդ ընդունելության քննությունների հարցերը Աշոտյանի իրավասությանը չեն ենթարկվում, այլ՝ փոխնախարար Մ. Մկրտչյանի, որի որոշումները անբեկանելի են նույնիսկ նախարարի համար: Այնպես որ, եթե հանկարծ պարզվի, որ երաշխավորված դասագրքերը հայերեն էլ չեն, այլ, ասենք, չինարեն, ապա նրանք կհայտարարեն, թե դա հայերենի զարգացման նորագույն շրջանի դասագրքեր են:

Հոդվածագիրներն արդարության խնդրանքով դիմում են նաեւ վարչապետին, իսկ երբեւէ մտածե՞լ են, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս է ԳԹԿ-ն հանվել նախարարության ոլորտից եւ կցվել վարչապետին, իսկ Մ. Մկրտչյանը, բացի փոխնախարար լինելուց, նաեւ ԳԹԿ-ի խորհրդի նախագահն է եւ կոորդինացնում է բուհական ընդունելության քննությունները:

Ասում են, թե Մ. Մկրտչյանը սեփական բիզնես-ծրագրեր է իրականացնում՝ սեփական դպրոց ունի, կրթության ոլորտի ղեկավար կադրերի վերապատրաստման դասընթացներ (արդյոք դպրոցի տնօրենների ընթացող որակավորման քննություններից, որոնց հանձնաժողովի անդամ է ինքը, կտրվածները չե՞ն գնում մասնակցելու այդ դասընթացներին: Ո՞վ իմանա):

Ասում են նաեւ, որ Մ. Մկրտչյանին կանաչ ճանապարհ տվողը նավթային օլիգարխներից մեկն է, եւ դրանով է պայմանավորված փոխնախարարի «հզորությունը»: Ուստի եթե դա, իրոք, այդպես է, ապա հոդվածագիրները իրենց դիմումները պիտի ուղարկեին նրան:

Խլղաթյանը, իհարկե, այդ ասեկոսեներին չի հավատում կամ գոնե չի ուզում հավատալ, բայց միաժամանակ հասարակությունը տեսնում է, որ չնայած ամեն տարի հայտարարվում է, թե թեստավորման ու ընդունելության գործը հանձնարարվել է հանրապետության ամենաազնիվ եւ ամենաորակյալ մասնագետներին, իրականում այդ գործերը հաճախ տապալվում են հենց այդ ամենա-ամենաների կողմից: Խլղաթյանը կարող էր անտեսել, չնկատել կամ գոնե մոռանալ անցյալ ամռան դեպքերը, երբ փոխնախարարը ատամներով պաշտպանում էր ամենայն հայոց «թեստագիր» Փ. Մեյթիխանյանին, որի դեմ ըմբոստացել էր լեզվաբանական եւ ուսուցչական ողջ հասարակությունը: Բայց ի՞նչ եղավ հետո: Ռուս պետական գործիչ Չեռնոմիրդինն ասել է. «Ուզում էինք, որ լինի լավ, բայց ստացվեց ինչպես միշտ»: Փ. Մեյթիխանյանի աչքի վերեւի ունքը ցույց տալու փոխարեն նրան նվիրեցին 7-9-րդ դասարանների դասագրքերի հեղինակությունը: Ասում են, թե նախարարության «հաղթեցրած» այդ դասագրքերի հեղինակը նա է: Այդպես գոյացավ «Փառամանուկ» տանդեմը:

Ստացվում է, որ մրցույթները կազմակերպում են հատուկ ծառայությունների համար այս կամ այն մարդուն պարգեւատրելու նպատակով: Դպրոցական դասագրքերի հեղինակ Դ. Գյուրջինյանը միամտորեն թերթի էջերն է լցնում: Դրանից միայն մեկ օգուտ կա՝ բարձրանում է «Հրապարակ» թերթի վարկանիշը: Ուրիշ ոչինչ:

«Ագռավի խնամին

կաչաղակը կլինի»

Ի՞նչ էր անհրաժեշտ «Փառամանուկ» ծրագիրն իրականացնելու համար, իհարկե, յուրայինների, կամակատարների մի խումբ հավաքել, որը լռելյայն կաներ՝ ինչ կհրամայեին: Իսկ պահանջը հստակ էր՝ մինչեւ վերջ հասցնել 7-9-րդ դասարանների հայոց լեզվի դասագրքերի դեմ ուղղված դավադրությունը: Դավադիրներն իրենց սիրելի շագանակները միշտ էլ ուրիշների ձեռքերով են կրակից հանում: Եթե հավաքածո հանձնախմբին հավատանք, ապա ավելի ազնիվ, ավելի թափանցիկ եւ անկողմնակալ մրցույթ՝ Հայաստանի պատմության մեջ չի եղել: Դավադրությունը՝ նշված դասագրքերի դեմ, սկսվել է անցած սեպտեմբերին, երբ այդ դասագրքերը պիտի վերահրատարակվեին: Փոխնախարար Մ. Մկրտչյանը հրավիրում է հեղինակին եւ ասում, թե որոշված է վերահրատարակումը տեղափոխել հաջորդ տարի, իսկ մինչ այդ պետք է հանդիպել ուսուցիչների հետ, լսել նրանց կարծիքները եւ, որ ամենակարեւորն է, 30 տոկոսով բեռնաթափել դասագիրքը: Դա, իհարկե, անիրագործելի էր, քանի որ այդ դեպքում 2-3 խոսքի մաս պիտի դուրս թողնվեին ուսուցումից: Հանդիպումներ ուսուցիչների հետ, իհարկե, չեն կայացել: Դրա փոխարեն Հայաստանի բոլոր շրջանների դպրոցներ են ուղարկվում հարյուրավոր հարցաթերթիկներ, որոնց բովանդակությունը չի խոսում կազմողների գիտական եւ մանկավարժական որակների մասին: Այնուամենայնիվ, ուսուցիչները կատարում են վերադասի հանձնարարականը՝ լրացնում եւ Կրթության ազգային ինստիտուտ ուղարկում դրանք՝ իրենց կարծիքներով հանդերձ: Եվ քանի որ կարծիքները հիմնականում դրական էին, գաղտնի էին պահվում: Եղած դիտողությունները հիմնականում ծրագրային բնույթ ունեին: Դա էլ նախարարության մյուս «տրյուկն» էր: 2006թ. մրցույթի հիմքում դնելով հայտնի սկզբունքով հավաքագրած «ծրագրաստեղծ» հանձնախմբի՝ առատ վարձատրության դիմաց կազմած արատավոր ծրագիրը, մրցույթի ավարտից եւ դասագրքերի տպագրությունից հետո այն փոփոխվում եւ ուղարկվում է դպրոցներ: Ստացվում է, որ հեղինակները խախտել են ծրագիրը: Այդ կերպ առաջանում է նոր մրցույթ հայտարարելու անհրաժեշտություն, որից հետո մեթոդիստ եւ մանկավարժ Մ. Մկրտչյանը, իրոք, մեծ վարպետությամբ իրականացնում է «Փառամանուկ» նախարարական գամբիտը: Հավանաբար՝ շախմատային սկզբնախաղի եւ վերջնախաղի մասնակիցները փոխվել են, քանի որ որոշ գործընկերներ ոչ մեկ անգամ Խլղաթյանին հասկացնում էին, որ իր գրքերի մասին նախարարությունում բացասական կարծիք կա, որ դրանք, միեւնույն է՝ չեն անցնի: Հավանաբար՝ այդ կերպ նախապատրաստում էին, հրատարակիչների պայմանավորվածության խախտումով եւ դասագրքերի իրենց խմբաքանակն ունենալով հանդերձ, Խլղաթյանի դեմ դուրս գալու հանգամանքը, իսկ հուսախաբ լինելուց հետո՝ բուռն բողոքները զանգվածային լրատվամիջոցներում:

Ուշագրավ է, որ այսօր բոլորը դասագիրք են գրում, բայց ոչ ոք չի մտածում դա անել նախորդ ժամանակների գրքերի նման: Բոլորը որպես ընդօրինակելի նմուշ ընտրում են նոր սերնդի գրքերը՝ Խլղաթյանի գրքերը: Դրանից էլ նա հանգիստ է: Առջեւից գնացողի գործը միշտ էլ դժվար է լինում: Եվ եթե հետեւորդներն ուշքի գալով արեւի տակ իրենց տեղը գտնելու համար աշխատում են դա անել նախորդի հաշվին, այդուամենայնիվ, չեն կարող ուրանալ առաջնության փաստը:

Ահա թե ինչքան ասելու բան կլինի, եթե Խլղաթյանը խոսի:

Մի՛ դատիր,

որ չդատվես, կամ

արտագրությունը որպես ուղիղ ճանապարհ

Եթե Խլղաթյանը խոսի, ապա շատ բան կունենա ասելու, ինչը նախկինում, մասնագիտական համերաշխությունից դրդված, չէր ասում:

Հիշո՞ւմ եք Է. Հեմինգուեյի «Ծերունին ու ծովը» վիպակը: Ծեր ձկնորսը մի հսկայական օվկիանոսային ձուկ է որսում, կապում իր նավակից, բայց շնաձկներն այնքան են հարձակվում եւ հոշոտում ձկան մարմինը, որ ափ հասնելիս նրանից միայն կմախքն է մնում: Մեր օրերում բավականաչափ տարածված է այդ «կծել-փախչելու» սովորույթը:

Հետաքրքրական է՝ ինչպե՞ս կվարվեիք, եթե մեկը գար եւ արտասաներ.

«Հե՜յ, ճամփաներ, ճամփաներ,

Խոնարհ ու լուռ ճամփաներ,

Ովքե՞ր անցան ձեզանով,

Ու՞ր գնացին, ճամփաներ…» եւ հայտարարեր, թե ինքն է գրել: Եթե ասեիք, թե դա գրել է Հովհ. Թումանյանը շուրջ հարյուր տարի առաջ, ապա ձեզ հավանաբար առարկեր՝ «մի՞թե միայն նա կարող էր գլխի ընկնել այդպես ասելու»: Մոտավորապես նման մի բան ժամանակին կատարվել է Խլղաթյանի եւ իր երկու գործընկերների միջեւ: Երբ նրանց ասվել է, թե իրենց մի գրքի որոշ վարժություններ ուղղակի հիշեցնում են իր դպրոցական դասագրքերի վարժությունների ձեւն ու կառուցվածքը, հետեւել է պատասխանը. «Ինչու միայն Դո՞ւք կարող էիք այդպես մտածել»: Կարծես Ջոուլ-Լենցի կամ Բոյլ-Մարիոտի օրենքների մասին է, որ տարբեր գիտնականներ միաժամանակ հայտնագործել են, եւ օրենքը կոչվել է երկուսի անունով: Այս դեպքում «նույն կերպ մտածվածների» միջեւ տասնյակ տարիների հեռավորություն կա:

Դատարկաբան չլինելու համար Խլղաթյանը կարող էր օրինակներ բերել: Ահավասիկ՝ «Շախմատի ձիու քայլերով գտեք այն երկվանկ բառերը, որոնց հոգնակին կազմվում է «եր» վերջավորությամբ» (Ֆ. Խլղաթյան, Հայոց լեզու 5, 1999թ. էջ 46):

«Շախմատի ձիու քայլերով կարդա ծածկագիրը» (Դ. Գյուրջինյան եւ ուրիշներ, Մայրենի 5, 2006թ. էջ 19): Վարժությունը երեւի շատ է դուր եկել եւ կրկնվել է 6-րդ դասարանի գրքում եւս (Դ. Գյուրջինյան եւ ուրիշներ, Մայրենի 6, 2007թ., էջ 206):

Ձուլական բարդությունների մասին խոսվում է՝ առանց նշելու, որ այդ դասակարգման եւ տերմինի հեղինակը Խլղաթյանն է (Դ. Գյուրջինյան, Ն. Հեքեքյան, Հայոց լեզու 10, 2010թ., էջ 141):

«Երբ հաղորդակցությունն իրականացվում է ասելու եւ լսելու միջոցով, բանավոր է, իսկ երբ հաղորդակցության միջոց ծառայում է գիրը՝ գրավոր է» (Ֆ. Խլղաթյան, Հայոց լեզու 5, 1999թ., էջ 4):

«Բանավոր հաղորդակցությունն իրականացվում է ասելու եւ լսելու միջոցով, իսկ գրավորը՝ գրելու եւ կարդալու» (Դ. Գյուրջինյան եւ ուրիշներ, Մայրենի 5, 2006թ., էջ 6):

Սրանք դեռ ոչինչ, անմեղ բաներ կարող են թվալ այն օրինակների կողքին, որ կբերվեն ստորեւ:

Լեզվաբան Խ. Բադիկյանը, որ հպարտությամբ հայտարարում էր, թե Խլղաթյանի հետ 25 տարվա ընկերներ են, «Ժամանակակից հայոց լեզվի շարահյուսություն» գրքում զետեղում է. «Ըղձական նախադասություններ» բաժինը եւ գրում. «Դպրոցական եւ բուհական դասագրքերում ըղձականը որպես նախադասության հնչերանգային տեսակ, չի նշվում…Դասագրքերում եւ ձեռնարկներում նախադասությունների ըղձական տեսակը ձուլված է բացականչականների միջեւ եւ չի էլ նշվում, որ առանձնանում է նրանից» (Ա. Պապոյան, Խ. Բադիկյան, Հայոց լեզվի շարահյուսություն, Երեւան, 2003թ., էջ 78):

Ըղձական նախադասությունների մասին Խլղաթյանը խոսել է 50 տարի առաջ՝ ուսանողական տարիներին: Հոդվածը տպագրվել է Հեռակա մանկավարժական ինստիտուտի «Տեղեկագրում» (1962թ. հ. 1, էջ 215-239): Ապա մտածելով, թե կարող է աննկատ մնալ գիտական հասարակության կողմից, ընդարձակելով վերատպել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի «Հայագիտություն եւ զուգադրական լեզվաբանություն» գիտաշխատությունների ժողովածուի Դ պրակում (2004թ., էջ 20-41), իսկ դրանից առաջ այդ թեման դրվել է դպրոցական դասագրքերում (Ֆ. Խլղաթյան, Հայոց լեզու 7, 1999թ., էջ 38-41, Հայոց լեզու 8, 2007թ., էջ 33-34): Ճիշտ է, ԳԱ «Լրաբերի» էջերում հանդես գալուց հետո Բադիկյանը գրքի 2-րդ հրատարակության մեջ վերացրել է վերոբերյալ «հայտնագործությունը», բայց դրանից շատ բան չի փոխվում:

Ի՞նչ անուն տալ սրան: Ոմանք աշխատում են նոր խոսք ասել գիտության մեջ (իսկ այդպիսի նորույթներ Խլղաթյանի գրքերում շատ են), իսկ ուրիշները զբաղվում են օրցերեկային թալանով կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «պլեճ անելով»:

Ի բնե լինելով հանդուրժող մարդ՝ Խլղաթյանը չի սիրում հակամարտություններ եւ լռության է մատնել բազմաթիվ փաստեր, որոնք ուղղակի «պլեճի բոստանից» են: Բայց եթե հանգամանքներն ու մարդիկ ստիպում են նրան խոսել, ապա պիտի ասի, որ հիշյալ դաշտում առաջնության դափնին պատկանում է պրոֆեսոր Լ. Եզեկյանին: Երկդիմի Յանուսի դերն ստանձնած հարգելի պրոֆեսորը արտաքուստ Խլղաթյանի հանդեպ ռեւերանսներ է անում, գրքեր նվիրում «Սիրելի ընկերոջս ու բարեկամիս՝ լավագույն մաղթանքներով» մակագրությամբ, իսկ տակից արդեն քանի՜ տարի քանդում է այդ «բարեկամության հիմքերը»՝ պայքարելով նրա դասագրքերի դեմ: Փաստե՞ր եք ուզում: Ահավասիկ…

Շարունակությունը՝ հաջորդ համարում

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ,
պրոֆեսոր Ֆրիդրիխ Խլղաթյանի մտորումները գրի առավ
ՖՐԻԿ ԽԼՂԱԹՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել